Այս պահին դատախազության շենքի մոտ ՀՅԴ ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները բողոքի ցույց են անում։ Հենց այսօր ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ հրավիրվել էին Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննության։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ավելի վաղ ֆեյսբուքում գրառում էր կատարել, նշելով՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունը հարցաքննության է կանչել դաշնակցական 5 գործիչների։ Նրա խոսքով՝ դա արվել է այն բանից հետո, երբ ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես եկավ հայտարարությամբ, «որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ»։ Պարոն Գալստյանն ասել է, որ դրանից հետո հարցաքննության են կանչվել «ՀՅԴ անկյունաքարային դեմքերը»՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։
Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փաստաբանի այս հայտարարությանն իր պատասխան նշել է՝ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից:
Այս առնչությամբ այսօր ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Երեւան քաղաքի քննչական վարչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․«Ես ավելի վաղ եմ ստացել ծանուցագիրը, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։ Ուզում եմ հիշեցնել, որ սա այն գործի շրջանակներում է, երբ դատախազը եւ դատախազության պատասխանատուները ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր հազարավոր քաղաքացիների պահանջների նկատմամբ՝ այն դեպքում, երբ իրենք, տարբեր դեպքեր կարող եք վերցնել՝ նույնիսկ «հեղափոխության չգիտեմ ինչեր», երբ հավաքվում էին դատախազության մոտ մի քանի հոգով, դատախազը պատիվ էր անում եւ իջնում էր, հանդիպում էր, բացատրություն էր տալիս»։
Կարդացեք նաև
Պարոն Մինասյանն ասաց՝ իսկ այն դեպքում, երբ խոսքը, ինչպես ինքն ասաց՝ հերոսական սյունեցի ժողովրդի իրավունքների ոտնահարման, նրանց բռնի բերման ենթարկելու, ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու գործընթացների մասին է, եւ երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին իջնել ներքեւ, բացատրություն տալ, բացատրել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի եւ մի խումբ պատգամավորների հանդեպ քրեական գործ հարուցելու գործընթաց իրականացրել է, թե՞ ոչ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, նաեւ իրենց անտարբերության, անպատասխանատվության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որն արժանացավ նաեւ ոստիկանության բիրտ, կոպիտ, ապօրինի գործողություններին։
«Մենք այդ օրն ունեցել ենք 14 բերման ենթարկվածներ, ունենք արդեն քաղբանտարկյալ, եւ այսքանից հետո` հիմա փորձել նորից ներգրավել մեզ այս գործընթացի մեջ, սա նշանակում է, որ կազմակերպված ձեւով քաղաքական հետապնդումը շարունակում է իրականացվել»,-ասաց պարոն Մինասյանը։
Նրա խոսքով՝ դատախազության այս գործողությունները չեն կարող կասեցնելու իրենց պայքարը․«Ուզում եմ վստահաբար ասել բոլորին, որովհետեւ խոսքն այս կամ այն անձի զուտ իրավունքի ապահովման մասին չէ։ Խոսքը հայրենիքի փրկության համար դուրս եկած մարդկանց պայքարը ջարդելու, ընթացքը կասեցնելու մասին է, որը վստահաբար չի հաջողվում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ