Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ վախեցող եմ, ոչ էլ քեզնից քաշվող եմ»․ Սասուն Միքայելյանը կրկին բղավեց լրագրողի վրա

Ապրիլ 29,2021 14:25

«Չեմ ասել, որ հիմա տողատակում բան փնտրեք։ Թերացման խնդիր չկա։ Ընդհանուր իրավիճակն է, որ ասում եմ՝ ավելի արագ կարելի է կարգավորել։ Բերեք այն խնդիրները, որոնք կապված են ՀՀ-ի եւ հայ ժողովրդի հետ, մի տարեք ուրիշ դաշտ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խոսելով բանակի խնդիրների մասին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը։ Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ խնդիրների մասին է խոսքը, Միքայելյանն էլ ի պատասխան ասաց․ «Ես քո հարցերին չեմ ուզում պատասխանել, եւ հետո ասում եմ՝ ժամանակի մեջ պետք չէ ձգել։ Այս տարածաշրջանի կարգավորումն է դա»։

-Պատերազմից հետո Փաշինյանն Արցախ չի գնացել, դուք գնացե՞լ եք։

-Դու մի քիչ արի այս դաշտ։ Այդ քո հարցերը․․․մարդկային դաշտ։

-Ես մարդկային դաշտից եմ հարց տալիս։

-Մի րոպե՜։

-Մի գոռացեք խնդրում եմ։

-Դու էլ ուրիշ հարցեր մի տուր։ Ես ոչ վախեցող եմ, ոչ էլ քեզնից քաշվող եմ։

-Դուք պատգամավոր եք, մենք էլ հարց ենք տալիս։

-Ես պատերազմից հետո մինչեւ հիմա ոչ մի վնաս չեմ տվել ներքաղաքական իրավիճակին ու բանակին։ Եթե այսօր Շուշիից ու Հադրութից ենք խոսում, նախորդ իշխանությունն իր գումարներով կարող էր Շուշիից Հադրութ թունել գցել։ Իրենք միշտ ասել են, որ բանակցային փուլով այս հարցը չի լուծելու։

Հիշեցնենք, որ վերջերս Եռաբլուրում միջադեպ էր գրանցվել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Անի Գևորգյանի միջեւ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930