Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- շեշտել է նա:
Արայիկ Հարությունյանը, ըստ էության, կրկնում է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ՝ 2020-ի նոյեմբերի 29-ին հնչեցրած արդարացումը:
Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգը փորձում է ամեն կերպ պատերազմի խայտառակ արդյունքների մեղքը բարդել ուրիշի վրա՝ բանակ, հասարակություն, ընդդիմություն: Եվ ոչինչ, որ հենց իրենք ունեին պատերազմը դադարեցնելու լիազորություն, և, որ հենց իրենք են մերժել պատերազմի առաջին օրերին մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկները. Նիկոլ Փաշինյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը, Արայիկ Հարությունյանը՝ նախկին նախագահների, որովհետև չի ցանկացել խախտել Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակցությունը:
2020-ի դեկտեմբերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ պատերազմի երրորդ օրն արդեն Արցախում էր, և 1,5-2 օրը բավական էր հասկանալու՝ լրջագույն խնդրի առաջ ենք, ուստի օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ՝ լուրջ զիջումներով:
Կարդացեք նաև
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ նույն եզրահանգմանն է եկել, ինչ Օնիկ Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ էր անում հոկտեմբերի սկզբին պատերազմի հետևանքները քաջ գիտակցող Արայիկ Հարությունյանը․ այո՛, շարունակում էր իր ներդաշնակ քայլքը Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողքով: Բավական է հիշել հոկտեմբերի 5-ին Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում հայտնի խորհրդակցությունը հայտնի օպերացիայի շուրջ, և Արայիկ Հարությունյանի՝ դռան հետևում սպասելը Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի առանձնազրույցի ավարտին, երբ պատրաստվում էին Սամվել Բաբայանի ասած՝ Քյանդ-Հորադիզ օպերացիային:
Սրանից հետո ականատեսը եղանք Արայիկ Հարությունյանի արկածախնդիր մարտակոչերին՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 29-ին Շուշիից, երբ արդեն պարզ էր՝ պատերազմը հասել է Շուշիի տակը:
Այն, որ հայաստանյան ընդդիմությունը, 168.am-ի տեղեկություններով, սկզբում չի աջակցել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին՝ ԱԽ նիստում պատերազմի 4-րդ օրն արած հայտարարության համատեքստում, դա այլ թեմա է, բայց պետք չէ սեփական հանցավոր արկածախնդրության, կամակատարության արդյունքում ստեղծված իրավիճակի մեղքը բարդել դիմացինի վրա, որի մեջ Նիկոլ Փաշինյանի անունն ուղիղ տեքստով երբևէ չի հնչում՝ չհաշված մեկ-երկու անգամ ինչ-ինչ ակնարկները, թե ՀՀ-ից օգնություն չի հասել:
2018-ին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ժամանակին ՀՀ իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի եկած Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը ներդաշնակեցրեց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»՝ երկրորդ պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:
Եվ հենց այստեղ է, որ տեղի ունեցավ Արցախի իշխանությունների կամ Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախկին իշխանությունների տեսակետի և առաջարկի մերժումը, և, ըստ էության, ոչ նպաստավոր գործընթացի սկիզբը դրվեց:
Այն ժամանակ 168.am-ը ահազանգել էր, որ «առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ, գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել»:
Մեր այս ահազանգից մոտ 20 օր հետո ունեցանք Ադրբեջանի սանձազերծած պատերազմ, դրանից 44 օր հետո՝ Արցախի տարածքների 75 տոկոսի կորուստ, Արցախի անորոշ կարգավիճակ կամ փաստացի կորսված, խաղաղապահների առկայություն, Արցախի ՊԲ-ի, լավագույն դեպքում՝ «պայմանագրային ապագա»:
Ավելին, Արցախի նախագահն այսօր բարդագույն խնդիր ունի տնտեսապես, անվտանգային առումով պահելու մնացած 25 տոկոսը, և, ըստ էության միակ փրկությունը և անվտանգության ապահովումը սպասում է ՌԴ-ից՝ գոնե ԼՂԻՄ-ի տարածքի վերադարձից մինչև ՌԴ կազմում հովանի գտնել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանից, որի հետ այդքան ներդաշնակ դիրքորոշումներ ունեին Արցախի հարցում:
Հետո՞ ինչ, որ վերջերս նորից Փաշինյանի հետ միաբերան Արայիկ Հարությունյանը սկսել է կրկնել՝ Արցախն ապագա ունի, մինչդեռ չի խորշում տնտեսաբնակարանային ապահովություն գտնել Երևանում: Դե այսօր Արցախում ռուս խաղաղապահն ավելի շատ հարց է լուծում, քան Արայիկ Հարությունյանը՝ որպես նախագահ, և մեկ է՝ նա կլինի Արցախո՞ւմ, թե՞ Երևանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։