«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը մեկնարկեց հայրապետական օրհնությամբ եւ ռազմահայրենասիրական երգով: Կուսակցության հիմնադիր անդամները հոտնկայս երգեցին`«Զարթիր, լաո»:
Կուսակցության գործադիր մարմնի անդամի թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ սնկի պես բացվող կուսակցությունները անլրջացնում են գործընթացը, բայց ինքը նաեւ վստահ է, որ նոր ստեղծվող կուսակցություններում էլ մարդիկ գիտակցել են վտանգը եւ ինչ-որ բան փոխելու մղումով են առաջ գնում. «Մենք պետք է հասկանանք, որ չպետք է դառնանք խոստում տվող հերթական կուսակցությունը: Մենք հասկանում ենք նաեւ, որ պետք է վաստակենք ժողովրդի վստահությունը»:
Կուսակցությանն առաջ մղող ուժը լինելու է հոգեւոր ուժը: «Մենք առաջին քրիստոնեությունն ընդունած պետությունն ենք, բայց արդյոք, նույն կենցաղավարության մեջ, ապրում ենք քրիստոնեական կյանքով, թե՞ եկեղեցի գնում ենք միայն, որպես մշակութային օջախ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ իրենք հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու հետեւորդներ են:
Կարդացեք նաև
Նա նաեւ նշեց, որ իրենց համակիրները ազգային արժեքներով առաջնորդվող անձինք են, նրանցից շատերն էլ իրենց գործունեության ընթացքում դա ապացուցել են`թե նախկինում, թե ներկայումս: «Թիմում ազատ մտածողներ են: Իրավունք, ազատություն հասկացությունները չպետք է խառնել ամենաթողության հետ: Մեկ մարդու ուրախություն, քեֆ անելու ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ այլ անձի վիշտը»,- ասաց բանախոսը` հավելելով, որ նաեւ բարոյական սահմանափակումներով պետք է առաջնորդվեն, այլապես բարի ոչնչի չենք հանգի:
Կուսակցության ծրագրային դրույթներում ամրագրված է, որ պետությունը պետք է սահմանի հայ մարդու բացարձակ կերպարը եւ իր գործողություններով ձեւավորի այդ քաղաքացուն: Այդ կերպարն, ըստ Արա Զոհրաբյանի, հետեւյալն է. «Մենք խոսում ենք հայի, հայ կերպարի, հայ իդեալի մասին: Հայ մարդը պետք է խորապես տիրապետի հայերենին, ճանաչի այն երկիրը, որտեղ ապրում է, իմանա սեփական պատմությունն`արարչագործությունից ի վեր, քրիստոնեական եւ ազգային ավանդույթների կրողը լինի, լինի նորարար, աշխատասեր եւ ուսումնատենչ, ռազմարվեստում հմտություններ ունենա, ծանոթ լինի քրիստոնեական դավանաբանությանը, ապրի եւ ստեղծագործի Հայաստանում, ունենա հստակ պատկերացում աշխարհաքաղաքական իրավիճակի մասին եւ բավարար հմտություններ` աշխարհաքաղաքական սպառնալիքներին դիմագրավելու համար, ունենա կամք եւ դիմադրողականություն`ապազգային երեւույթները մերժելու համար, ունենա սեր`առ հայրենիք»:
Կուսակցության գործադիր մարմնի անդամի թեկնածու Վահագն Չախալյանն էլ իր խոսքում ասաց, որ արցախյան 44-օրյա պատերազմը հստակեցրեց`մենք ունենք երկու տարբերակ`լինել հանցակից եւ ամեն ինչ կորցնել կամ արթնանալ հանցավոր թմբիրից եւ տեղափոխվել պատմության այլ հանգրվան`համախմբված նոր երկիր կառուցել, որտեղից հայերը ոչ թե կփախչեն, այլ կփափագեն ապրել. «Մենք հրավիրում ենք բոլորին համախմբվելու եւ ապրելու ազգային ու քրիստոնեական զարթոնք`ընդվզել սեփական թուլության դեմ`սեփական իրավունքների համար, մտավոր վերածնունդ ապրելու բնազդային ցանկությամբ`նման այն զարթոնքին, որ ապրեց մեր մտավորականությունը 19-րդ դարում Թբիլիսիում, Կոստանդինապոլսում, Վենետիկում եւ ամենուր»:
«Զարթոնքում» նաեւ պատրաստվում են կոռուպցիան օրենսդրությամբ համարել հայրենիքի դավաճանությանը հավասարազոր հանցանք: Առաջին հերթին կբարձրացնեն ուսուցիչների, գիտնականների եւ արվեստի գործիչների աշխատավարձերը`գիտակրթական առաջընթացին զարկ տալու համար: Իբրեւ քրիստոնյա-ազգայնականներ էլ պատրաստ են ներել յուրաքանչյուրին`մեկ պայմանով, որ նրանք, ովքեր երեք տասնամյակ կողոպտել են բոլորի հույսերը, վերացրել են ազգայինն ու քրիստոնեականը, գոնե հիմա գիտակցեն, զղջան, դարձի գան`ազգի եւ երկրի նկատմամբ գործած իրենց մեղքերի համար: Այլապես, նրանց կպատժեն, որպեսզի ապագայում ոչ ոք չհամարձակվի թալանել սերունդներին պատկանողը, չհամարձակվի դավաճանել մեր հայրենասիրական իղձերին:
Հոգեբան, կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարինե Նալչաջյանի գնահատմամբ էլ լռելն այսօր հանցավոր է, մանավանդ, առանց այդ էլ աչքերը փակ դեպի ինքնասպանության գնացող երկիր ենք: Ըստ նրա, այսքան հարվածներից հետո հասարակությունն առողջացման առանցքն ուղղելու խնդիր ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ