Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ «Ակնհայտ երեւում է՝ ինչպես է ոստիկանը կանխամտածված առաջինը հարվածներ հասցնում Հայկ Հեքիմյանին»

Ապրիլ 29,2021 19:22

Այսօր դատախազության մոտ բողոքի ցույցի ավարտից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ունենք քաղբանտարկյալներ Սյունիքի ցույցի շրջանակներում, դատախազության մոտ տեղի ունեցած դեպքերի պատճառով երկու քաղաքացի կալանավորված է։

«Վստահեցնում եմ՝ հարուցված քրեական գործը իրավական առումով բացարձակ անհիմն է, իրավունքի ծաղր, եւ շուտով, այն անձինք, ովքեր ներգրավված են այս գործընթացում, կրելու են ամենախիստ պատասխանատվությունը, որովհետեւ այն, ինչ ներկայացվում է իբրեւ հանցագործություն, ոչ միայն հեռու է հանցագործություն լինելուց, որովհետեւ այդ նույն տրամաբանությամբ կարող են Նիկոլ Փաշինյանի եւ նրա ուսապարկերին նկատմամբ ներկայացնել տասնապատիկ ավելի մեղադրանքներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նաեւ նշեց՝ ՀՅԴ ԳՄ մի քանի անդամներից բացի, նաեւ շարքային անդամներին, արժանապատիվ շատ քաղաքացիներին տարբեր քննչական վարչություններում հարուցվել են քրեական գործեր․«Դրանք անհեռանկար եւ կյանք չունեցող գործեր են, որովհետեւ դրանց հիմքերում ոչ միայն չկա իրավունք, չկա նույնիսկ պարզագույն տրամաբանություն։ Օրինակ՝ երբ դատախազության դիմաց տեղի ունեցածը ներկայացնում են որպես խուլիգանություն, դա աբսուրդ է, որովհետեւ խուլիգանությունը պետք է ուղղված լինի հասարակական կարգի այնպիսի վատ ձեւով խախտելուն, որը հանրային բարոյականության եւ այլնի խախտում է լինում, եւ անգամ այս հանցակազմը վերլուծում ես, օրինակ շենքի վրա ձու շպրտելը, դիտարկում են, որպես խուլիգանություն։ Սա իրավունքի ծաղր է, չկա իրավունքի գիրք, գրականություն, իրավակիրառ պրակտիկա, որ այդպիսի բանը ներկայացվի որպես խուլիգանություն»։

Անդրադառնալով Հայկ Հեքիմյանի գործին, պարոն Մինասյանն ասաց՝ նրան ներկայացվել է մեղադրանք իբրեւ թե իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրել․ «Մանրամասն կադրերը վաղը կտեղադրվեն, կտեսնեք, ակնհայտ երեւում է ինչպես է ոստիկանը կանխամտածված առաջինը հարվածներ հասցնում Հայկ Հեքիմյանին, որից հետո արձագանքում է Հայկ Հեքիմյանը։ Սա ներկայացնել որպես իշխանության նկատմամբ բռնություն, առնվազն ծիծաղելի է։ Եթե քաղաքացուն հարվածելը ոստիկանության լիազորության մեջ է, ապա ունենք ոչ թե ոստիկաններ, այլ բռնապետեր, ծեծողներ»։

Պարոն Մինասյանի կարծիքով՝ որեւէ նորմալ դատարանում այս գործը հեռանկար չի կարող ունենալ, քանի որ այն, ըստ Մինասյանի, ամբողջությամբ փուչիկ գործ է, եւ Հայկ Հեքիմյանը շուտով ազատության մեջ կլինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930