Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ որեւէ մեկը կարող է պնդի, որ Արծրուն Հովհաննիսյանը չի՞ իմացել՝ ինչ է խոսում». Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է բերել՝ ստախոս պաշտոնյաներին պատժելու

Ապրիլ 30,2021 13:15

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու նախագիծ, որը առնչվում է ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի «հաղթելու ենք» քարոզչությանը:

Նախագծով պատգամավորն առաջարկում է, որ իշխանությունից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով սխալ, խեղաթյուրված տեղեկատվություն ստանալու դեպքում տվյալ պաշտոնյան քրեական պատիժ կրի: Նա ասաց, որ հիմա որպես խոսնակ խոսում են ու պատասխան չեն տալիս իրենց ասածի համար. «43 օր շարունակ ՊՆ լիազորված անձը, որն այսօր, ըստ շրջանառվող լուրեի, արդեն իսկ իր հանգիստը վայելում է Հայաստանից դուրս, 43 օր շարունակ ասում է՝ մենք պատերազմը հաղթում ենք, ապատեղեկատվություն է մատուցվում ամենաբարձր մակարդակով ու հետո պարզվում է՝ մենք ոչ միայն չենք հաղթել, այլեւ պարտվել ենք ամենախայտառակ ու ամենաողբերգական ձեւով: Սրա իմաստն այն է, որ պետական ծառայողը զսպվածություն ունենա, պատասխանատվության զգացում ունենա: Արծրուն Հովհաննիսյանը չի եղել ճաշարանի «պովրը», լիազորված անձ է եղել, հելել 43 օր հայտարարել է՝ հեսա սա ենք անում, նա ենք անում ու պարզվում է՝ այսքան զոհ ունե՞նք…Բացահայտ ստախոսությամբ է զբաղվել Արծրուն Հովհաննիսյանը եւ այլ պաշտոնյաներ ու հիմա ազատության մեջ են»:

Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ շատ ծնողներ հուզված սպասում են, թե «բա խաբեբաներին ինչի՞ չեն պատժում». «Այս նախագիծն ուղղված է հենց այդ խաբեբաներին պատժելուն»:

«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ներկայացված տեղեկատվությունը քարոզչական տարրեր է պարունակել ու ուղղված է եղել հակառակորդին: Գեւորգ Պետրոսյանը զարմացավ. «Այդ տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում այդ նույն մարդը հիմա կարող է հելնի ասի՝ ժողովուրդ ջան, մենք պրոբլեմ չունենք, հենց հիմա Թուրքիան գրավում ենք: Ասի՝ քարոզչական բան է, բա ձեռի հետ Թուրքիային չվախեցնե՞նք: Ժողովուրդն էլ ոգեւորվի, հելնի գնա, ու ոչ թե 7000, այլ՝ 17 հազար զոհ ունենանք: Իրենք պետք է հաշվարկեին այդ տեղեկատվության օգուտն ու վնասը»: Ըստ նրա, այդ հնարը կարելի է կիրառել, բայց ոչ մարդկային կյանքերի հաշվին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այսպես հարցը չեն կարող լուծել, շրջանակը շատ լայն է: Օրինակ, Խորենացու հետ ընկեր լինելը հանրությանը հետաքրքրող հա՞րց է: Տվյալ ձեւակերպման դեպքում ցանկացած հարց կարող է դիտարկվի՝ որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց:

Պետրոսյանն արձագանքեց՝ միանգամից ասեք՝ դեմ ենք քվեարկելու, վերջացրեք: Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ «փակում» են այդ հարցը, նոր լրացման անհրաժեշտություն չկա:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե որոշակի ձեւակերպումներ են ուզում, ապա Քրեական օրենսգրքի բազում հոդվածներ պիտի ուժը կորցրած ճանաչեն. «Գրված է՝ ուրիշի գույք, մարդը, որն իր կնոջ ոսկեղենը գողանում է, կարա ասի՝ արա ախպեր, իմ կնիկն ա, մեռնեմ իրա ջանին, մենք սաղ օրը մեռնում ենք իրար ջանին, դա ուրիշի գույք չի: Այսպես ՔրՕրի 80%-ը պիտի ուժը կորցնի…Որոշում կա իմ նախագծին դեմ քվեարկել՝ ցավներդ էլ տանեմ, դեմ քվեարկեք: Բայց վիրավորված եմ: Այստեղ որեւէ մեկը կարող է պնդի, որ Արծրուն Հովհաննիսյանը չի՞ իմացել ինչ է խոսում: Չեմ կարող հարգել այդ կարծիքը: Նիկոլայ Բաղդասարյանն ասում է՝ ես դեմ եմ քվեարկելու, բայց Բաղդասարյանը որ «կողմ» քվեարկի, դա նույն բանն է, որ պարանով գցեմ, համալիրը քաշեմ այստեղ»:

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930