«Մեկ տարուց ավելի է, ինչ համաճարակը փոխել է, մարդկանց կյանքի բնույթը, նաեւ կրթական ոլորտում շատ փոփոխություններ են եղել, խնդիր է առաջացել եւ շատ հիմնավորված մտահոգություն, որ երեխաների մեդիակրթությունը չի համակարգվում»,-«Մեդիա կենտրոնի» «Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» հետազոտության համահեղինակ Վիգեն Շիրվանյանը:
Նա ասաց, որ իրենց իրականացրած հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մեդիագրագիտության կարողությունների եւ միջավայրի բարելավմանը՝ համապատասխան փոփոխությունների առաջարկներ ներկայացնելով՝ նախադպրոցական կրթության մեջ, մասնավորապես՝ 4-6 տարեկանների տարիքային խմբի համար:
«Հատկապես այդ տարիքային խմբի չափորոշիչներն են ուսումնասիրվել եւ առարկայական ծրագրերն ու հարակից փաստաթղթերը»,-հավելեց Շիրվանյանը:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով, հատկապես կարանտինի շրջանում, տնից աշխատող ծնողները սկսեցին երեխաներին թույլ տալ օգտվել էկրաններից ավելի հաճախ՝ նրանց զբաղեցնելու համար։
Երեխաները հեռախոսների, համակարգիչների էկրանների առաջ հնարավորություն ունեին ﬕայնակ «նավարկել» համացանցի տարբեր, հաճախ՝ ո՜չ երեխաների համար նախատեսված հարթակներում: Ստացվում է այնպես, որ երբեմն նրանք սպառում են բովանդակություն, որը չեն ընկալում, խաղում են էլեկտրոնային խաղեր, որոնք նախատեսված չեն նախադպրոցական տարիքի համար, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։
Էկրանի առջև երկար ﬓալը նաև ֆիզիկական առողջության հոգեբանության վրա կարող է ազդել, հանգեցնել շփման բարդության, խոսքի հապաղման՝ վաղ տարիքում։ Մասնագետների կարծիքով՝ մյուս կողմից, տեխնոլոգիայի նպատակային կիրառությունը երեխայի զարգացման համար կարող է նոր հնարավորություններ ստեղծել։
Վիգեն Շիրվանյանը նշեց,156 մասնակիցների շրջանում առցանց հարցումներ են արվել, հետազոտությունն իրականացվել է 2020թ դեկտեմբերի 15-ից մինչեւ 2021թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում: Նա փաստեց, որ որոշ կրթական հաստատություններ ակտիվորեն կիրառում են մեդիագործիքներ, դրանց թվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը:
«Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» հետազոտության հեղինակներից Լուսինե Գրիգորյանն էլ նշեց, որ միջազգային փորձը շատ ավելի հարուստ էր, քան հայաստանյանը, ուստի փորձել են գտնել օգտակար բաներ, որոնք կիրառելի կարող են լինել նաեւ Հայաստանում: Խոսքը հատկապես Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ այլ երկրների մասին է:
«Մեդիագրագիտություն ասելով՝ միայն թվային տեխնոլոգիաները չենք հասկանում… Մեդիան նաեւ գիրքն է, նվագարկիչները, թերթը, հեքիաթը»,-ընդգծեց Լուսինե Գրիգորյանը: Նաեւ հավելեց, որ երեխաների հետ աշխատելիս պարտադիր չէ հենց տեխնոլոգիաների ինտեգրումը, բայց դա էլ այսօրվա իրականության մի մասն է:
Նրա ձեւակերպմամբ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում, օրինակ` Սկանդինավյան երկրներում, մեդիան, տեխնոլոգիաները ամենօրյա կյանքի մաս են, ֆինանսական, կրթության, աշխատանքի բաղադրիչ են, ուստի այնտեղ ավելի հանգիստ են նայում այն հարցին, որ երեխաներն օգտագործեն տեխնոլոգիաներ, թեեւ ամեն տեղ կա կախվածություն չառաջացնելու, երեխաներին պասիվ մեդիա սպառման չտանելու մտահոգությունը: Հետազոտության համահեղինակի խոսքով, երբ տեխնոլոգիաները բերում ես կրթության մեջ, առաջինը սահմանափակում ես դրա կիրառությունը, դարձնում ես գործնական, եւ երեխան չի նստում ու զուտ մուլտֆիլմ դիտում, իսկ ուսուցիչները ենթադրաբար խորապես վերապատրաստված լինելով՝ հասկանում են., թե երբ, ինչի համար պետք է կիրառել դրանք: Ընդ որում, խոսքը միայն էկրանի մասին չէ, կարող են կիրառվել պրոյեկտորներ, թվային սարքեր, թվային կշեռքներ եւ այլն՝ կախված նրանից, թե ուսուցիչն այդ պահին ինչ խնդիր է լուծում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի