Էկոնոմիկայի նախարարությունում հաստիքների կրճատում է կատարվում․ նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության եւ մոնիթորինգի, նորարարությունների վարչության մարզային բաժինների աշխատակիցներին ազատում են աշխատանքից։
Այսօր կառավարության շենքի այս վարչության մարզային կառույցների աշխատակիցները բողոքի ցույց էին անում, նրանք ասում էին՝ նախարարի որոշումն անհիմն է, իրենց աշխատանքը գնահատվել է ոչ արդյունավետ․«Թող մեզ փոխարինեն ավելի բարձրորակ մասնագետներով, այլ ոչ թե քանակական ջարդ անեն, համարելով, որ օպտիմալացնում են»։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց՝ մենք փորձում ենք լինել արդյունավետ եւ հարկատուների միջոցները ծախսել որքան հնարավոր է արդյունավետ, եւ որպեսզի մեր արած գործողությունների արդյունքում ստեղծենք հնարավորինս բարձր արժեք։
«Այդ գործողությունների ընթացքում լինում են որոշակի փոփոխություններ, նախարարության մյուս կառույցներում եւս փոփոխություններ են արվում, որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն, ստեղծվում են։ Օրինակ ՝ մենք չունենք արտահանման համար պատասխանատու վարչություն, հիմա դա ստեղծում ենք»,-ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց՝ օպտիմալացվող մարզային այդ կառույցների գրասենյակներ այցելել է, քննարկումներ եղել են․ «Իրենց գործառույթների մի մասը, օրինակ՝ մոնիթորինգն է, դա պատրաստվում ենք պատվիրակել բանկերին, կամ այն ընկերություններին, որոնց միջոցով մենք ֆինանսական միջոցներ ենք մղում գյուղատնտեսություն եւ դրա հաշվին օպտիմալացնում ենք։ Ինչ վերաբերում է մյուս գործառույթներին, դրա լուծումները գտել ենք, եւ այնպես չէ, որ ամբողջ աշխատակազմը կրճատել ենք այդ վարչության, մի մասը մնացել է եւ պետք է շարունակի կատարել գործառույթները, որոնց համար մենք վստահ ենք, կա բավարար ռեսուրս»։
Վահան Քերոբյանի վստահեցմամբ՝ «Մեր ջանքերն ուղղված են գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելուն։ Այս առումով մենք շատ մեծ ջանք են ներդնում նաեւ գյուղերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծելուն, որպեսզի մարդիկ դատապարտված չլինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվել, ունենան այլ գործերով զբաղվելու հնարավորություններ։ Օրինակ՝ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում մի ներդրող մեծ ջրային պարկ է ստեղծում, զբոսաշրջային գրավիչ կենտրոն է, որտեղ 160 անձ աշխատատեղ է ունենալու ոչ գյուղատնտեսության մեջ։ Այսինքն՝ մենք փորձում ենք այնպես անել, որ մարդիկ պարտադրված չլինեն փոքր հողակտորների վրա իրենց գոյությունը պահպանել, այլ ունենան այլընտրանքներ»։
Ըստ նախարարի, եթե ինչ-որ մարդ անում է աշխատանք, որն այլեւս պետք չէ կամ կարելի անել թվային ձեւով կամ արդիական ձեւով, ապա այդ արդիականացումը պետք է արվի․ «Մենք շատ ենք խոսում արտադրողականության բարձրացման մասին եւ դա ոչ պակաս չափով վերաբերում է նաեւ պետական համակարգին, կառավարման համակարգին։ Ես սա ընդամենը մի օրինակ է։ Իհարկե, կարելի է ոչ մի բան չանել, ասել՝ ստատուս քվոն թող շարունակվի, դա մեր երկրին չի տանի դեպի առաջընթաց, որը անձամբ իմ ծրագրերի մեջ չի մտնում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ