Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակելի շենքերում հակահիգիենիկ, հրդեհավտանգ պայմաններում գործող, երեխաների հանդեպ բռնությունը չբացառող զարգացման կենտրոնների գործունեությունը կդադարեցվի

Ապրիլ 29,2021 18:25

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը քննարկվեց: Այն սահմանում է, որ նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

Ինչպես հանձնաժողովի նիստում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, մեր երկրում առկա են կազմակերպություններ՝ հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, դրանք շուրջ 300 են, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) եւ նախադպրոցական ծառայություններ:

Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս՝ զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ՝ չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները՝ հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն եւ այլն: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Չեն ապահովում նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները՝ ըստ որի նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական եւ մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը եւ այլն:

Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ, օրինակ, որ դրանք գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ. «Մամուլում են նաեւ հանդիպել երեխաների հանդեպ բռնության որոշ դրվագներ, իսկ նախարարությունը չունի որեւէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար»,- ասաց փոխնախարարը:

Նախատեսվում է, որ նախագահի ընդունմամբ կունենան լիցենզիայով նախատեսված պայմանների ու պահանջների միասնական մոտեցում բոլոր նման կազմակերպությունների նկատմամբ, իսկ եթե չհամապատասխանեն չափանիշներին, կարգելվի նրանց գործունեությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930