Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նոր նախագծով նախատեսվում է փոփոխության ենթարկել բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 30,2021 10:44

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է չսպասել ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան ուղարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի քննության ավարտին. հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը կրճատելով եւ 32-ից կամ 24-ից դարձնելով 20:

Առաջարկվող նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 անդամ (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 անդամ (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%) ։

Նշենք, որ բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի: Իսկ առայժմ գործող որոշման համաձայն՝ կառավարության, նախարարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները խորհրդում ընդգրկվում են համամասնորեն՝ 25-ական տոկոս:

Փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

«Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրամների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով»,- նշված է հանրային քննարկման դրված նախագծում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է համակարգի կայունությունն ապահովելու միջոցով բարեփոխումներին նպաստող միջավայր ձևավորելը։ Որպես այդ նպատակի ապահովման միջոց առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան: Իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նորմը բխում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներից:

Նկատենք, որ ներկայացվածության առաջարկված բաշխվածության մեջ պահպանվել է միայն ուսանողական համակազմի բաշխվածությունը՝ 25 տոկոս, քանի որ, այդ թիվը հստակ սահմանվում է «Կրթության մասին» օրենքով, եւ այս դեպքում Կառավարությունը՝ որպես հիմնադիր, իրավասություն չունի փոփոխության ենթարկելու այն:

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն անդրադառնալով Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու նպատակով ՍԴ ուղարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքին, ասաց, որ նախագահի դիմումն արդեն նախնական ուսումնասիրման փուլում է: 20-օրյա ժամկետում որոշում կկայացվի՝ այն կմտնի՞ դատաքննության փուլ, թե՝ ոչ:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930