«Մենք չենք դիտարկում Հայաստանը՝ որպես «սկող Տիտանիկ», որտեղ պետք է պայքար տանել, որ բիզնես դասի տոմս ունենալ: Մենք պայքար չենք տանելու բիզնես դասի, այն է՝ մանդատների տոմսերի համար: Մենք պայքար ենք տանելու, որ այդ նավը չսկի եւ չդառնա Տիտանիկ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Խոսելով Կարեն Կարապետյանի մասին՝ Աշոտյանն ասաց, որ նրա՝ ՀՀԿ-ն լքելուց հետո էլ պահպանվել են իր հետ շատ լավ հարաբերություններ, բայց նրա հետ վաղուց քաղաքական երկխոսություն չեն վարել:
Թե ինչու ընդդիմադիր ուժերով չմիավորվեցին ու միասնական ճակատով չորոշեցին պայքարել իշխանությունների դեմ՝ Աշոտյանն ասաց, որ օրինակներ կան, թե «հակաչարիքային ճակատներն» ինչպես են աշխատել:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչն էր խանգարում ձեզ դաշինք կազմել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ՀՀԿ-ն եղել է նրա քաղաքական հենարանը, Քոչարյանի հետ հավանական դաշինքով կմասնակցեն ՀՅԴ-ն, որի հետ ժամանակին կոալիցիա եք կազմել, Վահե Հակոբյանը, որը ձեր օրոք մարզպետ է եղել, ի՞նչն էր խանգարում հենց նրա հետ դաշինք կազմել, կա՞ դեռեւս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան համագործակցության բարիեր, որը հաղթահարված չէ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այդպիսի խնդիր չի եղել, որովհետեւ այդպիսի հարց չի եղել: Տակտիկական մոտեցումները կարող են լինել տարբեր, իսկ ռազմավարությունը՝ ընդհանուր»: Աշոտյանը հորդորեց մանրուքների մեջ չկորցնել կարեւորը:
Խոսելով Քոչարյան-Սերժ Սարգսյան անձնական հարաբերությունների մասին՝ Աշոտյանն ասաց, որ մատի ու մատանու արանքը շատ են փորձել մտնել, բայց դա անփառունակ ու անհեռանկարային գործ է. «Իհարկե, տարբերություններ եղել են նրանց դիրքորոշումների միջեւ միշտ, եղել են այդ տարբերությունները 2000-ականերին, երբ Քոչարյանը նախագահ էր, Սարգսյանը այլ պաշտոն էր զբաղեցնում, դրանից հետո, բայց հիշեցնեմ, որ ոչ մի տարաձայնություն սկզբունքային չի եղել ռազմավարական նպատակներին հասնելու հարցում: Քաղաքական տարակարծություն եղել է, ոչ մի տարակարծություն անհաղթահարելի չի եղել, որբ որ կա ընդհանուր նպատակ: Իսկ այսօր կա այնպիսի նպատակ, երբ որ տարակուսելի է որեւէ այլ բան ենթադրել: Ուզում եմ հիշեցնել, որ Հիտլերին հաղթել են Ստալինը, Չերչիլը եւ Ռուզվելտը, ոչ թե միայն Ստալինը, միայն Չերչիլը, միայն Ռուզվելտը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ