Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատվաստումը կդառնա պարտադի՞ր. Հանս Կլյուգեն կոչ է անում այն դարձնել պլանային

Ապրիլ 29,2021 17:46

Եվրոպայի բնակչության 5,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով, իսկ 7 տոկոսն արդեն պատվաստվել է: Այսօր այսպիսի ցուցանիշ հրապարակեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն՝ առցանց ասուլիսում: Նրա խոսքով, չնայած նոր դեպքերի թվի կրճատմանը, հոսպիտալացմանն ու մահերի կրճատմանը վիրուսի սպառնալիքը պահպանվում է:

«Վիրուսը նախկինի պես ընդունակ է ավերածություններ անել: Ճիշտ է՝ դեպքերի թիվը կրճատվել է, բայց վարակելիության ռիսկը տարածաշրջանում շարունակում է բարձր մնալ»,-ասաց Հանս Կլյուգեն: Նա կոչ արեց պատվաստվել՝ հավաստիացնելով, որ պատվաստանյութը փրկել է շատերի կյանքը, հատկապես նրանց, որոնք ռիսկի խմբում են եւ ծանր հիվանդություններ են ունեցել. «Պատվաստանյութը կյանքեր է փրկում եւ փոխում է այս համավարակի ելքը: Բայց պետք է հասկանալ նաեւ, որ միայն պատվաստումը չի բերի համավարակի վերացմանը: Մարդիկ շարունակելու են պայքարել նրա դեմ»:

Դոկտոր Կլյուգեի խոսքով, տասնյակ պատվաստանյութերին, որոնք տարիներ ի վեր գործածվում են եւ կյանքեր են փրկում, ավելացավ եւս մեկը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը հնարավորություն կտա մարդկությանը վերադառնալ բնականոն կյանքի: Նա տարածաշրջանի երկրների առողջապահության պատասխանատուներին կոչ արեց ապահովել պատվաստման բարձր մասնակցություն, որպեսզի աշխարհը հիվանդության վրա վերահսկողություն ունենա:

«Եթե մենք ուզում ենք այս հիվանդությունը դարձնել վերահսկելի, պետք է պատվաստումները դարձնենք պլանային: Պատվաստանյութն այս անգամ էլ կփոխի պատմության անիվը, բայց դա կլինի այն դեպքում, եթե գտնվենք պատասխանատու եւ պատվաստվենք՝ օգտվելով մեզ ընձեռնված հնարավորությունից: Պատվաստանյութը կկորցնի իր նշանակությունը, եթե այդպես էլ մնա սառնարանում»,-ասաց Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը:

Անդրադառնալով Հնդկաստանում համավարակի բարձր ցուցանիշներին, Հանս Կլյուգեն ասաց, որ այդ երկրում վերջին շաբաթվա ընթացքում 2 միլիոն նոր դեպք է գրանցվել եւ 15 հազար մահ, ինչը պայմանավորված է Հնդկաստանում տեղի ունեցած զանգվածային հավաքներով եւ երկրի հինգ նահանգներում տեղի ունեցած ընտրություններով: Մասնագետների դիտարկմամբ, Հնդկաստանում վիրուսի նոր շտամ է շրջանառվում, որը դեռ բացահայտված չէ եւ գիտնականներն ուսումնասիրում են: Հնդկական շտամը հայտնաբերվել է նաեւ Եվրոպայի տասը երկրներում:

Թե եղած պատվաստանյութերն ինչպես կազդեն այդ նոր շտամի վրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուներն առայժմ չեն կարող ասել: Միայն գիտեն, որ նոր շտամը երկու մուտացիա ունի:

Ինչ վերաբերում է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի շուրջ ստեղծված աղմուկին, պատասխանելով հարցին, հնարավո՞ր է, որ ԱՀԿ-ն մերժի այն, Հանս Կլյուգեն ասաց, որ այդ պատվաստանյութի արդյունավետությունը շատ բարձր է եւ, եթե համեմատում են հասցված վնասի հետ, ապա այն արդյունավետության համեմատ չնչին է: Ասաց, որ ինքն էլ ոչ մի րոպե չի վարանի «Աստրա-Զենեկայով» պատվաստվելու հարցում: Ասաց նաեւ, որ այսօր եվրաընտանիքի բազմաթիվ երկրներ օգտագործում են այդ պատվաստանյութը: Բայց կան նաեւ այնպիսիք, որ ռիսկի խմբերի համար այն չեն կիրառում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930