«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը կարգավորում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:
Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում կամ դատապարտվել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով:
Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում: ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նման հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիները կամ կազատվեն քրեական պատասխանատվությունից, կամ նրանց նկատմամբ քրեական գործի հարուցումը կմերժվի, կամ հարուցված քրեական գործի վարույթը կկարճվի, կամ կդադարեցվի քրեական հետապնդումը: Վերահսկողություն չի իրականացվի այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ գտնվում են փորձաշրջանի մեջ:
Կարդացեք նաև
Նշվեց, որ շուրջ 5131 մարդ գտնվում է հետախուզման մեջ:
Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքի նախագիծը համարել է անհետաձգելի եւ կառաջարկի ԱԺ-ին հերթական նիստերի ընթացքում այն քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Հանձնաժողովականներն օրինագծին տվեցին դրական եզրակացություն:
ՀՀ Ազգային ժողով