Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանաքեռի թաղայինն իմ տեղը շատ լավ գիտեր. հրաժարվել եմ ցուցմունք տալուց». Գեղամ Մանուկյան

Ապրիլ 29,2021 16:59

«Տարօրինակ էր՝ կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին՝ վկա եմ»,-քիչ առաջ դուրս գալով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա հայտնեց՝ բառացիորեն գրել է հետևյալը. «Հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021-ի ապրիլի 22-ին դիմակավորված անձինք նվաստացրել և արժանապատվությունից զրկել են արցախյան երեք պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական գործողությունների արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխցի Արարատին, և այդ գործողությունները կարող էին միայն անել թուրքերը, նրանք կատարել են Փաշինյանի հանձնարարությունը, նրանց չեմ համարում հայրենի իրավապահ համակարգ և ցուցմունք տալուց հրաժարվում եմ: Այդքանով իմ հարցաքննությունն ավարտվել է»:

Գեղամ Մանուկյանը վստահեցրեց՝ Արարատի նկատմամբ կատարվածից հետո փոխվել է քննչական համակարգի նկատմամբ վերաբերմունքը: Նա հավաստիացրեց՝ քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ չեն կարողանում տակից դուրս գալ»:

Գեղամ Մանուկյանը նաև տեղեկացրեց՝ կարող էր նույնիսկ չներկայանալ, քանի որ ի վերջո, երբ ծանուցագիր է ներկայացվում. մարդն իր օրակարգը պետք է դասավորի: Իսկ իրեն միայն այսօր առավոտյան են ծանուցագիր բերել: Հետո էլ ասաց. «Քանաքեռի թաղայինն է բերել ծանուցագիրը. նա իմ տեղը շատ լավ գիտեր: Այնպես որ, դժվար թե տեխնիկական վրիպակ լիներ»:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, թե Գեղամ Մանուկյանին ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան: Նրա այն պնդմանը, թե Իշխան Սաղաթելյանը և Տարոն Տոնոյանը որևէ գործով Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել, Գեղամ Մանուկյանը հակադարձեց. «Մանիպուլացրել է: Իշխան Սաղաթելյանն այսօր կանչվել է հարցաքննության մեկ այլ գործի շրջանակում, իսկ պարոն Տոնոյանն այսօր այստեղ է կանչվել մեկ այլ գործի շրջանակում: Գեղարքունիքի մարզում Իշխան Սաղաթելյանի զարմիկն ու եղբայրն են կանչվել հարցաքննության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930