Շուտով Հայաստանը կորոնավիրուսի դեմ չինական արտադրության պատվաստանյութ է ստանալու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս պատվաստանյութի մասին ասաց՝ այն բաց է լինելու բոլորի համար եւ 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու։ Դիտարկմանը՝ կարծիք կա, որ դրա արդյունավետությունը 50-60% է, նախարարն այսպես արձագանքեց․ «Արդյունավետութjունը կողմնորոշիչ շատ կարեւոր ցուցանիշ է, բայց պետք է հասկանալ, որ արդյունավետությունը վերաբերում է հիվանդությունն անախտանիշ տանելուն։ Բոլոր հաստատված պատվաստանյութերը հարյուր տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից, ինչը մեր նպատակն է։ Ցավով եմ նշում՝ մահվան դեպքերը 4 հազարը հատել են, եւ կարծում եմ՝ սա աղետալի վիճակ է, եւ եթե կա միջոց դրա դեմ պայքարելու, ապա կարող ենք Հայաստանն առաջ տանել այն երկրների շարքում, որոնք չեն տրվում մանիպուլյացիաներին եւ զարգացման հնարավորություն ունեն»։
Նախարարն ասաց, որ պատվաստվելով` քաղաքացիները բժիշկներին էլ այս բարդ իրավիճակից կազատեն․ «Իսկապես, նրանք հոգնել են, մարդիկ տարուց ավելi է` օր ու գիշեր պայքարում են մարդկանց կյանքը փրկելու համար»։
Ամերիկյան պատվաստանյութեր ձեռք բերելու մասին էլ նախարարն ասաց՝ նախնական համաձայնություն կա ամերիկյան «Novovaks» պատվաստանյութի վերաբերյալ։ Այն եւս ունի սառցային շղթայի բավական հեշտ պայմաններ։ Իսկ «Moderna» եւ «Pfizer» պատվաստանյութերի ձեռքբերումը կախված կլինի քանակներից, մատակարարման ժամկետներից, որովհետեւ պիտի պատրաստենք մեր ենթակառուցվածքները նման պատվաստանյութի ընդունման եւ բաշխման գործընթացում։ Բացի այս, արտադրող երկրները նպատակ ունեն նախ իրենց քաղաքացիների հարյուր տոկոսով պատվաստումն ապահովել, եւ պատվաստանյութի ձեռք բերման շատ մեծ մրցավազք է աշխարհում»։
Անդրադառնալով առաջիկա քարոզարշավին, արդյոք ռիսկ կա՞ վարակակիրների թվերի աճի, տիկին նախարարն ասաց․ «Մենք մշակել ենք լրացուցիչ միջոցառումների շրջանակ, որը կօգնի հնարավորինս ռիսկերը նվազեցնել։ Իհարկե, զանգվածային հավաքները, առավել եւս եթե կանոնները չեն պահպանվում, դրանք ռիսկ են։ Եթե մենք պատվաստումային այս պատուհանը ճիշտ օգտագործենք, ապա ընտրություններին ավելի պաշտպանված կլինենք»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ