«Ադրբեջանի իշխանությունը թուրքական իշխանության լայն աջակցությամբ ներկայումս մեր վերաբերյալ տարածում է ապատեղեկատվություն՝ փորձելով ստեղծել կարծրատիպ, թե իբր այս տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է, կոնֆլիկտներն ավարտված են, եւ գնում ենք դեպի խաղաղություն»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «2020թ․-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա շեշտեց․ «Նախ, կարծում եմ, մենք չպետք է թողնենք, որ խաղաղության համար պատասխանատվությունն ընկնի միայն մեր վրա եւ խաղաղության հարցերը քննարկվեն մեր ժողովրդի իրավունքների, մեր արժանապատվության հաշվին․ միակողմանի, մեկ կողմի հաշվին խաղաղություն չի լինում։ Չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ, որովհետեւ իմ փորձն ապացուցում է՝ «խաղաղասիրական» ծրագրերին զուգահեռ միշտ էլ ընթացել են խոշտանգումներ, դաժանություններ եւ այլն։ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը որպես օրինակ։ Գլխավոր բանալիներից մեկն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ դա հանցագործությունների կանխման ոսկե կանոններից է։ Եթե հանցագործը չի պատժվում, հանցանքը կրկնվում է ավելի դաժան ձեւով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ