Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Երբ տեսա, որ Հովհաննես Բաչկովը եւ Կորյուն Սողոմոնյանը տարբեր դահլիճներում են մարզվում, ավելի խայտառակ բան ուղղակի չէի կարող պատկերացնել»

Ապրիլ 29,2021 19:44

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունից հետո ԿԳՄՍ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանը իր լրագրող գործընկերների հետ զրույցում ասաց. «Ինքներդ տեսաք, թե Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը եւ նախագահի ընտրությունն ինչպես անցկացվեց ու գնահատականը, սիրելի գործընկերներ, դուք պետք է տաք: Կարեւոր է, որ հայկական բռնցքամարտը պառակտված եւ ծնկած վիճակում լինելու իրավունք պարզապես չուներ: Հայկական բռնցքամարտը այնպիսի ավանդույթներ է ունեցել, որ մենք բոլորս ջանք ու եռանդ չպետք է խնայեինք՝ վերամիավորելու եւ նոր հաղթանակների գնալու համար: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանին, որ վստահեց: Ես ամեն ինչ արել եմ օրենքի տառը պահելով: Իմ համար ամենեւին կարեւոր չէ, թե ով է որեւէ ֆեդերացիայի նախագահ: Կարեւոր է, թե ինչ վիճակում է սպորտը եւ ինչ հաղթանակներ են պարգեւում այդ ֆեդերացիաները: Դրա համար ով էլ լիներ, լինելու էր բռնցքամարտի խնդիրները լուծող մարդ: Հուսամ՝ նորընտիր նախագահը ի վիճակի կլինի լուծել խնդիրները: Պետությունը կլինի ֆեդերացիայի կողքին, պետական գումարը, որ նախատեսված է, ֆեդերացիան կստանա:

Բոլորիս շնորհավորում եմ, որ միավորման առաջին քայլը կատարվեց: Տեսեք, որեւէ դժգոհություն չեղավ: Իսրայել Հակոբկոխյանն էլ շնորհավորեց իր մրցակցին եւ ընդունեց նրա հաղթանակը: Դա նշանակում է, որ ամեն ինչ արել ենք ազնիվ, ամեն ինչ արել ենք սահմանադրության եւ բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրության համաձայն:

Ժամանակային առումով տարբերակ կար՝ սկզբից կանոնադրական փոփոխությունները կատարել, հետո նոր անցկացնել ընտրություն, բայց մենք պատրաստվում ենք ոչ թե 2024 թվականի, այլ 2020 թվականի օլիմպիական խաղերին, որ անցկացվելու է այս տարի: Մենք նախ դրա ժամանակը չունեինք, ապա ԱԻԲԱ-ն պայման ունի, որ որեւէ երկրի ազգային ֆեդերացիա չի կարող վեց ամսից երկար ժամանակ լիներ առանց գործող նախագահի: Այդ պարագայում իրենք պարզապես կդադարեցնեին մեր ֆեդերացիայի անդամակցությունը, ինչը ուղղակի ողբերգություն կլիներ:

Այսօր օլիմպիական խաղերի ընդամենը մեկ վարկանիշ ունենք: Երբ նոր էի նշանակվել եւ մտա Ծաղկաձորի մարզադահլիճ ու տեսա, որ Հովհաննես Բաչկովը եւ Կորյուն Սողոմոնյանը տարբեր դահլիճներում են մարզվում, ավելի խայտառակ բան ուղղակի չէի կարող պատկերացնել: Այդ թնջուկը լուծելը ես ինձ համար համարում էի պատվի խնդիր: Ես ամեն ինչ արել եմ օրենքով ու կարգուկանոնով:

Այլեւս չի լինելու որեւէ այլ ֆեդերացիա: Հիմա մենք կբանակցենք ու կհամագործակցենք միջազգային ֆեդերացիայի հետ ու ձեռքերս կպահենք բռնցքամարտի զարկերակին, որպեսզի այսուհետեւ լինեն միայն կառուցողական աշխատանքներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930