Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, և ինչպես տեսնում եք՝ նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել. Փաշինյանը կառավարության նիստում

Ապրիլ 29,2021 15:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Եվ, ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է: Խոսքը կորոնավիրուսից պատվաստման գործընթացի մասին է: Իհարկե , պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք, գուցե, անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց մենք հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլև՝ տնտեսական»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից, և նաև որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաև այս չափանիշով:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից պատվաստման գործընթացի վերաբերյալ. «Այսօր մենք գրանցել ենք 656 դրական նոր դեպք: Այս պահին ունենք վարակված 3 257 քաղաքացի, որից ավելի քան 2000-ը գտնվում է հիվանդանոցներում: Երեկ, ցավոք, գրանցել ենք 16 մահ: Եվ մեծ ցավով պիտի նշեմ, որ մահվան դեպքերով արդեն հատել ենք 4000-ի սահմանը:

Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ, Հայաստանում հասանելի են պատվաստանյութները, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Մի քանի օր է արդեն, կարելի է ասել, որ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Եվ մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը: Անկախ կցագրված վայրից, սիրելի քաղաքացիներ, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բավական բանուկ մասերում, և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:

Պատվաստումների գործընթացը, իհարկե, առաջնահերթ ունի առողջապահական նշանակություն: Այն միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու և թույլ տալու, որպեսզի մենք ի վերջո այս թեման փակված համարենք: Եվ պատվաստումը 100 տոկոսով, բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ կողմնակի ծանր ազդեցության, գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք COVID-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր և, ցավոք, նաև մահվան դեպքերով: Ուստի, խնդրում եմ, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ ներգրավվենք պրոցեսին, և մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարևոր խնդիր է, որ պետք է լուծենք: Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ ևս: Ինձ զգում եմ շատ լավ և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»:

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է պատվաստվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Մենք այսօր ունենք հետևյալ պատվաստանյութները՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ V» և առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից պատվաստանյութ: Եկեք արձանագրենք հետևյալը. եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի: Մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների և գործընկերների նկատմամբ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, և ինչպես տեսնում եք՝ նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ լրատվական շատ մեծ շահարկումներ կան այս առումով:

«Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական: Այնպես, որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե հիմա մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք ուրեմն պայմանավորվենք հետևյալը. նախ՝ մենք, հետո՝ մեր գերատեսչություններում աշխատող մեր գործընկերները: Իմիջիայլոց, շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պատրադիր կլինի պատվաստումը: Եկեք արձանագրենք: Ես չգիտեմ, դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսվա ընթացքում պարտադիր է, որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք, դա ակնհայտ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը մեկ անգամ ևս ընդգծել է պետական բոլոր մարմիններում պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների վերադարձի հարցին և նշել. «Դուք գիտեք, որ մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց, ռազմագերիներին պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց: Ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունն ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Սա շատ կարևոր արձանագրում է: Ընդ որում, կարևոր եմ համարում նաև, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչն, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարևոր է: Այս իմաստով ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»:

Օրենսդրական նախաձեռնություններ. կձևավորվի անհրաժեշտ հարկային միջավայր՝ ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Հիմնավորման համաձայն, ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետբյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:

Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները: Մասնավորապես, ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները: Արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ խոսքն օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է: «Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Եվ մենք ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ մեր գործող հարկային համակարգն այս գործընթացի համար նպաստավոր չէ: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը ՀՀ-ում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը: Նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:

Ինչպես նշել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և ապրանքատեսակներում ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: Ըստ նրա՝ Եվրոպական միության տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում, դեռևս 70-ական թվականներից՝ գյուղատնտեսական ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար: «Կարգավորումները վերաբերում են նաև, թե ինչպիսին պետք է լինեն սուբյեկտները, քրեական որ հոդվածներով պատիժ կրած անձինք չեն կարող լինել մասնակից տվյալ ընկերություններում: Մասնավորապես՝ մասնակիցները, փոխկապակցված անձինք, իրական շահառուները և աշխատակիցները չեն կարողանալու զբաղվել տվյալ գործունեության տեսակով, եթե ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ բավականին լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, ըստ էության նոր ոլորտ են մտնում և ենթադրել, որ մեկ գործողությամբ միանգամից ամեն ինչ կկարգավորեն՝ այդքան էլ իրատեսական չէ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում, ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերը հաշվառվեն, նույնականացվեն ռիսկերի կառավարման մեթոդները, գործիքակազմը հստակեցվեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ արտադրությունների նկատմամբ ամենաբարձր աստիճանի վերահսկողության անհրաժեշտությունը. «Կառավարությունը բոլոր լծակները պետք է ունենա, որպեսզի այդտեղ որևէ այլ զարգացում թույլ չտա և լիցենզավորումը, ընդհանրապես այն ֆինանսական և որակական պահանջները, որոնք դրվում են՝ հնարավորություն կտան, որ երաշխավորենք որևէ հարակից նեգատիվ էֆեկտից»:

Այգեհիմնում կատարող շահառուների համար կմեղմվի գրավի պահանջը

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին կարկտապաշտպան ցանցի անցկացման հնարավորություն ընձեռելու նպատակով: Հիմնավորման համաձայն, միայն 2020 թ. ծրագրի շրջանակում տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5․4 մլրդ դրամ գումարով՝ 494․ 4 հա այգու հիմնման համար։ Սուբսիդավորման գումարը կազմել է 187․3 մլն դրամ: Փոխհատուցման բաղադրիչով տրամադրվել է թվով 7 փոխհատուցում՝ 104․7 մլն դրամի չափով՝ 24․2 հա այգու հիմնման համար։ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված այգեհիմնման համար պահանջվող գումարի մեծության, կարկտապաշտպան ցանցով այգեհիմնում կատարելու դեպքում պահանջվող գրավի չափի և շահառուների մոտ դրա ապահովման միջոցների բացակայության հետ։ Մասնավորապես՝ գրավի միջոցի բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները վարկերը ձեռք են բերում առանց կարկտապաշտպան ցանցի ներդրման բաղադրիչի։ Տվյալ դեպքում տնտեսավարողի համար այգեհիմնման գործընթացը մնում է անավարտ, քանի որ բնակլիմայական աղետներից այգին պաշտպանելու նպատակով հնարավորություն չի ունենում ներդնել կարկտապաշտպան ցանց։ Ըստ այդմ, առաջարկվում է կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին հնարավորություն ընձեռել՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում դիմել ֆինանսական կառույցին և նույն ծրագրի շրջանակում վարկավորվել՝ կարկտապաշտպան ցանցի անցկացման համար։ Տվյալ դեպքում կարկտապաշտպան ցանցի անցկացման համար լրացուցիչ վարկավորումը ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի, ծրագրով սահմանված սահմանաչափերի շրջանակում՝ վարկի գումարի վերահաշվարկ կատարելու միջոցով։ Նշված կարգավորումը հնարավորություն կտա այգեհիմնում կատարող շահառուների համար մեղմել գրավի պահանջի խնդիրը: Մասնավորապես, այն շահառուները, որոնք ցանկանում են այգեհիմնում կատարել կարկտապաշտպան ցանցով, ինչը նախատեսված է ծրագրով, սակայն համապատասխան գրավի անբավարար լինելու պատճառ ով վարկ են վերցրել առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, այգեհիմնումից հետո հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում, նույն ծրագրի շրջանակում հիմնված այգին գրավադրել և լրացուցիչ վարկավորվել կարկտապաշտպան ցանց անցկացնելու համար։

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Էրեբունի քընեքթ» ՓԲԸ-ն կներառվի «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: 2021-2025 թթ.-ին ընկերության կողմից իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 118,820,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 9 նոր աշխատատեղ` շուրջ 250,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Սյունիքի մարզպետարանին: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ՀՀ Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ըստ այդմ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին կհատկացվի 500,000 հազ. դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գործադիրը մեկ այլ որոշմամբ 1,200 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Վերոնշյալ 9 մարզերում կիրականացվեն բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր:

Այլ որոշումներ. 2 մլրդ դրամ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար

Գործադիրը պետբյուջեից շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար: Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրը իրականացվում է փուլային եղանակով՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը: Ծրագրի առաջին փուլն ուղղված է լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր , Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։ Ծրագրի երկու փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930