Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ազնիվ է, բայց իր քթից հեռու չի տեսնում»․ Իջևանյան ու գավառյան տրամադրություններ

Ապրիլ 29,2021 18:10

Իջևանցի Անդրանիկ Խաչիկյանը, որը 40 տարի ապրել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ու մեկ տարի է՝ ինչ տեղափոխվել է հայրենի քաղաք, Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ ստեղծարար հայ ժողովուրդը արտադրողից վերածվել է սպառողի։ Մեր զրուցակիցը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում զբաղվել է գարեջրագործությամբ։

Ակտիվորեն հետևելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ Անդրանիկ Խաչիկյանը եկել է հետևյալ եզրահանգման․ «Կուզենայի, որ հայրենիքում հարգարժան քաղաքացիներ ունենանք, այդ ժամանակ էլ մենք կունենաք պետություն։ Եթե կովին թամբենք, մեկ է ՝ ձի չի դառնա։

Էսօրվա դրությամբ ստամոքսն է ղեկավարում մարդուն, մարդու ամեն օրգանիզմ իր ղեկավարման կենտրոնն ունի, բայց լրիվ առանձնացրել են․ սիրտն առանձին, ստամոքսն առանձին։ Հիվանդություններն ինչի՞ պատճառով են, համաչափությունն է խախտվում, դրա համար այս վիճակին ենք հասել։ Մենք եղել ենք ստեղծագործ ազգ, բայց, ցավոք սրտի, դարձել ենք սպառողական հասարակության։ Ոչ մեկը չի ուզում մի բան ստեղծի, միայն ուզում են գնել, բայց ձրի ոչ մեկը չի տա, չէ՞։ Վերադաստիարակում է պետք»,- ասաց մեր զրուցակիցը։

Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի աշխատանքի մասին, և որ վարչապետն իր ծննդավայր Իջևանում ունի՞ համակիրների մեծ բանակ։

«Կարող եմ ասել, որ վարչապետն ազնիվ է, բայց շատ իմպուլսիվ է, իր քթից հեռու չի տեսնում ու ինքնուրույն չէ։ Ինքն ինքնություն չէր կարող դառնալ, իրեն նշանակեցին, որ կուժն ու կուլան գլխին ջարդվի։

Մի կոպիտ օրինակ բերեմ․ նախագահները գնացին քեֆ արեցին ռեստորանում, հաշիվը հիմա փակում է վարչապետը։ Ու ինքը չկարողացավ մի հատ թիմ հավաքի։ Գիտեք ոնց է, եթե ոչխարի հոտը ղեկավարի առյուծը, այդ հոտը չի պակասի, թամամ կմնա, բայց եթե առյուծի ոհմակը ղեկավարի ոչխարը , դա արդեն առյուծի ոհմակ չի լինի», – գեղարվեստական լեզվով ներկայացրեց Անդրանիկ Խաչիկյանը։

 

Ի տարբերություն Գյումրիի, որտեղ այգիներում, նույնիսկ շուկաներում ու փողոցներում, անգամ տրանսպորտի մեջ ակտիվ քաղաքական քննարկումներ են՝ հատկապես տարեց մարդկանց մասնակցությամբ, Իջևանում տպավորություն ստացանք, որ քաղաքական անցուդարձն այդ նույն ձևով մարդկանց կարծես չէր հետաքրքրում։ Տավուշի մարզպետարանի դիմաց գտնվող այգում, որտեղ բավական մեծ թվով մարդիկ են հավաքվում, նստում, հանգստանում են, նրանց մեծ մասն ուղղակի անտարբեր էր գալիք արտահերթ ընտրությունների հանդեպ։

Իջևանցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ այս քաղաքի բնակիչները, թերևս, ամենավերջում են միացել 2018 թվականի թավշյա հեղափոխությանը, նրանք հոգսաշատ են, Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում բնակվողներն էլ բավական լարված են․ կյանքի ու մահվան արանքում։ Ըստ մեր զրուցակիցների, սահմանամերձ գյուղերում կա մեկ կարևոր խնդիր ևս․ երիտասարդ տղաներից շատերը չեն ամուսնանանում․ կա համայնք, որտեղ 20 չամուսնացած տղամարդիկ կան։

Իսկ Գեղարքունիքի մարզում, կոնկրետ Գավառում, որտեղ ևս առիթ ունեցանք արտահերթ ընտրությունների մասին կարծիքներ հարցնելու, կտրականապես մերժում էին հների վերադարձը։ Այս քաղաքի բնակիչներից շատերը տարիներ շարունակ մեկնում են արտագնա աշխատանքի ու այն համոզմանն են, որ երբեմնի արդյունաբերական հզոր ձեռնարկություններ ունեցող Գավառի գործարանները թալանվել են հենց հների օրոք, նրանց մեղքով։ Նրանց համար հատկապես անընդունելի էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը։

«Եթե հները լավը լինեին, ինչի՞ մենք պիտի Ռուսաստաններում մեր կյանքն անցկացնեինք, հենց Քոչարյանի ժամանակ էլ գնացել ենք։ Քոչարյանն ասում է՝ իմ օրոք պատերազմ չի եղել, կայուն է եղել, բա հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն իր օրոք չէ՞ր»,-ասում էր Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված տղամարդկանցից մեկը։ Հավաքվածները զրուցում էին, քննարկում մամուլի ամենավերջին հրապարակումները, ձայնագրվում էին, բայց չէին համաձայնում նկարահանվել։ Նրանք պատճառաբանում էին, որ Գավառը փոքր քաղաք է, այստեղ մեկը մյուսին ճանաչում են, այդ պատճառով էլ չարժե կարծիքը հրապարակային հնչեցնել։

Ի դեպ, Գավառի կենտրոնական մեծ հրապարակում ընդամենը մի քաղաքական կուսակցության գրասենյակ էր երևում, դա Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությանն էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930