Ermenihaber. Թուրքիայի պետական պատմագիտական ընկերությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո դարձյալ աշխուժացման նշաններ է ցույց տալիս՝ Հայոց Ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքների առումով։
Տխրահռչակ պատմագիտական ընկերության գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Հալուք Սելվին հայտնել է, որ տեսաշար են պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք հնարավոր է դիտել իրենց YouTube-ի և Twitter-ի էջերում։
Թուրք պատմաբանի խոսքով՝ տեսաշարում մանրամասն ներկայացվելու են հայ-թուրքական առնչությունները հետևյալ խորագրերով՝ «Առաջին շփումները», «Ազգայնականության դարաշրջանում հայ հասարակությունը», «Անատոլիայում առաջին հայկական ապստամբությունները», «Անատոլիայում միսիոներական առաքելությունները և հայկական իրադարձությունները», «Ինպե՞ս ստեղծվեց ցեղասպանության մասին պնդումը», «Տեղահանություն տանող ճանապարհը», «1915թ․ ապրիլի 24-ին ի՞նչ է եղել», «Հայկական սփյուռքն ի՞նչ է ուզում»։
Ցեղասպանության ժխտման քարոզչության էֆեկտն էլ ավելի մեծացնելու համար ուրացման ջատագով գիտնականների կողմից պատրաստված 15 րոպեանոց տեսանյութերը կլինեն անգլերեն ենթագրերով։