Լրահոս
Օրվա լրահոսը

37 երեխայի կարող են որդեգրել: Այդ երեխաներից հրաժարվել են

Ապրիլ 30,2021 13:30
mankatun

Մանկատները բեռնաթափելու կառավարության ծրագրերը վերջին մի քանի տարում տեղից չեն շարժվում: Մինչ այդ գոնե որոշ փորձնական ծրագրեր կատարվում էին, ինչի արդյունքում մանկատանը խնամվող երեխան վերադարձվում էր կա՛մ կենսաբանական ընտանիք կա՛մ՝ խնամատար: Այսօր, սակայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կրկին հայտնվում են մանկատներում: Ճիշտ է նրանցից մեծ մասի ծնողները, հարազատները երեխաներից չեն հրաժարվում, որպեսզի պետությունը չկարողանա երեխաներին որդեգրման տալ եւ նրանք այդպես էլ մանկատանն են մեծանում, բայց մանկատան խնամքին հանձնված երեխաներից ոմանք համարվում են որբ եւ ենթակա են որդեգրման, քանի որ նրանցից ծնողները կամ հարազատները հրաժարվել են:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է, թե որդեգրման ենթակա քանի երեխա կա մեր երկրում: Ընդհանուր առմամբ, որդեգրման ենթակա է 37 երեխա, որից 16-ը աղջիկ: 37 երեխաներից 15-ը մնացել են առանց ծնողական խնամքի՝ չնայած, որ երկու ծնողներն էլ կան: Երկկողմանի ծնողազուրկ են 3 երեխա: Միայնակ մոր 9 երեխա կա որդեգրման ենթակա: 37 երեխաներից 9 երեխա էլ մնացել է առանց ծնողական խնամքի: Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ծնողի 1 երեխա կա, որը նույնպես ենթակա է որդեգրման:

Նրանցից 6-ը մինչեւ 6 ամսական են: Երեխաներից 9-ը՝ մինչեւ մեկ տարեկան են: Մեկ տարեկանից մինչեւ 6 տարեկան 11 երեխա կա որդեգրման ենթակա: Կոմիտեի հրապարակած տվյալներից նաեւ տեղեկանում ենք, որ 3 երեխա էլ 6 տարեկանից մինչեւ 10 տարեկան է:

Երեխաների խնամքի տներում 10-ից մինչեւ 15 տարեկան չորս երեխա կա որդեգրման ենթակա: 4 երեխա էլ 15-ից 18 տարեկան են: Որդեգրման ենթակա երեխաներն ամենաշատը Երեւան քաղաքում են: 37 երեխաներից 26-ին Երեւանում են լքել, որից 13-ը աղջիկ երեխաներ են: Գեղարքունիքի մարզից 3 երեխայից են հրաժարվել: Կոտայքից 6 երեխա կա որդեգրման ենթակա: Շիրակի եւ Սյունիքի մարզերից յուրաքանչյուրից 1 երեխա կարող է որդեգրվել:

Որդեգրման ենթակա 37 երեխաներից 17-ն առողջ են, 20-ն ունեն առողջական խնդիրներ, որից հաշմանդամություն ունեցող են 3 երեխա:
Կոմիտեն հրապարակել է նաեւ որդեգրողի թվաքանակը: Համաձայն այդ տվյալների ներկայումս 137 քաղաքացի ցանկանում է երեխա որդեգրել: Նրանցից 94-ը Հայաստանից են, երկուսը՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներ, երկու քաղաքացի էլ Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են, 39-ն էլ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Լուսինե ջան, ինչքան տխուր և սոցիալական դժվար լուծելի խնդիրներ կան, դրանց մասին ես գրում ; Առավոտը բացվել է։ Հետն էլ “Առավոտն” եմ բացել և միանգամից 2 տխուր նյութեր եմ կարդում՝ հոգեկան խնդիրներով տառապողների և մանկատան երեխաների մասին ։ Մի փոքր երկրում 2 մեծ խնդիր, որին արձագանքող էլ չկա։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930