Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ Քոչարյանին․ «Մարդիկ, որոնք փորձում են ֆոն ստեղծել, որ Հայաստանում ամեն ինչ վատ է՝ որեւէ կապ չունեն իրական աշխարհի եւ իրական թվերի հետ»

Ապրիլ 29,2021 13:26

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին ներդրումների մասին, հիշեցրեցին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ ներդրումներ գրեթե չկան, որեւէ խելամիտ ներդրող Հայաստանում ներդրում չի անի։

Ի պատասխան այս պնդումների, պարոն Քերոբյանն ասաց․ «Այն մարդիկ, որոնք փորձում են ֆոն ստեղծել, որ Հայաստանում ամեն ինչ վատ է, նրանք որեւէ կապ չունեն իրական աշխարհի կամ իրական թվերի հետ»։

Նախարարին չեն գոհացնում այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշները, բայց ինչպես ինքն ասաց՝ միեւնույն է, տարեվերջին ապահովելու է երկնիշ տնտեսական աճ․ «Եվ կարող եմ ասել՝ բազմաթիվ ներդրողներ՝ անկախ սպասվող ընտրություններից, իրենց գործն անում են, շատ մեծ թափով ներդրումներն ընթանում»։

Հիշեցնենք, այս տարվա մարտին 2020 թվականի մարտի համեմատ ՏԱՑ-ը նախորդ տարվա մարտի համեմատ 3.8% աճ է գրանցել, մարտը՝ փետրվարի նկատմամբ՝ 9.6% աճ։ Մինչդեռ ապրիլի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր՝ իմ հաշվարկով` այս մարտին 7-7․5% աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, պարոն Քերոբյանն ասաց՝ սահմանի բացման հարց առայժմ օրակարգում չկա․ «Երկարացնելու ենք արգելքը թուրքական ապրանքների ներկրման։ Ըստ ամենայնի, ավելացնելու ենք վաճառքի արգելքը, այսինքն, կապ չունի երբ է ներկրվել, որովհետեւ որոշակի զարտուղի ճանապարհով կարողանում են ներմուծել։ Այստեղ մոտեցումը պետք է լինի սիմետրիկ՝ երբ քաղաքական մակարդակում որոշում կայացվի հարաբերությունները սիմետրիկ վերականգնելու, որը իմ լիազորություններից դուրս է, այդ ժամանակ կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից։ Ես ասել եմ՝ մեր տնտեսությունը պետք է ուժեղանա, որպեսզի կարողանա դիմագրավել այն ճնշումներին, որոնք կարող են առաջանալ, եթե երբեւիցե սահմանները բացվեն»։

Հարցին՝ եթե խոստումը չկտարի՝ տարեվերջին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ի՞նչ կանի, նախարարը պատասխանեց․ «Եթե երկնիշ տնտեսական աճ չափահովեմ՝ հրաժարական եմ տալու։ Գո՞հ եք»

Թե ի՞նչ քայլեր են անում գյուղատնտեսությունը զարգացնելու համար, նախարարը նշեց՝ գյուղատնտեսությանն աջակցող ծավալուն ծրագրեր կան, հազարավոր հեկտարներով այգիներ են տնկվում․ «1-2 շաբաթից մի նոր համալիր եմ այցելելու, որտեղ ինտենսիվ նոր այգիներ են տնկել, որոնք կտրուկ աճեցնելու մեր գյուղատնտեսական արտադրությունը, եւ ընդհանուր բերքատվությունը մի քանի տարում։ Այս տարի էլ մեծ փոփոխության ենք սպասում, մի քանի տարի առաջ տնկված այգիները սկսելու են լավ բերք տալ։ Անցած տարի գյուղատնտեսությունն ամենալավ պահած ճյուղերից մեկն է՝ ի տարբերություն այլ ճյուղերի, որոնք անկում էին ունեցել, գյուղատնտեսությունը համարյա ոչ մի անկում չի ունեցել։ Այս տարի կտրուկ աճ ենք ակնկալում»։

Նախարարը վստահեցրեց՝ աշխատում են, որպեսզի ապահովեն անխափան ճանապարհները դեպի հյուսիսային շուկա՝ ՌԴ, ինչպես նաեւ ապահովել հայկական մթերքների անխափան վաճառքը Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ այլ խոշոր քաղաքներում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930