Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը եղավ ազատ խոսք». Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումը

Ապրիլ 30,2021 13:57

2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 1356 անձ՝ կոռուպցիոն հանցագործությունների համար: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացնելով 2020-ի տարեկան հաղորդումը՝ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա անդրադարձավ խոսքի ազատությանը՝ ասելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ են մշակել. «Հաճախ սոցցանցերում անորոշ հայհոյանք ենք հանդիպում հրապարակային վայրերում: Այս արարքի նկատմամբ որեւէ հակադարձում չունենք: Ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին ու չունենք համապատասխան արձագանք դրան: Քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց արդեն հատել է կարմիր գիծը մեր երկրում: Մենք հիմա չենք քննադատում, ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս: Սա բերում է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ համապատասխան հարգանքի նվազման: Այսօր կոչերը քրեականացված են, ասենք, ահաբեկչության կոչը: Բայց վիրավորական խոսքը սրանք չեն ներառում»:

Հիմա ուզում են առանձնացնել, որ հանրային ծառայողին վիրավորելը կամ զրպարտելը՝ կապված իր ծառայության հետ, պետք է պատժվի. «Մենք սրանով կոնկրետ սուբյեկտին չենք ուզում պաշտպանել, Պողոս Պողոսյանին չենք ուզում պաշտպանել, պետությունն ենք ուզում պաշտպանել, հանրային ծառայությունը: Այսօր հանրային ծառայողները խուսափում են քաղաքացիական դատարաններ հայցեր ներկայացնելուց ու իրենց իրավունքները պաշտպանելուց: Պետությունը պետությանը չի պաշտպանում, բաց դաշտ է մնում…Ազատ խոսքը անքակտելի հիմնական իրավունք է, ոչ ոք չի վիճարկում: Մենք պետք է ընդունենք, որ ազատ խոսքի իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետք է ունենա սահմաններ, թե որքանով են դրանք համադրելի հանրային անվտանգությանը, բարոյականության նորմերին, այլ անձանց պատվին ու արժանապատվությանը: Մենք չունենք այդ համաչափ գծերը: Մեր նախաձեռնությունը քննադատում են, ասում են՝ սա կարող է դառնալ ազատ խոսքի սահմանափակում, ուզում եմ հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը եղավ ազատ խոսք: Եթե որեւէ մեկը կասի, որ հայհոյանքը ազատ խոսքի դրսեւորում է, ես ասելիք չեմ ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930