Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանն առանց թույլտվության ԱԹՍ-ով եւ այլ սարքերով նկարահանելը կարգելվի»․ ԱԱԾ-ի օրինագիծը

Ապրիլ 29,2021 16:43

ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ սահմանին առանց թույլտվության տեսանկարահանումն այսուհետեւ կարգելվի։ Օրինագիծն այսօր քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, իսկ առաջիկայում կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստում։

Ինչպես հայտարարեց օրինագծի զեկուցող, ԱԱԾ պետի տեղակալ,  գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը՝ արգելքի անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանի պահպանության հնարավոր խոցելի դեպքերով։ «Բացի այդ, շատացել են ԱԹՍ-ների միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը։ Որոշակի սահմանափակումներ կիրառելու համար վարչապետի հանձնարարականի հիման վրա ԱԱԾ-ն առաջարկում է լրացնել օրենքը եւ սահմանային շերտ մտած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել ԱԹՍ-ներ, տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտի ինժեներական կառույցները, սահմանապահ զորքերի շինությունները, դիտաաշտարակները, տրանսպորտային միջոցները»,-տեղեկացրեց Ստեփան Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել մինչեւ 2020թ․-ի պատերազմը եւ կապված չէ ԱԱԾ-ի այն հայտարարության հետ, որ Սյունիքի սահմանամերձ հատվածում ԶԼՄ-ները պետք  է նկարահանումներ անեն ԱԱԾ-ի թույլտվությամբ։

Ստեփան Մելքոնյանը շեշտեց՝ այս փոփոխությունը կիրառելի է  բացառապես պետական սահմանի սահմանային շերտում, իսկ Սյունիքի մարզում ձեւավորվող սահմանի դեպքում կիրառվի այն ժամանակ, երբ կտեղադրվեն սահմանային նշաններ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930