Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուշին 1902թ. ապրիլին

Ապրիլ 30,2021 12:00

Ապրիլի 4-ին, Շուշիում, ինչպես մարտ ամսվա սկզբին, գարնանային տաք եղանակը հանկարծակի փոխվել եւ սկսել է ձյուն տեղալ: Մարդիկ նեղսրտած ասել են. «Չորս օր է արեգակի երես չենք տեսնում, վառելափայտը բարձրացաւ, ինչպէս ասում են, եղնիկի եղջերուների գագաթը: Արդէն ծաղկած ծառերը տխուր խոնարհեցրել են իրանց ճիւղերը անակընկալ հիւրի ծանրութեան տակ: Սպասվում է ոչ-զուարթ Զատիկ: Ձուերի թանգութիւն է»:

Ձյան տեղումների հետ նաեւ սաստիկ ցուրտ է եղել: Բալուջա գյուղից երկու հայեր ցրտահարվել են Շուշիքենդից ոչ հեռու՝ «Սալ-աղբյուր» կոչված տեղում. «Ցուրտը այնքան է ազդում խեղճերի վրա, որ նրանք այլեւս չեն կարողանում շարունակել ճանապարհը եւ մնում են ճանապարհի մէջ ընկած ու սկսում են սառչել … Գիւղացիները գնում են, բերում նրանց ու մի կերպ ուշքի բերում ու խեղճերին մահից ազատում: Պատմում են, թէ սաստիկ բուքից Սիղնէք գիւղացի մի հայ բոլորովին ցրտահար է եղել»:

Ս. Չալյանը սրտի կսկիծով ու դառնությամբ է նկարագրել ձյան անակնկալ տեղումները Հերհեր գյուղում. «Ապրիլի 3-ին սաստիկ ձիւն եկաւ, որ տեւեց մինչեւ 5-ը: Տարւայ այս ժամանակին եւ այսպիսի սաստիկ ձիւն հազուադէպ էր այս կողմերում: Արտերը կանաչել էին եւ բաւական երկարել: Խոտը նոյնպէս կարողանում էր կշտացնել անասուններին: Գիւղացիք ուրախ էին, որ կարողացել էին իրանց անասուններին ձմեռվայ ճանկերից ազատել: Սակայն ձիւնի այդպիսի անակնկալ կերպով եւ ահագին քանակութեամբ գալը յուսահատեցրեց, թէ մեր եւ թէ շրջակայ գիւղացիներին: Ապուռի սով էր: Խոտ, դարման վաղուց էին սպառվել: Անասունները օրերով սոված էին մնում գոմերի մէջ: Տէրը իւրաքանչիւր անգամ իր «տաւարի» բառաչը լսելով արտասվում էր, լաց էր լինում … Ցաւալի է: Ձիւնը ահագին վնաս հասցրեց, թէ պտղաբեր ծառերին եւ թէ խաղողի որթերին»:

Շամախիի Սբ Աստվածածին եկեղեցին՝ 1902թ. երկրաշարժից հետո

Եղանակի այդ կտրուկ փոփոխության մասին նաեւ նշվել է Շուշիից մի քանի այլ թղթակցություններում եւս: Մինչեւ ապրիլ ամիսը եղանակը գարնանային էր, բոլոր ծառերը ծաղկել էին եւ դաշտերը զարդարվել վերակենդանացնող բնության հետ, սակայն մեծ քանակությամբ ձյուն է տեղացել. «Ձիւնը համարեա բոլոր ծառապտուղները փչացրել է, այնպէս որ այս տարի յոյս չունենք առատ մրգեղէն ունենալու: Բայց առածն ասում է. «չկայ չարիք, որ իւրեանից չըբերի բարիք»: Այսպէս, ներկայ ձիւնը ամբողջովին կոտորել է Ջիբրայիլի եւ Շուշու գաւառների մի քանի տեղերում մեծ քանակութեամբ բոյն դրած մորեխը: Գիւղացիների ուրախութեանը չափ չկայ»:

Շուշիից մեկ ուրիշ թղթակցությունում կարդում ենք, որ Զատկի ճրագալույցի երեկոյան, կամ ինչպես անվանում են՝ Թաթախման երեկոյին, քաղաքի հայ բնակիչները Ղազանչեցոց եկեղեցու բակում հայ զինվորներին ճոխ կերպով հյուրասիրել են: Թաթախման երեկոյի (նաեւ խթման գիշեր, իրիկուն) ընթրիքը տրվել է պասը վերջանալուց հետո:

Ապրիլ ամսին Շուշիում, հերթական անգամ, հանգանակություն է կազմակերպվել Շամախու կործանիչ երկրաշարժից տուժած հայերի համար: Խ. Մելքումյանը նվիրատուներից հավաքել է 34ռ. 50կ., որ նվիրել են՝ ինքը, Ա. Մեհրաբյանը 2-ական ռուբլի, Հ. Նուրիջանյանը, Մ. Օրբելյանը, Ի. Նուրիջանյանը, Ալեքսին (հույն), Հ. Հակոբյանը, Մ. Թումանյանը, Ն. Պետրոսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Տեր-Մաթեւոսյանը, Կ. Նուրիջանյանը, Հ. Անտոնյանը, Ս. Անտոնյանը, Հ. Ղարախանյանը, Մ. Տեր-Մարգարյանը, Բ. բեկ Մելիք-Փարսադանյանը, Հ. Յուզբաշյանը, Հ. Մանուկյանը 1-ական ռուբլի, Թ. Պետրոսյանը, Խ. Գրիգորյանը, Ս. Գալստյանը, Թ. Հակոբյանը եւ Հ. Տեր-Մարգարյանը 50-ական կոպեկ:

Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, ժամը 9 անց 39 րոպեին Շամախու շրջանում եւ էպիկենտրոնը եղել է Շամախուց մոտ 10 կմ հյուսիս-արեւմուտք: Այն ընդգրկել է բավականին ընդարձակ տարածք, որի ալիքները հասել են մինչեւ Գյումրի, որտեղ թեթեւ կերպով ճոճվել են կախված իրերը: Երկրաշարժից լուրջ կերպով վնասվել եւ կործանվել է ավելի քան 7000 տուն, մեծ չափով տուժել են տեղի հայերը եւ այդ մասին մամուլում գրվել է. «Շամախու հայ հոգեւորականութիւնը կորցրեց իւր տունն ու կահկարասիքը. կորցրեց նաեւ իւր ժողովուրդը, որ այս րոպէից ցրուած է Բագուի եւ այլ նահանգների ամեն անկիւնները: Քաղաքի հայ բնակչութեան ամենավերջին զգալի կորուստը հայոց եկեղեցին էր, որ այս րոպէիս սոսկալի կերպով վտանգուած է: Նոր եկեղեցի կառուցանելու համար մեզ հարկաւոր կը լինի առնուազն 40,000 ռ.: Ամենից շատ վնասուածները հայերից նրանք էին, որոնք ապրում էին հայոց եկեղեցուն կից փողոցներում,… հէնց մեր եւ կից փողոցում ոչ մի տուն չէր մնացել, բոլորն էլ աւերակ էին դարձել: Ահա, դպրոցի բակում, փլատակների միջից դուրս են քաշում թշուառ հայ ուսուցչի այլանդակուած դիակը, իւր աշակերտների դիակների հետ միասին…»: Ավելացնենք, որ Շամախու Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1701թ. եւ 1838թ. սկսած հանդիսացել է Շամախու թեմի առաջնորդանիստը:

Ապրիլի 19-ին, երեկոյան, Սխտորաշեն գյուղի հանդում թուրք ավազակները սպանել են մի հայ երիտասարդի եւ տարել նրա անասունները. «Կատարվեց մի եղեռնագործութիւն: Այդ գիւղի հանդում երկու հայ տղաների վրա, օրվայ վարից յետոյ իրանց եզները արածացնելու ժամանակ, յանկարծ յարձակվում են երեք աւազակներ եւ փորձում են եզները տանել: Տէրերը կամենում են պաշտպանել եւ թոյլ չը տալ, որ տանեն իրանց ապրանքը: Նրանք ընդդիմանում են մահակներով: Գողերը ուշադրութիւն չեն դարձնում եւ քշում են եզներից մի քանիսը, բայց տէրերը հակառակում են: Դիմադրութիւնը գրգռում է գողերին. նրանք հրացան են արձակում եւ վիրաւորում հայերից մէկին աջ կողքից: Միւսը փախչում է: Աւազակները եզներից չորսը տանում են: Վիրաւորվածը 10 օր հիւանդ մնալով՝ մեռնում է, թողնելով իր անպաշտպան ծերունի հօրը եւ նորատի կնոջը, որի հետ ամուսնացել էր 2 ամիս առաջ»:

Եվ վերջում, ապրիլի 29-ին, Կ. Գալֆայանը Խանդամիրյանի թատրոնի դահլիճում երրորդ անգամ բեմ է դուրս եկել եւ ներկայացրել է Շիլլերի «Աւազակները» դրաման ու Ա. Դյումայի ստեղծագործություններից մեկը: Նշենք, որ նա մինչ այդ խաղացել էր «Օթելլո» եւ «Համլետ», որի ժամանակ դահլիճը սրտաբուխ ծափահարությամբ նրան 4-5 անգամ բեմ էր հրավիրել: Այդ ներկայացումներին ներկա է եղել գավառապետը, թատրոնի դահլիճի տնօրեն Խանդամիրյանը, Ռեալական դպրոցի ուսուցիչները եւ այլք:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Խանդամիրյանի թատրոնի շենքը՝ 1905թ. հրդեհից հետո

«Առավոտ» օրաթերթ
29.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930