Պայմանագրային զինծառայող Ռուստամ Սարգսյանը (Գլուլ) պատերազմից առաջ՝ դեռեւս սեպտեմբերի 24-ին էր գնացել սահման և մինչև նոյեմբերի 24-ը եղել է Քարվաճառում` հույս ունենալով, որ գոնե իրենց դիրքը կպահեն։ Ռուստամից դժվար է հարցերի պատասխաններ ստանալ, մի քանի անգամ հասցրել է մերժել հարցազրույցները, դժվարությամբ, բայց վերջապես համաձայնեց որոշ կարևոր դրվագներ պատմել այդ օրերից: Որպես քրոջ դուստր ինձ համար ավելի հեշտ էր նրա հետ խոսելը, քանի որ չէի ասել, թե ինչու եմ գնում իրենց տուն։
Ռուստամը փորձում է ցույց չտալ իր հուզմունքը, ու երբ հարցնում են պատերազմի մասին, ասում է. «Այ մարդ, լավ, թարգեք, ինչ պատերազմ, պատերազմ չենք գնացել, երազ ենք տեսել, որ պատերազմ էր Հայաստանում»։
Հակադարձելով ամուսնուն` Մերին նշում է, որ Ռուստամը անհանգիստ է քնում, երազներ է տեսնում պատերազմի դաշտից, խոսում է քնի մեջ, երբեմն էլ՝ վեր թռչում։ Ու երբ Ռուստամը փորձում է հերքել, Մերին կատակում է, ասում. «Մի օր պիտի ձայնագրեմ»։ Չնայած Ռուստամի կատակներին՝ աննկատ չէ նրա ցավը կորցրած հայրենիքի ու ընկերների հանդեպ։
Կարդացեք նաև
Ռուստամի ավագ դուստրը` Լիլիթը 8 տարեկան է, երբ խոսում է հոր մասին, աչքերը փայլում են։ Լիլիթի հպարտությանը չափ ու սահման չկա՝ հոր մասին խոսելիս։ Տատիկը պատմում է, որ մի օր խանութ է մտնում թոռնուհու հետ, աղջիկը մոտենում է վաճառողուհուն ու հարցնում. «Դուք հերոսի աղջիկ մոտիկից տեսե՞լ եք», և երբ ստանում է «ոչ» պատասխանը, ասում է՝ «Դե տեսեք»։ Լիլիթի կապվածությունը հոր հետ շատ մեծ է։ Զրույցի ողջ ընթացքում հոր գրկից չէր հեռանում, շողշողուն աչքերով էլ կարդում էր սղագրությունը, թե ինչ եմ արագ-արագ գրում ներկաների պատմածներից։ «Երբ պապան գնում էր, ես հիվանդանում էի ու դասի չէի գնում»,-ասում է Լիլիթը ժպտալով ու ավելացնում. «Մի հատ պոստ է, գիտե՞ս՝ գրավել է մենակով»: Մոր պատասխանին` թե մենակ չի եղել, շարունակում է պնդել, որ հայրը մենակ է եղել։
Երեխաներն արդեն հասկացել էին, թե ինչ է պատերազմը, մայրիկին ստիպել են, որ գնա, խանութից զենքեր գնի, որ կռիվ-կռիվ խաղան` իբր պատերազմի դաշտում են։ Ապարանում պատերազմի օրերին արդեն խոսակցություն կար, որ մերոնք նոր դիրք են գրավել։«Զանգ եմ ստացել դասընկերոջիցս, Ռուստամի համարն էր ուզում, ասում էր ՝ զանգենք, շնորհակալություն հայտնենք։ Ներքևից բոլորը լսել էին, թե ոնց են կարեւոր դիրքը գրավել»,-ասում է Մերին։
Արդեն երկար նստել էինք, հասցրել էինք շատ բաներից խոսել, երբ եկավ Ռուստամի ընկերը` Աղասի Գեւորգյանը։ Միասին են եղել պատերազմի օրերին:
Աղասին պատմում է. «Ռուստամը դրսում էր մնում գիշերը, որ ամեն մի շարժումն իմանա, թեկուզ որ քնած էլ լիներ, շուտ իմանար, ձայն լսեր ու ամենաառաջինը արձագանքեր էդ ամեն ինչին, մինչև մյուսները գային»:
Մի անգամ, երբ փամփուշտներ ու այլ իրեր են պետք եկել, Ռուստամը Աղասիից ցածր տարածքում է եղել: Ռուստամն է առաջինը արձագանքել ու որոշել տեղ հասցնել:
«Պատրոն ուզողը ես եմ եղել: Երբ իմացա, որ Ռուստամն է բերելու, մի կողմից վախ կար մեջս, մյուս կողմից էլ ուրախ էի, որովհետեւ բոլորը գիտեին Ռուստամի դուխը, իր կռիվ տալը: Նաեւ գիտեինք, որ եթե վիրավորվենք էլ, Ռուստամը կօգնի»,-ասում է Աղասին: Նրա խոսքով՝ ամեն մեկի համարձակությունը չէր հերիքի, որ անհրաժեշտ իրերն իրենց հասցներ, որովհետև թշնամին շատ բարձր դիրքում էր, եւ զոհվելու հավանականությունը՝ մեծ։
«Արդեն վիրավոր էի, երբ Ռուստամը հասավ ինձ: Տեսավ, որ վիրավոր եմ, աչքերը լցրեց, գոռում էր, որ գնամ, վիրակապել էր ու ստիպում էր՝ իջնեմ ներքև։ Համոզեցի, որ գոնե իր հետ մնամ, տեսնեմ, թե ինչ է կատարվում, կպահեմ իրեն ու կկարողանա առաջ գնալ։ Ռուստամն ու ֆիզռուկ Գևորգը գնացին առաջ…Վերևից սնայպերը խփում էր։ Էդ ժամանակ նռնակները նորից վերցրի ու վազեցի Ռուստամենց հետևից»,-պատմում է Աղասին ու ավելացնում, որ Ռուստամը հատուկ իրեն փամփուշտ չէր տալիս, որ հանկարծ չմտնի կռվի մեջ։ Ռուստամը կռվի ժամանակ ուժեղ հարված էր ստացել սաղավարտին ու ընկել, բայց ողջ էր մնացել՝ հրաշքով։
«Զինամթերքը հասցրել եմ տղերքին, պլան ենք գծել, թե ով ոնց պիտի մտնի դրանց ջարդելու, գնացինք առաջ, թիկունքի տղերքը կրակելով մեզ են պահում, որ գնանք առաջ, մեկը դեմս դուրս եկավ, սկսեցինք իրար վրա կրակել, հենց խփեցին գլխիս, ես ընկա, գլուխս շատ էր ցավում»,-պատմում է Ռուստամը։
Հավելում է, որ ակտիվ շարունակել են կռիվը, քիչ են եղել, ու երբ իրենց ընկերոջը՝ Կարենին են հարվածել, միանգամից հարձակվել են թշնամու վրա. «Երկուսը տրաքացրել են իրենց, երեք հոգի փախել են, բայց Յուրդի պոստը գրավել ենք»։
Լսել էի, որ սաղավարտն է փրկել Ռուստամի կյանքը։ Կինը սրբորեն պահում է այն, նաեւ մեզ է ցույց տալիս: Սաղավարտի տեսքից հասկացվում էր հարվածի ուժգնությունը, ի դեպ, փամփուշտը ներսում էր մնացել:
Արմինե ՍԱՀԱԿՅԱՆ