Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է»

Ապրիլ 29,2021 12:47

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ, եւ ասաց, որ սա միակ միջոցն է աղետալի մահերը զսպելու։

«Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից։ Ռիսկը պատվաստանյութից որեւէ թեթեւ կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք քովիդով վարակվելու եւ դրա հետեւանքով առողջության վրա ծանր ազդեցության եւ մահվան դեպքերի հետ»,-ասաց տիկին Ավանեսյանը եւ կառավարության իր գործընկերներին հորդորեց պատվաստվեն եւ իրենց օրինակով ցույց տան, որ սա առաջնային կարեւոր խնդիր է․ «Ես երեկ պատվաստվել եմ, ինձ շատ լավ եմ զգում»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ եկեք պայմանավորվենք, որ մի շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա գտնվողները կպատվաստվեն։

«Մենք ունենք «AstraZeneca», «Sputnik V», առաջիկայում Չինաստանից պատվաստանյութ կստանանք։ Եթե որեւէ պատվաստանյութ ներկայացնի որեւէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանն ու կյանքին` կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի։ Մենք մեծ հարգանք ունենք բոլոր պատվաստանյութեր արտադրողների նկատմամբ, մեր փոխվարչապետն ու նախարարը պատվաստվել են «AstraZeneca»-ով եւ ինչպես տեսնում եք՝ նստած են այստեղ, եւ նրանց հետ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Սա ասում եմ, որովհետեւ այս առումով լրատվական շատ մեծ շահարկումներ կան եւ կարեւոր եմ համարում, որ մենք մեր պոտենցիալն ամբողջությամբ օգտագործենք։ Զարմանալի չէ այն արշավը, որ կա Հայաստանում, որովհետեւ պատվաստումների դեմ վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսվել, որոնք չգիտես թե ինչ նպատակ ունեն։ Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է։ Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է՝ բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական»։  Նա նաեւ հիշեցրեց՝ շուտով ամբողջ աշխարհում որեւէ ճամփորդության համար քովիդի դեմ պատվաստումը պարտադիր է լինելու։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՌԴ-ի հետ կա պայմանավորվածություն, որ ընդհուպ 1 միլիոն դոզա պատվաստանյութ ենք ձեռք բերելու․ «Բանակցություններ են վարվում նաեւ մյուս գործընկերներից էլ շատ մեծ քանակներով պատվաստանյութ բերելու Հայաստան։ Պատկերացրեք, բերենք այդ ամեն ինչը, պետական ահռելի միջոցները ծախսենք, եւ վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում։ Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ։ Այնպես որ, պատվաստանյութերի վերաբերյալ շահարկումներին պետք է ուշադրություն չդարձնել»։

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Հայաստանը կորոնավիրուսի դեմ  պատվաստանյութ է բերել, որի ժամկետը մայիսին է լրանում, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ամեն ինչ ունի իր ժամկետը․ «Քաղաքացիները կպատվաստեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութով»։

Պարոն Փաշինյանն ասաց, որ բիզնեսը պետք է շատ շահագրգռված լինի պատվաստվելու, որովհետեւ եթե առաջիկա մեկ ամսում պատվաստման շոշափելի առաջընթաց չարձանագրենք` մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է մեծ խնդիր ունենալ․ «Շատ կարեւոր եմ համարում, որ խլացվեն բոլոր այն ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930