Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա միայն գրողի անձնական ձեռքբերումը չէ, այլ երկրի անունն է»

Ապրիլ 30,2021 12:30

Հարցազրույց «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր եւ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի հետ

– Տիկին Աշխարոյան, վերջերս ԿԳՄՍ նախարարության կայքում տեղադրված տեղեկությունից հայտնի դարձավ, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է «Եվրամիության գրական մրցանակի»։ Խնդրում ենք մանրամասնեք։

– «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը 2009թ. հիմնել է «Եվրամիության գրական մրցանակ»։ Նպատակը՝ ի հայտ բերել երիտասարդ աստղերի եւ ներկայացնել նրանց եվրոպական երկրներում։ Ընդ որում՝ ամեն տարվա մրցանակները «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի թարգմանական դրամաշնորհում ունեն առավելություն, այն է՝ մրցանակակիր գործերը կֆինանսավորվեն թարգմանաբար հրատարակվելու համար։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում ժյուրիի կազմը, որը պետք է բաղկացած լինի 3-5 անդամից եւ այդ ժյուրին էլ որոշում է հաղթողին։ Մեկ կարեւոր պայման. յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը ընտրում է «Եվրամիության գրական մրցանակի» հանձնաժողովը։

Ի դեպ, հայաստանյան ժյուրիի կազմը հրապարակվել էր փետրվարին՝ ոչ միայն ԿԳՄՍ նախարարության կազմում, այլեւ «Եվրամիության գրական մրցանակի», «Ստեղծարար Եվրոպա» կայքերում։ Հայաստանյան մասնագիտական ժյուրիի նախագահն է գրող Արմեն Հայաստանցին, անդամներն են հրատարակիչ Մկրտիչ Մաթեւոսյանը («Ակտուալ արվեստ»), գրավաճառ Շաքե Հավանը («Արտբրիջ» սրճարան-գրախանութ), գրական թարգմանիչ Անահիտ Ավետիսյանը եւ ես։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 5 գիրք ենք առանձնացրել։

Դրանք են՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Արամ Պաչյանի «P/F», Անուշ Սարգսյանի «Անոն», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ստեղծագործությունները։ Մայիսի 18-ին կհայտարարվի հաղթող գրքի անունը, հեղինակի մրցանակն էլ կկազմի 5000 եվրո։ Մի շատ կարեւոր պայման եմ ուզում ընդգծել. մրցանակաբաշխությանը ներկայացված գրքի հեղինակը պետք է ունենա նվազագույնը երկու, առավելագույնը՝ արձակի ժանրում հրատարակված չորս գիրք։ Ընդ որում, վերջին հրատարակվածը ընթերցողին ներկայացված պետք է լինի առավելագույնը 18 ամսվա ընթացքում եւ չլինի թարգմանված ավելի քան 4 լեզվով։

– Պայմանները չափազանց սահմանափակ չե՞ն։

– Միանշանակ՝ այո։ Բարդ էր գտնել նման պայմաններին համապատասխանող գրքեր, առավել եւս՝ հաշվի առնելով 2020-ից սկսված ու շարունակվող համավարակը, պատերազմը, վերջինի հետեւանքով ստեղծված վիճակը, որոնք, իհարկե, հետաձգել են բազմաթիվ գրքերի հրատարակումը։

– Նման աղետների դեպքում, ուղիղ ասած՝ արհամարհված չէ՞ գիրքը։

– Իհարկե՝ այո, բայց, այնուամենայնիվ, գրական ոլորտում, ամպագոռգոռ չհնչի, բայց կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում՝ նոր հեղինակների երկերի հրատարակումից մինչեւ թարգմանական լուրջ գործընթացներ։ Այս ամենը կայանում է նվիրյալների աշխատանքի շնորհիվ։ Լավ կլիներ, որ այդ ամենին իր աջակցությամբ մասնակցեր կամ գոնե կարեւորություն տար պետությունը։ Ավելին՝ թե պետության կողմից, թե գրական համայնքների եւ, ինչու ոչ՝ մեդիա դաշտում մեծ հաշվով լռություն է, այն դեպքում, երբ մեր գրողները այնպես չէ, որ հաճախ են մասնակցում նման մրցանակաբաշխությունների, մրցանակներ ստանում։ Իսկ վերջինս շատ կարեւոր է թե երկրի, թե հեղինակի համար, քանի որ հնարավորություն է ստեղծվել ներկայանալ աշխարհին։ Ի վերջո, դա միայն գրողի անձնական ձեռքբերումը չէ, այլ երկրի անունն է, մանավանդ որ՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցելու համար վճար է կատարվում պետբյուջեից։

Մի բան էլ. հիանալի է, երբ մեդիա դաշտը ողողվում է մեր սպորտսմենների հաղթանակների մասին տեղեկություններով, իսկ ինչո՞ւ նման ձեւով չվարվել մշակութային հաղթանակների դեպքում։ Այնպես չէ, որ դրանք մեծաթիվ են։ Կուզեի մի հանգամանքի եւս անդրադառնալ. հաճախ ընթերցողը գրախանութում չի կողմնորոշվում ում կամ ինչ կարդալ։ Ժյուրիի կողմից ընտրված վերջին շրջանի լավագույն հինգ գրքերը բացառիկ առիթ են հրատարակիչների եւ գրավաճառների համար՝ հեղինակներին հավուր պատշաճի ներկայացնելու։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Մնում է՝ շնորհաշատ գրողներին էլ ընդգրկել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930