Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծը ոչ մի կերպ չի կարող ազդել Զինված ուժերի վրա, քանի որ այդ մարդիկ ՀՀ-ն լքել են դեռևս տասնամյակներ առաջ
«Իմ կարծիքով՝ այստեղ բարոյական տեսանկյունից հնարավոր է խնդիր առաջանալ: Նույն կարգավիճակում գտնվող անձինք ժամանակին գումար են վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, իսկ այսօր բոլորը ստանում են հնարավորություն առանց գումարի ուղղակի համաներվելու»:
Հարցին՝ համաներումը կարո՞ղ է բերել նրան, որ այդ քաղաքացիները, ովքեր առաջ քրեական պատասխանատվությունից խուսափելով չէին գալիս Հայաստան, այժմ կվերադառնան հայրենիք, Պետրոսյանցն ասաց.
«Չեմ կարծում, թե կվերադառնան մշտական բնակվելու համար: Կարող են գալ Հայաստան, տեսնել իրենց հարազատներին: Այստեղ սոցիալական պայմաններն այլ են: Տասնամյակներ առաջ Հայաստանը լքած մարդկանց ավելի հեշտ է ապրել արտերկրում, քան Հայաստանում: Իսկ ովքեր էլ գումար ունեն, տարիներ առաջ արդեն գումարը մուծել են և ազատվել են քրեական պատասխանատվությունից»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն տեսակետին, որ քաղաքացիները հնարավոր է շարունակեն խուսափել ծառայությունից, մտածելով, որ տարիներ անց, միգուցե, կրկին կլինի համաներում և իրենք կխուսափեն քրեական պատասխանատվությունից, ռազմական փորձագետը նշեց, որ անկախ ամեն ինչից, եթե մարդը չի ցանկանում ծառայել, նա չի ծառայելու, կապ չունի՝ համաներում կլինի, թե՝ ոչ:
Հարցին՝ զինծառայությունից խուսափած՝ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ՝ համաներումը, թե՞ որոշակի գումարի դիմաց քրեական հետապնդման դադարեցումը, Պետրոսյանցն ասաց, որ ճիշտ ու սխալ չի կարող ասել. «Բայց էլի եմ ասում, այստեղ կա բարոյական խնդիր: Մարդիկ ժամանակին մեծ գումարներ են վճարել համաներում ստանալու համար, հիմա ուղղակի ստանալու են»:
Խոսելով մեխանիզմների մասին, որոնց միջոցով կարելի է այնպես անել, որ ծառայությունից խուսափողների թիվը գնալով պակասի, փորձագետը նկատեց, որ տարիների ընթացքում մեր պետությունը չկարողացավ ստեղծել պետական մտածողություն ունեցող քաղաքացիներ.
«Ոչ մի օրենք, ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, ոչ մի իրավական կարգավորում չի կարող հասնել նրան, որ մենք այս խնդիրը լուծենք: Մենք պետք է ունենանք պետական մտածողություն ունեցող կառավարման համակարգ և այդպիսի մտածողություն ունեցող քաղաքացիներ: Երբ կունենանք դա, նոր կարելի է այս հարցի մասին մտածել ու խոսել»:
Հրաչյա Պետրոսյանցը հավելեց՝ Հայաստանում ժամկետային ծառայությունը պարտադիր է և պետք է միշտ լինի. «Մենք ուղղակի իրավունք չունենք հրաժարվել ժամկետային ծառայությունից, որովհետև այն մեզ տալիս է զինվորական մասնագիտություն: Իսկ հետագայում, թե որ զինվորը կցանկանա շարունակել իր ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող, դա արդեն այլ հարց է: Պետք է ստեղծվի այնպիսի համակարգ, որը հարմար կլինի մեր բանակին»:
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում