Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պարտքն էր անել ոչ միայն այն, ինչ մեր պարտականությունն էր, այլև ցանկացած աշխատանք՝ մեր ուժերից վեր». Գեղամ Խաչատրյան

Ապրիլ 30,2021 14:11

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռազմական բժիշկը վիրավորներին օգնություն ցույց տալու համար ամենաթեժ կետերում լինելն իր պարտքն է համարել

ԵՊԲՀ սովորողները, մասնակցելով Արցախի դեմ իրականացվող պատերազմին, վերահաստատեցին, որ ընտրելով բժշկի, ռազմական բժշկի ուղին՝ ծառայում են մարդկանց ու հայրենիքին: Գտնվելով կյանքի և մահվան սահմանագծին՝ փաստում են՝ պատերազմը փոխել է նրանց առաջնահերթություններն ու աշխարհընկալումը:

Ճառագայթային ախտորոշման ամբիոնի կլինիկական օրդինատոր, ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը բժշկի առաքելությունն  իրականացրել է «Եղնիկների» զորամասում, որտեղ պատերազմից առաջ՝ 3 տարի ժամկետով որպես բուժծառայության պետ անցել է նրա ծառայությունը:

«Արդեն հարազատ դարձած զորամասում վերականգնվեցի նույն պաշտոնին՝ իրականացնելով բուժծառայության կազմակերպում»,-պատմում է կամավոր պատերազմ մեկնած ռազմական բժիշկը, որն անմիջական մասնակցություն է ունեցել մարտի դաշտից վիրավորների տարհանմանը, բուժօգնության տրամադրմանն ու հոսպիտալներ տեղափոխմանը:

Ռազմական բժշկի խոսքով՝ խաղաղ պայմաններում ևս սահմանային զորամասերում ծառայությունն ավելի դժվար է, քան հոսպիտալներում:

Պատերազմի ժամանակ աշխատանքը կրկնակի ծանր է: «Այդ ամենը հնարավոր է պատկերացնել միայն անմիջական մասնակցություն ունենալու պարագայում: Փոխվում է մտածելակերպը, այլևս դադարում ես մտածել անձիդ մասին: Չնայած անմիջական մասնակցություն չենք ունենում մարտերին՝ բժշկի պարտքն է վիրավորներին օգնություն ցույց տալու համար լինել ամենաթեժ կետերում, քանի որ հայրենիքի պաշտպանների կյանքերի փրկության պարտականությունը դրված է մեզ վրա»,-նշում է նա:

Չնայած ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունվելուն՝ Գեղամ Խաչատրյանի երազանքը ռազմական բժիշկ դառնալն էր: «Ինձ հոգեհարազատ են զինվորական համազգեստն ու պատասխանատվությունը: Այդ պատճառով, օգտագործելով ինձ ընձեռված հնարավորությունը, 3-րդ կուրսում տեղափոխվեցի Ռազմաբժշկական ֆակուլտետ: Երբեք չեմ զղջացել այդ ընտրության, անցած դժվարությունների համար: Հպարտ եմ, որ իմ ծառայությունն անցել է սահմանային համարվող «Եղնիկների» զորամասում»,-շեշտում է նա:

Գեղամ Խաչատրյանը թեժ մարտերի ժամանակ իր բուժկետը ծավալել է զորամասին մոտ գտնվող եկեղեցու տարածքում: «Ավիացիոն հարվածների արդյունքում այդտեղ ոչ մի կայուն շինություն չէր մնացել: Ես ամեն վայրկյան սպասում էի, որ եկեղեցին էլ թիրախ կդառնա, սակայն ի զարմանս ինձ, այն մինչև վերջ կանգուն մնաց»,- ընդգծում է նա:

Փաստ է՝ բուժծառայությունն ամենախոցելի օղակներից մեկն էր այս պատերազմի ժամանակ. թշնամին թիրախավորում էր ոչ միայն վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաները, այլև հիվանդանոցներն ու հոսպիտալները: Սակայն այդ ամենն անտեսելով՝ գիտակցաբար սահման հասած բժիշկները` որպես մասնագետներ և հայրենիքի պաշտպաններ, հավատարիմ են մնացել իրենց երդմանը: «Յուրաքանչյուր զինվորի կյանքի փրկությունն անբացատրելի զգացողություն, երջանկություն էր պարգևում»,-ընդգծում է ռազմական բժիշկը՝ հավելելով, որ մասնագիտական որակների հետ մեկտեղ, բժիշկը պետք է լինի հայրենասեր և անձնազոհ: «Պատերազմի ժամանակ ամեն ինչ այլ է: Մեր պարտքն էր անել ոչ միայն այն, ինչը մեր պարտականությունների սահմանում էր, այլև ցանկացած աշխատանք՝ մեր ուժերից վեր»,-ասում է ռազմական բժիշկը:

Պատերազմը փոխել է սովորողի աշխարհայացքը. այն, ինչ նախկինում կարևոր էր թվում, այժմ դարձել է անկարևոր, և հակառակը:

Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո Գեղամը պատրաստ է իր ծառայությունը շարունակել այնտեղ, որտեղ դրա կարիքը կլինի: «Պատրաստ եմ մասնագիտական առաքելությունս շարունակել Արցախում՝ ցանկացած իրավիճակում՝ պատերազմական, թե խաղաղ պայմաններում: Այն գիտակցումը, որ որևէ մեկը քո օգնության կարիքն ունի, հանգիստ չի տալիս: Պատերազմի 3-րդ օրն եմ հասել սահման: Այդ ժամանակահատվածն ինձ համար ծանր էր և ոչ պատվաբեր»,-եզրափակում է բազմաթիվ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը, որը կամավորագրվել և Արցախ է մեկնել իր համակուրսեցների՝ անմահացած ռազմական բժիշկներ Հարություն Չոբանյանի և Արամայիս Հայրապետյանի հետ:

Ռազմական բժիշկը վիրավորներին օգնություն ցույց տալու համար ամենաթեժ կետերում լինելն իր պարտքն է համարել ԵՊԲՀ...

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Thursday, April 29, 2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930