Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրը վստահաբար Վանեցյանը չէր, խնդիրն այն մարդն էր, ով առ այսօր տալիս է հակաազգային հրահանգներ իրավապահ համակարգին». Աշոտյան

Ապրիլ 29,2021 21:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ն ընտրությունների կմասնակցի ու նախընտրական դաշինք կկազմի «Հայրենիք» կուսակցության հետ:

Աշոտյանն ասաց, որ ցավոք, կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի ստացվում, ՀՀԿ-ն իր ընդդիմադիր գործընկերների հետ մինչեւ վերջ ջանքեր է գործադրել՝ ներկայացնելու իր դիրքորոշումները: Նա նշեց, որ այս ձեւաչափով ու այս ժամկետում նպատակահարմար չեն համարում ընտրություններ անցկացնելը, անվտանգային, սոցիալական, այլ բնույթի մարտահրավերներ կան, երկրորդը՝ «կապիտուլյանտի» ղեկավարությամբ ու իր օրոք գնալ ընտրությունների՝ նշանակում է շանս տալ իրեն առնվազն բարոյական տեսակետից քաղաքական շղարշով մաքրազերծման: Երրորդը՝ այս իշխանությունների գործելաոճը, ըստ Աշոտյանի, չի նպաստելու ընտրությունների՝ մաքսիմալ ներառական, հավասար պայմանների անաչառ, իրավական գործընթացի վերածվելու: Նա ասաց, որ ջանքեր են գործադրել, որ չանցկացվեն ընտրությունները այս պայմաններում, ավաղ, դա անխուսափելի է:

Աշոտյանը քննադատեց Փաշինյանի՝ իրեն պաշտոնակատար հռչակելը, «Ընտրական օրենսգրքի» միահեծան փոփոխությունները: Նա ասաց, որ կրթական համակարգից, մասնավորապես՝ դպրոցներից ու մանկապարտեզներից եկող տասնյակ ահազանգեր է ստացել, որ քննչական գործողություններ են իրականացվում հարյուրավոր տնօրենների, աշխատակիցների հետ, հարցաքննում են եւ այլն: Ու սա, նրա խոսքով՝ փաստ է այն մասին, որ պատրաստվում են կեղծել ընտրությունները:

Թե ինչու են հենց «Հայրենիքի» հետ դաշինքով գնում՝ Աշոտյանն  ասաց, որ ուզում են օր առաջ գահընկեց անել Փաշինյանին, բացի այդ, հաշվի են առել ընդդիմադիր դաշտի կողմնորոշումները. «Մեր հնարավոր քաղաքական համագործակցությունը «Հայրենիքի» հետ ամենաարդյունավետն է լինելու ստեղծված իրավիճակում կապիտուլյանտին գահընկեց անելու համար»:

Ինչ վերաբերում է ցուցակին, նա ասաց, որ ՀՀԿ ԳՄ նիստում դա չի քննարկվել, պարզապես քաղաքական որոշում է կայացվել դաշինքով մասնակցելու մասին:

Հարցին՝ ձեզ չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ ժամանակին Վանեցյանը, լինելով ԱԱԾ տնօրեն, քրեական հետապնդումներ էր իրականացնում նախկին իշխանության ներկայացուցիչների, այսինքն՝ հենց իրենց նկատմամբ՝ Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն վերջինն է քաղաքական դերակատարներից, որին կարելի է ուղղել Արթուր Վանեցյանի հետ համագործակցության հարցի խնդիրը: Արթուր Վանեցյանի հետ անձամբ համագործակցել է ե՛ւ առկա իշխանությունը, ե՛ւ ընդդիմադիր դաշտի ամենակարեւոր հենասյուները, մինչեւ պատերազմի մեկնարկը այսպես կոչված եռյակի ուժերը, պատերազմից հետո նաեւ ՀՓՇ-ն: Մենք վերջինն ենք, ում կարելի է այս հարցը լիաթոք ներկայացնել: Ազնիվ խոսենք, Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն այս իշխանության օրոք, այդուհանդերձ, հաշվի առնելով բոլոր մտահոգությունները, նա գնաց, իսկ իշխանության ռեպրեսիվ, հակաօրինական եւ հակասահմանադրական գործելաոճը մնաց: Հետեւաբար, խնդիրը վստահաբար Վանեցյանը չէր, խնդիրը այն մարդն էր, ով առ այսօր տալիս է հակասահմանադրական, հակաազգային ու հակաիրավական հրահանգներ իր ենթակայության տակ գործող իրավապահ համակարգին»:

Հարցին՝ ՀՀԿ-ում բոլո՞րն են միակամ եղել այս որոշմանը՝ Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն շատ բազմակարծիք կուսակցություն է, ուսապարկերի կուսակցություն չէ, կլոունների կուսակցություն չէ, ՀՀԿ-ում մնացած, պայքարի թոհուբոհով անցած մարդիկ ունեն աշխարհայացք, սկզբունքներ, մոտեցումներ, քաղաքական գնահատականներ տալու համար փորձ եւ մտավոր կարողություններ: Ըստ այդմ, կայացրել է այսպիսի որոշում՝ բազմակարծիք լինելով հանդերձ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930