Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Ադրբեջանում գտնվող հայ գերեվարվածների խնդրին։ Նա ասաց, որ սա մեզ համար ամենացավոտ խնդիրն է։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց, չի կատարում․ «Եվ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ ուշ երեկոյան Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում շատ կոնկրետ ու հասցեական արձանագրվում է՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Ընդ որում, նաեւ կարեւոր եմ համարում, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաեւ իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարեւոր է։
Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարեւոր է։ Եվ դա մեծացնում է լավատեսությունը, որ այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ։ Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար եւ հետեւողական։ Այս հարցը միանշանակ դրական լուծում պիտի ստանա»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ