Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցավ 2 տարի, եւ Դավիթ Տոնոյանը խոստացածը չարեց, դրա համար մենք ենք շրջանառում այս նախագիծը»․ Գեւորգ Գորգիսյան

Ապրիլ 29,2021 13:16

«Սա ընթացքում բնականաբար պետք է, բայց առավել եւս հիմա արագի մեջ մեր պաշտպանությունը պետք է ապահովենք հնարավոր տեխնիկայով, մասնագետներով՝ թեկուզ «Պատիվ ունեմ» ծրագրով։ Կազմակերպված պետք է լինել «ֆրոնտում»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության նախագահ» Սասուն Միքայելյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ ՀՀ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերական համալիրին կից գիտական կենտրոն, որի աշխատանքը կբխի պետության ու բանակի կարիքներից։

Սասուն Միքայելյանը կարծում է, որ այս առաջարկը հետագայի լուծում է, մինչդեռ հիմա հրատապ հարցեր կան։ «Հիմա ամեն ինչ գնում է դեպի գիտություն, բայց տարիների ընթացքում են միլիարդների ներդրում անում եւ արդյունք ստանում։ Դրա համար ուզում եմ ասեմ՝ եկեք մի հատ ներկայի մասին մտածենք։ Այն, ինչ տեսանք, մեզ դաս չեղավ։ Սա այսօրվա քննարկման առարկա չի։ Առաջնագծում մեկ մարդն ավելի կարեւոր է, քան տասը հոգի անհասկացողները»,-նշեց Միքայելյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին մատնանշեց, որ կառավարությունը եւ կառավարության ղեկավարը վերջերս շեշտել են գիտության կարեւորությունը բանակի հետագա զարգացման համար․ «Կարեւորությունը բոլորն են գիտակցում, իսկ պատերազմը ցույց տվեց, որ այո, ուշացել ենք շատ հարցերում, ինչը բարդ խնդիր է։ Բանակի հզորացման համար նախ պետությունը բոլոր կառույցներով պետք է հզորանա»։

Նախագիծը ներկայացնող ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ի պատասխան շեշտեց՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել էր այս օրենսդրական նախաձեռնությունը, եւ վերջինս վստահեցրել էր, որ դրանից ավելի մեծ օրենսդրական փաթեթ է նախապատրաստվում․ «Անցավ երկու տարի, եւ իր ասած փաթեթից ոչինչ չարվեց, այդ պատճառով ես շրջանառության մեջ դրեցի այս նախագիծը։ Չարվեց այն, ինչ խոստացել էր նախարարը։ Լավ կլիներ, որ արվեր։ Վերջին պատերազմից պարզ է, որ հիմա նախորդ պատերազմին ենք պատրաստվում․ եթե առաջ չնայենք ու չպատրաստվենք վաղը չէ մյուս օրվա պատերազմին, նորից հանկարծակի ենք գալու պարզ բաներից, որոնց դեմը կարելի էր առնել, եթե ունենայինք բավարար կամք՝ հաշվարկներով եւ գիտական հենքով կառուցելու մեր անվտանգությունը։ Ոնց հասկանում եմ՝ այսօր էլ չենք ուզում լուրջ փոփոխություններ իրականացնել այս ոլորտում»։

Այնուհետեւ հանձնաժողովականները մեծամասամբ դեմ քվեարկեցին նախագծին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930