«Երեկ խոսվեց սահմանային շերտի մասին։ Սահմանային շերտն ու սահմանային գոտին տարբեր հասկացություններ են։ Համաձայն չեմ մոտեցումների հետ, որ սահմանային հարցերը կապում ենք վարչատարածքային բաժանումների հետ։ Դա խախտում է քաղաքացիների իրավունքները»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «2020թ․-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի տեղակալի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Սյունիքում սահմանային շերտ պետք է ստեղծվի։
Արման Թաթոյանը նշեց․ «Այո, ամեն պետություն ունի սահմանային շերտ եւ գոտի, դա կիլոմետրով նախատեսված է։ Միջազգային կառույցներից ինձ հարցնում են՝ իրենց սահմանն է, բա որտե՞ղ կանգնեն ադրբեջանցիները։ Ես էլ հարց եմ տալիս՝ ո՞վ է ասել, որ իրենց սահմանն է։ Իրենք բերում են 70-80-ականների քարտեզներ ու GPS-ով ասում՝ «սա մերն է, սա էլ ձերն է, դե գնացեք»․․․չհասկացա, բա 20-ականների քարտեզն էլ մենք պետք է բերենք։ Ըստ դրանց՝ Ալ լճերը մերն են եղել, ՀՀ-ի կազմում են, իսկ Կապանի տարածաշրջանում 21 գյուղ է եղել»։
Արման Թաթոյանը շարունակեց․ «Արխիվային փաստաթղթերն են վկայում, որ 1920-ականներին ադրբեջանցիները նույն քաղաքականությունն էին վարում՝ անընդհատ հարձակումներ էին գործում մեր գյուղացիների վրա, իրենց բնակիչներին սովորեցնում էին անընդհատ բողոքներ գրել մեր գյուղացիների վրա, հողերը վաճառում էին մեր գյուղացիներին, իսկ հետո գալիս հետ վերցնում։ Անգամ սահմանային վեճեր քննող հանձնաժողովների զեկույցներում՝ Ակսել Բակունցի միջնորդություններում, ակնհայտ նկարագրվում են խախտումները։ Հանձնաժողովականների վրա են անգամ հարձակումներ եղել։ Մի անգամ էլ նման դեպքի համար ադրբեջանական կողմից մեկ անձ պատասխանատվության է ենթարկվել»։
Արման Թաթոյանը պնդեց դիրքորոշումը, որ Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի, որը սահմանային շերտի հետ կապ չունի եւ որը ենթադրում է, որ ադրբեջանցիները պետք է հավաքեն դրոշներն ու ցուցանակները, որոնց ներկայությունը հայ ազգաբնակչության իրավունքների խախտում է, եւ հեռանան։ «Մենք ԱԱԾ-ի հետ էլ ենք համագործակցում, եւ ես իմ քաղաքականությունն եմ տանում՝ որպես ՄԻՊ։ Ի՞նչ է լինելու մեր քաղաքացու իրավունքների վիճակը, եթե օրինակ, ադրբեջանական վերահսկողության ճանապարհահատվածում Գորիսից Որոտան գնալիս վթար տեղի ունենա։ Ադրբեջանցիները պետք է հեռանան այդտեղից, դա իրենց տարածքը չի։ Որեւէ տեղ դա ամրագրված չէ, նրանց ներկայությունն իրավական բնորոշումից զուրկ է, նրանք այդտեղ են հայտնվել պատերազմի սպառնալիքով»,-հավելեց ՄԻՊ-ը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ