ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովը, որը պետք է ընտրեր կազմակերպության նոր նախագահ: Սակայն որպեսզի ընտրության կազմակերպումը լիներ լեգիտիմ, պատվիրակները պետք է կանոնադրությունում որոշ փոփոխություններ կատարեին՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ սահմանադրությանը եւ ԱԻԲԱ-ի սահմանադրության փոփոխված պահանջներին:
Համաժողովի աշխատանքին եւ ընտրության կազմակերպման ընթացքին հետեւելու համար Երեւան էին ժամանել ԱԻԲԱ-ի երկու ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Նախագահ ընտրվելու հայտ ներկայացրած չորս թեկնածուներից երկուսը հանեցին իրենց թեկնածությունը եւ քվեաթերթիկում մնաց երկու անուն: Ընտրությունը պետք է կատարվեր աշխարհի նախկին չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի եւ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջեւ: Նրանք հակիրճ ներկայացրին իրենց ծրագրերը, որ պատրաստվում են իրագործել ընտրվելու պարագայում:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 92 պատվիրակների ձայները բաշխվեցին այսպես. Հովհաննես Հովսեփյանին կողմ քվեարկեց 67, Իսրայել Հակոբկոխյանին՝ 10 պատվիրակ: 15 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
Այսպիսով, Հայաստանն այսուհետեւ կունենա բռնցքամարտի մեկ միասնական ֆեդերացիա, որը ղեկավարելու է Հովհաննես Հովսեփյանը:
Քվեարկությունից հետո Իսրայել Հակոբկոխյանը շնորհավորեց իր մրցակցին, իսկ Հովհաննես Հովսեփյանը հայտարարեց, որ պատրաստ է աշխատել բոլորի հետ, ովքեր հայկական եւ համաշխարհային բռնցքամարտում ներդրում ունեն եւ իրենց փորձով ու գիտելիքներով կարող են այսուհետ էլ նպաստել հայկական բռնցքամարտի զարգացմանը բռնցքամարտի համաշխարհային ընտանիքում Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ