Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենալավ բանը, որ արել ենք, այն է, որ ժողովրդին վերադարձրել ենք արժանապատիվ ապրելու զգացողությունը». Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»

Ապրիլ 29,2021 11:45

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

– Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած վերջին այցից հետո ինչպե՞ս եք պատկերացնում նախընտրական քարոզարշավը, մտահոգություն չունե՞ք, որ ձեզ էլ նույնկերպ կողջունեն, ինչ Փաշինյանին Սյունիքում, եւ, ընդհանրապես՝ նման պայմաններում ի՞նչ հույսով եք գնում ընտրությունների։

– Բոլորովին, գիտե՞ք ինչու, որովհետեւ ես գիտեմ, որ այդ մասսան՝ խաժամուժը, չի հասցնի գնալ եւ այդ նույնը կատարել մյուս վայրերում։ Եթե դուք մտածում եք, որ մենք չգիտենք, թե այդ մասսան ինչպես է ուղղորդվել, ում կողմից եւ ինչու, շատ սխալվում եք։ Մենք էլ մեր հաշվարկներն ենք արել, եւ կարող եմ ասել, որ Սյունիքի շուրջ 60 տոկոսը չի գնա հների հետեւից, որովհետեւ նրանք տեսել են հների թալանը, սրիկայությունը։ Սյունիքում ոչ ոք չի ուզում, որ լիսկաները վերադառնան։

– Դուք կարծում եք, որ Սյունիքում հիմա անվտա՞նգ է, ու լիսկաներն ավելի վախենալու են, քան ադրբեջանցինե՞րը, որոնց սյունեցին այսօր ամեն օր տեսնում է իր տնից մի քանի մետրի վրա։

– Դուք տանում եք ուրիշ դաշտ, եթե խոսքը Շուռնուխի 12 տների մասին է, Դուք պետք է հստակ իմանաք, որ լիսկաների ժամանակում է, որ այդտեղ որոշակի գումարներ վերցնելով՝ սյունեցիներին թույլ են տվել տներ ու շենքեր կառուցել այդ մասում, խաբել են ժողովրդին, թե դա մերն է։ Իսկ հիմա, երբ որ սահմանազատվում է, սահմանազատվում է այն, ինչ կա իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը, եւ այդ սահմանը մենք չենք գցել։

– Լավ, ասացեք, խնդրեմ, ի՞նչ եք ասելու ձեր ընտրողին, ի՞նչ լավ բան եք արել անցած 3 տարում, որի համար ձեզ պետք է նորից վստահության քվե տան։

– Ամենալավ բանը, որ արել ենք, այն է, որ ժողովրդին վերադարձրել ենք արժանապատիվ ապրելու զգացողությունը։

– Դուք նաեւ հայտարարում եք, թե Սյունիքում խաժամուժն է ընդվզել Փաշինյանի դեմ։ Սյունիքում բոլորը խաժամո՞ւժ են։

– Դուք լսեք ամբողջ սյունեցիների կարծիքը։

– Իսկ որտե՞ղ էին իշխանության աջակիցները, ինչո՞ւ այդ օրը դուրս չեկան փողոց, որ աջակցեին վարչապետին։

– Չգիտե՞ք՝ ուր էին այդ մարդիկ, վախեցրել էին նրանց, որովհետեւ դեռեւս գործում են նախկին ժամանակվա բանդիտական խմբեր։

– Փաստորեն, այնքան ապաշնորհ իշխանություն ունենք, որ Հայաստանում բանդիտական խմբեր են գործում։

– Մեր դժբախտությունն այն է, որ չգնացինք իրական հեղափոխության սկզբունքներով, հենց սկզբից պետք է բոլորին կուլակաթափ անեինք, դնեինք իրենց տեղերը, որ այսօր դուրս չգային ու չվայրահաչեին ու այսօր էլ մեզ ամեն ինչում մեղադրեին։

Այո, գուցե մեր խնդիրն է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն դարձրինք։ Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ադրբեջանցիներն արագացրին պատերազմը, նրանք հասկացան, որ եթե եւս մի քանի տարի անցնի, Հայաստանն այն ուժգնությամբ, որ այսօր թռիչք է կատարում իր պաշտպանական եւ բոլոր բնագավառներում, չէր կարողանալու անել այն, ինչ որ եղավ։ Եթե Հայաստանի անկումը շարունակվեր, ինչպես նախկինում էր, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի։ Ադրբեջանն ու Թուրքիան հասկացան, որ Հայաստանը թռիչք է անում դեպի վերեւ, եւ պետք է դադարեցնել նրա թռիչքը, խանգարել։ Ահա՝ սա էր պատերազմի հիմքը, նրանք տեսան, որ եկած իշխանությունները հզորացնում են Հայաստանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930