Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ պահին Արցախում, ամենից շատն էր օգնություն անհրաժեշտ». ապագա բժիշկ զույգ եղբայրների պայքարը՝ պատերազմի և կորոնավիրուսային համավարակի առաջնագծում

Ապրիլ 29,2021 13:54

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ծնունդով գյումրեցի զույգ եղբայրներ Վահան և Վարդան Վահանյանները սովորում են Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։ Արցախյան վերջին պատերազմի առաջին իսկ օրը մեկնել են Արցախ՝ վիրավոր զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

«Պատերազմը հենց սկսվեց, մեր աշխատավայրից ասացին, որ բուժանձնակազմ է պետք, այդպես որոշեցինք գնալ։ Սեպտեմբերի 27-ի լույս  28-ի գիշերն անձնակազմով  հասանք Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց»,-պատմում է ապագա բժիշկ եղբայրներից Վարդան Վահանյանը։ Մինչև պատերազմը և պատերազմից հետո էլ՝ զույգ եղբայրները աշխատում են առողջապահական առաջնագծում՝ Քովիդ -19-ի դեմ պայքարի կենտրոններից մեկում, վերակենդանացման բաժանմունքում։

Պատերազմի ժամանակ Արցախ մեկնելը եղբայրների համար պարտք էր՝ միանալ «սպիտակ բանակի» զինվորներին՝ օգնելու հայրենիքի համար առողջությունն ու կյանքը վտանգած պաշտպաններին։

Վահանն ու Վարդանը կամավոր, առանց վարանելու մեկնեցին Արցախ և ռազմական գործողությունների ամենածանր օրերին՝ պատերազմական առաջին երկու շաբաթվա ընթացքում, իրականացրեցին մասնագիտական առաքելությունը։

«Մենք գնացել էինք որպես անեսթեզիստներ։ Արցախ գնալու գիշերը Ստեփանակերտի հիվանդանոցում հարաբերական հանգիստ էր, բայց առավոտյան սկսեցին բուժկենտրոն տեղափոխել վիրավոր զինվորների, շատ դժվար իրավիճակ էր։ Բուժանձնակազմի հետ համատեղ անում էինք այն, ինչ կարողանում և հասցնում էինք։ Անձնակազմը պրոֆեսիոնալ էր։ Ես շատ կցանկանայի, որ գնահատվի հենց այն բժիշկների աշխատանքը, որոնք օրուգիշեր, առանց աչք փակելու կատարում էին բժշկի իրենց առաքելությունը»,-պատմում է Վարդան Վահանյանը։

Վահանը ավելացնում է՝ եթե ընտրել են բժշկի մասնագիտությունը, ապա կարևոր չէ՝ ինչ պայմաններում են աշխատում, պետք է մարդկանց օգնություն ցուցաբերել։

«Այդ պահին Արցախում, ամենից շատն էր օգնություն անհրաժեշտ: Մենք ընտրել ենք բժշկի մասնագիտությունը, և մեզ համար նույնպես կարևոր էր գնալ և օգնություն ցույց տալ դրա կարիքն ունեցողներին»,-նշում է Վահանը։

Դեռ պատերազմից առաջ առողջապահական ծանր մարտահրավերն ապագա բժիշկներին սովորեցրեց պայքարել առաջնագծում, էքստրեմալ պայմաններում հիվանդին ցուցաբերել բուժօգնություն։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի պայմաններում կամավոր աշխատանքն էլ ավելի բարձրացրեց տղաների պատասխանատվության զգացումը մասնագիտության հանդեպ։ «Անսովոր էր՝ արտահագուստ, վերակենդանացման բաժանմունք, ծանր վիճակում գտնվող հիվանդներ։ Մենք մեր ուսանողական խմբով էինք պայքարում կորոնավիրուսի դեմ, այդ խմբով էլ մեկնեցինք ռազմաճակատ»,-ասում է Վարդանը։

Բժշկական մայր բուհի ուսանող զույգ եղբայրները բուժօգնություն են ցուցաբերել հրետանային զենքից, արկերի բեկորներից ծանր վիրավորում ստացած զինծառայողներին։ Նրանք փաստում են, որ շատ քիչ էին հրազենային վնասվածքով դեպքերը։ Վիրավոր տղաների մեծամասնությունը հիվանդանոց էին տեղափոխվում՝ ձեռքը, ոտքը կորցրած։

Վահանն ու Վարդանը հիշում են Շուշիից տեղափոխված մեծ թվով վիրավորներին։ Նրանցից միայն մեկն էր, որ ստացել էր տեղային անզգայացում և ի վիճակի էր շփվել բուժանձնակազմի հետ։ Ապագա բժիշկ եղբայրները, հավանաբար, կընտրեն ռեանիմատոլոգի նեղ մասնագիտությունը։ Որոշումը կայացրել են Քովիդ բաժանմունքում աշխատելու ընթացքում։

«Ռեանիմատոլոգն ամեն ինչից ավելի շատ է տեղեկացված», -նշում է Վահանը։

Արցախյան պատերազմն ու համավարակը վերարժևորել են բժշկի մասնագիտության ընտրությունը։ «Ավելի շատ սկսեցինք գնահատել մեր ընտրած մասնագիտությունը։ Բժիշկ լինելու համար պետք է մարդ տեսակը լինի մասնագիտությանը համապատասխան»,-նշում է Վահան Վահանյանը։

Նրանց խոսքով, պատերազմն իրենց կյանքում ոչինչ չի փոխել, այն ընդամենը, տղաների ձևակերպմամբ, դառը փորձ էր, որ կարող էր և չլինել. «Ափսոսում ենք մեր զոհված տղաների, զինվորների համար, որոնք ձեռք բերեցին հաշմանդամություն, անդամահատվեցին, որոնք հիմա պայքարում են երկրորդ ճակատում՝ լիարժեք բուժվելու և ոտքի կանգնելու համար»։

ԵՊԲՀ ուսանողները նշում են, որ Ստեփանակերտի հիվանդանոցում շատ էին Հայաստանից գնացած բժիշկները, վնասվածքաբաններ էին ժամանել նաև Ռուսաստանից։

«Իրենց օգնությունը շատ մեծ էր, քանի որ վիրավորները շատ էին։ Մոսկվայից եկած բժիշկները ճիշտ ժամանակին հասան՝ օգնելու ոտքի կանգնեցնել ծանր վիրավորումներ ստացած զինծառայողներին»,-նշում են եղբայրները։

Իրենց մասին չեն սիրում շատ խոսել, միայն  խոստովանում են՝ նպատակ ունեն լավ բժիշկ դառնալ, օգնել մարդկանց։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930