Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ ՍԴ դիմումի վրա առկա չէ դիմողի ստորագրություն

Ապրիլ 30,2021 13:00

Դատավորների «Հատուկ կարծիքով» անուղղակի ինֆորմացիա ենք ունենում հաճախ չհրապարակված փաստերի վերաբերյալ

Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներիս համար տարիներ շարունակ փակ էին դատավորների «Հատուկ կարծիքները»: Ամենամյա հաշվետվություններում նշվում էր բացառապես թիվ, որը ոչինչ էր, քանի որ բովանդակային մասն էր մեզ հետաքրքրում:
Այսօր արդեն բաց են Հատուկ կարծիքները, հրապարակվում են դրանք, տրվում կողմերին:

«Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը հրապարակվել է: Դիմումատու վարչապետը Սահմանադրական դատարան էր ներկայացրել 2021թ. հունվարի 20-ին: Այն համապատասխանել է գործող Սահմանադրությանը, սակայն այս գործով առկա էր Հատուկ կարծիք, որը դիմումի ընդունման ընթացակարգի խախտման մասին է:

ՍԴ-ն ապրիլի 16-ին հրապարակել է երեք որոշում, որում առկա է եղել ՍԴ հինգ դատավորների Հատուկ կարծիքը: Մի գործով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներից երեքը՝ Հ. Թովմասյանը, Ա. Խաչատրյանը եւ Ե. Խունդկարյանը:

2018 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴ դատավորի կարծիքով, դատարանն իրավասու չէր որոշում ընդունել՝ անկախ բովանդակությունից:

Ըստ ՍԴ մասին օրենքի, պարտադիր է գրավոր դիմումը լինի ստորագրված իրավասու անձի կողմից: Նախատեսված են նաեւ էլեկտրոնային եղանակով դիմումները: Դիմումը պետք է ներկայացվի ՍԴ առանց նախապայմանների: Դատավորը փորձել է բարձրաձայնել էլեկտրոնային եղանակով դիմումատուի կողմից ստորագրված լինելու հարցը, թե ինչ եղանակով է այն ուղարկվել, մուտքագրվել, եթե այն ուղարկվել է ՍԴ էլեկտրոնային հարթակ, արդյոք ի՞նչ կերպ է հերքվում կամ հաստատվում անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, եւ արդյո՞ք ՍԴ-ում համանման պայմաններ կան բոլոր դիմումատուների համար. «Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի ՍԴ դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար»:

Ըստ Հատուկ կարծիքի, տվյալ գործով նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: ՍԴ-ում առկա չէ «Mulberry» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր ներկայացնելու ընթացակարգ, երբեք ֆիզիկական եւ իրավաբանական անձինք նման եղանակով դիմումներ չեն ներկայացրել:

Օրենքով պետական, ՏԻ մարմինները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային փաստաթղթեր, եթե չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, հնարավորություններ:

Դատավորը հղում էր կատարել «ՍԴ մասին» եւ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքներին, համաձայն որի՝ էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կղմից ձեռագիր ստորագրված դիմումը հետեւյալ պայմանների դեպքում. երբ հաստատվել է էլեկտրոնային ստորագրության իսկությունը, չկան բավարար ապացույցներ, որ փաստաթուղթը կեղծվել կամ փոփոխվել է, երբ այն հաղորդվել է կամ տրվել պահպանության:

ՍԴ-ում, կարծում է դատավորը, պետք է առնվազն առկա լիներ աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում առկա է էլեկտրոնային պաշտպանված փաստաթուղթ, իրավական փաստաթուղթ, եւ որ ՍԴ աշխատակազմը ստուգել է դիմողի ստորագրության իսկությունը, պարզելով, որ այն ստորագրվել է դիմողի կամ նրա անունից հանդես եկող իրավասու անձի անունից. «Սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված»: Ի դեպ, բոլոր դատարաններում աշխատակազմերը կարող են որոշակի ընթացակարգ, ժամկետ ապահովել՝ դիմումը, հայցը, բողոքը վերադարձնելու, շտկումներ անելու համար, մի բան, որի մասին առկա չէր ՍԴ-ում:

Այսինքն, մենք գործ ունենք անթույլատրելի հիմքով ՍԴ ուղարկված դիմումի հետ, որպիսի պայմաններում, ըստ Հատուկ կարծիք հայտնող դատավորի, ՍԴ-ն իրավասու չէր ընդունել որոշում:

Վերոհիշյալ գործով Հայաստանը ստանձնել է հետեւյալ պարտավորությունները. ապահովելով յուրաքանչյուր անհատի՝ իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, երաշխավորել, որ Կոնվենցիան չի կիրառվելու անհատի կողմից բացառապես անձնական կամ կենցաղային գործունեության ընթացքում իրականացվող տվյալների մշակման առնչությամբ, ապահովել, որ տվյալների մշակումը համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին եւ մշակման բոլոր փուլերում արտացոլի արդար հավասարակշռություն՝ համապատասխան բոլոր շահերի (լինեն դրանք հանրային, թե մասնավոր) եւ նժարին դրված իրավունքների ու ազատությունների միջեւ ապահովել, որ տվյալների մշակումը հնարավոր լինի իրականացնել տվյալների սուբյեկտի ազատ, կոնկրետ, տեղեկացված եւ հստակ համաձայնության հիման վրա կամ օրենքով սահմանված որեւէ այլ իրավաչափ հիմքով, ապահովել, որ մշակման ենթարկվող անձնական տվյալները մշակվեն արդար եւ թափանցիկ եղանակով, հավաքվեն հստակ արտահայտված, կոնկրետ եւ իրավաչափ նպատակներով եւ չմշակվեն այդ նպատակների հետ անհամատեղելի եղանակով, ինչպես նաեւ ապահովել, որ հանրային շահերից ելնելով՝ արխիվացման նպատակներով, գիտական կամ պատմական հետազոտություններ կատարելու նպատակներով կամ վիճակագրական նպատակներով հետագա մշակումը համապատասխան երաշխիքների առկայության դեպքում լինի համատեղելի այդ նպատակների հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930