Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կադրերի վերափոխումը

Ապրիլ 30,2021 10:00

Ժամանակին մի դաժան ղեկավար կար, որը թեեւ առանձնապես գրագետ չէր, բայց անվիճելիորեն խելացի. նա պնդում էր, որ կադրերն են որոշում ամեն ինչ: Չգիտեմ, թե որքանով են որոշում, բայց հաստատ կարելի է ասել, դրանք ինչ-որ բանի ցուցիչ են, ինդիկատոր: Այդ առումով հետաքրքիր է հետեւել վերջին երեք տարվա «կադրային էվոլյուցիային»:

Բարձր եմ գնահատում Դավիթ Անանյանի, Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանի, Սմբատ Գոգյանի, Սարհատ Պետրոսյանի, եւս մի քանի հոգու՝ պետությանը ծառայելու ջանքերը: Նրանք բոլորն անկեղծորեն հավատում էին, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ իրենց ծառայությամբ կարող են նպաստել, որ փոփոխությունները դառնան անշրջելի: (Խոստովանեմ, որ ես էլ, հեղափոխական էյֆորիան չկիսելով, սկզբնական շրջանում որոշակի հույսեր ունեի): Հետո նրանք տարբեր պատճառներով եւ տարբեր բացատրություններով դուրս են եկել Հայաստանի պետական համակարգից:

Այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք առայսօր պահպանել են իրենց պաշտոնները, առավել եւս նրանք, ովքեր ստանձնել են դրանք պարտությունից հետո՝ այդ մարդկանց ձգտումներն իմ մեջ նույն միանշանակ վերաբերմունքը չեն առաջացնում: Վստահ եմ, որ նրանց մեջ չկան անմեղսունակ մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պարտված իշխանության մաս կազմելը վարկաբեկիչ է:

Պատգամավորների մեջ նույնպես անմեղսունակներ չկան: Հարգանքի են արժանի նրանք, ովքեր դուրս են եկել «Իմ քայլից» կամ վայր են դրել մանդատները: Կարող եմ հասկանալ նաեւ նրանց, ովքեր մնացել են, բայց գոնե չեն խոսում՝ դրա համար բավարար խիղճ, ամոթ ունեն: Իսկ նրանք, ովքեր մնացել են եւ խոսում են, հոխորտում են, աքլորանում են… դե, եկեք մարդկանց շատ խիստ չդատենք: Համենայնդեպս, երբ նրանք ագրեսիվորեն «ջախջախում» են ընդդիմախոսներին կամ խոսում են իրենց իշխանության ինչ-որ «նվաճումների», «հաջողությունների» մասին եւ չեն կարմրում, դա խոսում է ինձ համար անհասկանալի հոգեկան հատկանիշների մասին:

Պետական պաշտոնյա կամ պատգամավոր լինելը, եթե պայմանավորված չէ անձնական նյութական շահով կամ փառասիրությամբ, պահանջում է որոշակի իդեալիզմ, գումարած դրան՝ մտավորական խավին հատուկ որոշակի սնոբիզմի հաղթահարում: Հետեւաբար, այն ժամանակ, երբ կձեւավորվի նոր իշխանություն, վերը թվարկած իդեալիստների պահանջը կրկին կառաջանա, եւ եթե ոչ հատկապես նրանք, ապա նրանց նման մարդիկ դարձյալ մաս կկազմեն պետական իշխանության:

Հարց է, իսկ ի՞նչ եմ ես հասկանում ասելով՝ «նոր իշխանություն»: Շատ պարզ՝ իշխանություն, որը չեն ղեկավարի Քոչարյանը կամ Փաշինյանը: Նրանք արդեն «հին» են եւ, իմ կարծիքով, իրար բավականին նման:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Ինչ վերաբերում է նախկին և ներկա իշխանությունների նմանությանը՝ ասենք Էջմիածնում, Գորիսում և հանրապետության այլ շրջաններում նախկինում կարող է՞ր քաղաքացին առանց տեղական բդեշխի «դաբրոյի» իրենից ինչ-որ բան ներկայացնող բիզնես հիմնել, կարող է՞ր իշխանավորների կամ իշխանության հասցեին սրտի ուզածն հրապարակայնորեն արտահայտել առանց առողջական լուրջ հետևանքների (խոսքի ազատության դրոշակակիրները իմ կարծիքով առաջին հերթին հենց լրագրողներն են): Այս շարքը կարելի բավական երկար շարունակել… Իմ պատկերացմամբ երկրների ղեկավարներին համեմատելիս հիմնականում հաշվի է առնվում նրանց իշխանության օրոք երկրում տիրող բարքերը: Շատ կզարմանամ, եթե գոնե վերը թվարկած երկու օրինակները որևէ մեկը կարևոր չհամարի:

  2. Լավատես says:

    Ասում են, թշնամուց ավելի լավ խորհրդատու չկա, որը քեզնից ավելի լավ գիտի քո իրական թույլ եւ ուժեղ կողմերը եւ թիրախավորում է քո թույլ կողմերը եւ խուսափում քո ուժեղ կողմերից:
    Երբ հայ սփյուռքը համահայկական զորավարժությունների ժամանակ զբաղեցնի պայմանական ‘թշնամու’ դիրքը եւ ‘հարձակվի’ հայ պետության զորքի վրա, այդ ժամանակ կերեւան երկու ‘թշնամի’ կողմերի բոլոր բացթողումներն ու ուժեղ կողմերը:

  3. Քրիստափոր says:

    Եթե պարտություն ասելով պատերազմը ի նկատի ունեք, ապա /իմ կարծիքով/ պետությունն է պարտվել, ոչ թե իշխանությունը․․․ միթե այդպես չէ, և մենք բոլորս այդ Պետության մաս ենք կազմում

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930