«Փորձում էին հարցաքննել այն դեպքերի մասին, որոնք տեղի էին ունեցել ՀՀ դատախազության դիմաց»,- դուրս գալով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա հայտնեց՝ իրենց փորձում էին որպես վկա ներգրավել գործում, սակայն ցուցմունք չի տվել:
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց՝ կատարվածը գնահատում է որպես քրեական հետապնդման քողի տակ իրականացվող քաղաքական հետապնդում: Նա հայտնեց՝ օգտվելով Սահմանադրությամբ` իրեն ընձեռված լռելու իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ:
Արծվիկ Մինասյանը նշեց՝ այս գործը չի կարող հեռանկար ունենալ ու շարունակեց. «Այնքան արհեստական ու ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, որ ոչ միայն ապագա չունի, այլև պետք է գլխի վրա շուռ գա, և մեղադրանք առաջադրվի այն պետական պաշտոնյաներին, որոնք իրենց անգործության, հանցավոր անփութության հետևանքով երկրում այս վիճակն են ստեղծել»:
Կարդացեք նաև
Ամփոփելով Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Մեր գնահատականը հստակ է. սա քաղաքական հետապնդման փորձ է, որը ակնհայտորեն չի հաջողելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ