Aravot.am-ը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց, թե հաջողվո՞ւմ է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը և առհասարակ ի՞նչ հոգեվիճակում են սահմանամերձ համայնքների բնակիչները, դեռ կա՞ լարվածություն նրանց մոտ։
Բագրատ Սրբազանն ասաց․ «Ինչպես Հայաստանի մյուս բոլոր բնակավայրերն, այնպես էլ մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և նաև վիրավորներ, անհայտ կորածներ։ Եվ իրենց ընտանիքների՝ որպես առաջին կրողների, իրենց շուրջը գտնվողների և ընդհանրապես ամբողջ ազգաբնակչության մոտ, յուրաքանչյուրիս կյանքի մեջ մարդկային կյանքներին զուգընթաց կա հայրենիքի կորստյան դառնությունը, խոցվածությունը կա նաև։ Այսինքն՝ թե՛ մարդկային, թե՛ հողային իմաստով մենք խոցված վիճակում ենք գտնվում, բոլորն անխտիր՝ հոգևորական, թե աշխարհական։
Առաջին բանը, որ արել ենք անպայմանորեն ամեն ջանքով ներկա ենք գտնվել հուղարկավորություններին, հոգեհանգիստներին։ Անպայմանորեն մեր պատգամն ենք տվել, ամբողջ ժամանակն ուղղակի ապրել ենք իրենց հետ՝ և՛ լացել ենք, և՛ ուրախացել ենք։ Դրան հաջորդած ժամանակ մենք մեր սարկավագին համակարգող ենք նշանակել, որը բոլոր ընտանիքների հետ տևապես կապի մեջ է։ Եվ ապա ես անձնապես մեր հոգևորականի՝ սարկավագի հետ համայնքային պատասխանատուների հետ միասին այցելում ենք ընտանիքներին՝ ուղղակիորեն գնալու, իրենց հետ զրուցելու, կյանքի իմաստի մասին խոսելու, հոգևոր խորը բովանդակությամբ իրենց հետ հարաբերվելու, որովհետև մարդիկ առաջին հերթին դրա կարիքը ունեն՝ և՛ պահանջը, և՛ սպասելիքը»։
Ըստ Սրբազանի, իրենք փորձում են լուծում տալ այցերի ընթացքում արձանագրված խնդիրներին, իսկ որ ամենակարևորն է՝ ընտանիքի անդամներին ներգրավում են ընդհանրական կյանքի մեջ։ Նրանք միևնույն ժամանակ տոնում են հերոսների տարեդարձը։
Կարդացեք նաև
«Տևական կապի մեջ ենք ընտանիքների անդամների հետ մեր տղաների ծննդյան տարեդարձերը տոնելու առիթով, քաջալերում ենք, որ անպայման տոնենք և դարձնենք տոնախմբություն, որովհետև այդ կյանքները սովորական պատահական մահվամբ կյանքեր չեն, ինձ համար, մեր հայրենիքի, մեր պետության, մեր գոյության և ընդհանրապես արժանապատվության և անմահության կյանքեր են, մահվան վրա իշխանություն հաստատած կյանքեր են, ովքեր հանուն ինձ են գործել։ Եվ ես պարտավոր եմ շնորհակալություն հայտնելու Աստծուն իրենց համար, որ մեր կյանքում կան։ Փորձում ենք ընտանիքի հետ տոնել ուղղակի իրենց ծնունդը, տարեդարձը, այդ նվերը, պարգևը, որ իրենք գոյություն ունեն մեր կյանքում»։
Մեր հարցին էլ, թե կա՞ լարվածություն սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ, Սրբազանն ասաց․ «Մեզ մոտ ընդհանրապես խոցվածություն կա, լարվածություն չեմ կարծում, որ կա, որովհետև մեր ժողովուրդը շուրջ 30 տարի վարժված վիճակում է գտնվում։
Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենց կենցաղավարությունը մի տեսակ հարմարեցրել են սահմանային խնդիրների, հատկապես մեր անվտանգության խնդիրների հետ։
Գիտեք, որ ժամանակին միայն Տավուշն էր, որ 300 կիլոմետրի չափ այդքան մեծ սահման ուներ, բնակվող սահման՝ բնակիչներով սահման, Արցախում նույնիսկ այդպես չէր։
Հիմա իրականությունը փոխվել է, բայց մեր կյանքը չի փոխվել դրանից, նույնությամբ մնացել է։ Անշուշտ, մեծ ու փոքր որոշ այսպես հայտարարություններ են լինում նաև Տավուշից որոշ հողեր զիջելու կամ տրվելու կամ բնակավայրեր զիջելու մասին, որոնք ցայսօր իրականություն չեն, բայց ապագան էլ անորոշ է․ չգիտենք կլինե՞ն, թե՞ չեն լինի նման քայլեր կամ նախաձեռնություններ։
Ամեն դեպքում մենք պատրաստ չենք այդ հողերը զիջելու և պատրաստ էլ չենք լինելու և չենք էլ պատրաստվում և պատգամ էլ հղում ենք, որ չփորձեն էլ անելու դա»,-նախազգուշացրեց Տավուշի թեմի առաջնորդը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ