Մենք կիսում ենք մեր երկրի լավագույն ապագայի տեսլականը․ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին
Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։
Ինչպես ապրիլի 27-ին Լոռու մարզում Լիտվական անտառի հանդիսավոր բացման արարողության ժամանակ բնապահպանների հետ զրույցում խոստացել էր նախարարի պաշտոնակատարը, նրանց հանդիպման է հրավիրել։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողները։
Ցանկացած ժողովրդավարական պետության համար առաջնային են օրենքի գերակայության և օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության խնդիրները: Եթե կա մի հարց, որը վերաբերվում է բնապահպանությանը, շրջակա միջավայրին և առնչվում է հանրության մի շերտի, բնականաբար գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կիզակետում, և մենք՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչություն, պարտավոր ենք լսել ու քննարկումներ ծավալել։ Հենց այս համատեքստում էլ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը չափազանց կարևորում է, բնապահպանական խնդիրներով իրապես մտահոգ ու իրենց մղումներում ազնիվ քաղաքացիների դերը։
Նախարարի պաշտոնակատարը լսեց ներկաների մտահոգությունները, քննարկվեցին՝ ինչ կարելի է անել՝ տնտեսվարողների և շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու և Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։
Խոսել են ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախարարի պաշտոնակատար Պետրոսյանի նշանակումից ի վեր մեկնարկած խորքային օրենսդրական բարեփոխումների մասին։
Այս պահին մշակվում է ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը, փոփոխություն է կատարվում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգվում է բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում։ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։
«Ես՝ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ և շրջակա միջավայրի կառավարման ու պահպանության ոլորտի քաղաքականությունը մշակող գերատեսչության ղեկավար, ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդման և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրություն