Պուտինն ու Մակրոնը նոր նախաձեռնություն խոստացան ԼՂ-ում, իսկ ԱՄՆ-ից ասում են, որ ՀՀ-ին ռազմական վաճառքի եւ օգնության առումով սահմանափակումներ կան՝ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության պատճառով
Ղարաբաղյան կարգավորման շուրջ գործընթացները սկսել են բավական արագ զարգանալ: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, գիտակցում են այս հարթակի գոյության կարեւորությունը՝ ի հակադրություն թուրքական մեծացող ազդեցության: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից յուրաքանչյուրն, իհարկե, իր շահն ունի մեր տարածաշրջանում, եւ առաջ է տանում այդ շահը, բայցեւ կարեւոր է, որպեսզի այս ձեւաչափում միասնական դիրքորոշում պահպանվի, եւ Ռուսաստանն, օրինակ, ստիպված չլինի Լեռնային Ղարաբաղում անվտանգության թեմաները քննարկել թուրքական կողմի հետ:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտնի ուղերձով, արդեն իսկ պարզ էր, որ ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում որոշակի փոփոխությունների է ենթարկվում:
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկել են նաեւ Ղարաբաղյան խնդիրը: Մասնավորապես, նրանք պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ՝ խոստանալով «առաջիկա օրերին» ներկայացնել «այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություն»: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է «ռազմագերիների, մարդասիրական օգնության եւ մշակութային ժառանգության պահպանման հարցում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնն իր եւ ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝ դժվարությունները հաղթահարելու գործում։ Մամլո հաղորդագրությունից հայտնի էր դառնում, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, եւ վարչապետն ընդգծել էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։
Ամերիկյան կողմն էլ իր հերթին՝ ապրիլի 26-ին, ներկայացրեց Վաշինգտոնի դիրքորոշումը: Առկա են շատ կարեւոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, «Ազատությանը» տված զրույցում շեշտեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: «Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարեւոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեեւ պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարեւոր հարցեր, որոնք պետք է լուծվեն. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի եւ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել»,- նախ նշեց ԱՄՆ դեսպանը։
ԼՂ կարգավիճակի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերաբերյալ դիրքորոշման հետ միասին, գալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ դեսպանը շեշտել էր. «…երբ նայում եք լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ: Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղեւորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետեւանքները, որոնք հասել են Սյունիքի հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի եւ ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, եւ սա այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը շատ ներգրավված է եղել»: Նկատելով, որ ստեղծվել է շատ բարդ իրավիճակ՝ դեսպանը հավելել է. «Կարծում եմ, հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաեւ այլ արեւմտյան երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է եւ պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին եւ տարածաշրջանին կայունություն եւ խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում»։
Իսկ Հայաստանը կստանա՞ գոնե հավասարաչափ ռազմական օգնություն կամ ԱՄՆ-ի որոշ առաջադեմ տեխնոլոգիական զենք հարցին՝ Լին Թրեյսին ուշագրավ պատասխան է տվել. «Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել: Մենք բարձր մակարդակի որեւէ տեխնոլոգիա չենք տրամադրում Ադրբեջանին՝ մեր սահմանային անվտանգության կամ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում: Բայց այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, եւ դա շատ կարեւոր է ռազմական եւ անվտանգության համագործակցության ոլորտում, դրանք համատեղ գործողություններն են, ինչպիսիք են` խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլուր…»: Ապա՝ կրկին հավելում է. «…Այնպես որ, մենք կշարունակենք անել այնքան, որքան կարող ենք այդ ոլորտներում, մասնավորապես խաղաղապահության ոլորտում, որտեղ Հայաստանի ներդրումները շատ բարձր են գնահատվում: Բայց ռազմական վաճառքի եւ օգնության առումով, ինչպես ես ասացի, կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով»:
ԱՄՆ դեսպանի կողմից Հայաստանի անվտանգային հարցում այլ դաշինքին անդամակցելու վերաբերյալ հստակ ուղերձն, անշուշտ, հետպատերազմյան շրջանում նշանակում է, որ նախ միջնորդ պետություններից որեւէ մեկը չի բացառում պատերազմի բռնկման հավանականությունը, հետեւաբար՝ դրանով իսկ ռուսական ջանքերով ձեռքբերված խաղաղության ամրությունն է կասկածի տակ դրվում:
Իսկ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը` որպես խոչընդոտ ներկայացնելը ուղերձ է արդեն ՀՀ իշխանություններին՝ մտորելու, թե Հայաստանը շարունակելո՞ւ է դաշնակիցների հարցում մնալ նույն ծիրի մեջ: Այսինքն, ռազմական գործողությունների դադարից հետո Վաշինգտոնից Հայաստանի առջեւ նոր ընտրությունից օգտվելու առաջարկ է արվում:
Ղարաբաղյան թեմայով, նշենք, որ ապրիլի 24-ին հեռախոսազրույց էր կայացել ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը շարունակել են քննարկումը ղարաբաղյան իրավիճակի շուրջ: «Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն եւ հանդարտ», – ասված էր ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում` էներգետիկ ոլորտի: Կրեմլը նշել էր նաեւ, որ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Հայաստանում հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ տիրող ներքաղաքական իրավիճակը: ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ «զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարեւորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակմանը»: Հայտնի է, որ այս հեռախոսազրույցը կայացել էր հայկական կողմի նախաձեռնությամբ:
Նկատենք, որ վերջին օրերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ակտիվորեն անդրադառնում է հարավկովկասյան տարածաշրջանի գործընթացներին: Ապրիլի 20-ին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում Շոյգուն արձանագրեց, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները հզորացվում են «Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում իրավիճակի կարգավորմանը հակազդելու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով»: «Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ Անդրկովկասի մի շարք երկրներում նկատվում է անկայուն վիճակ: ՆԱՏՕ-ի՝ դրա կարգավորմանը դիմագրավելու փորձերը ստիպում են մեզ ռազմավարական զսպման համաչափ միջոցառումներ ձեռնարկել եւ բարձրացնել Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները»:
Իսկ ապրիլի 27-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի բավական ուշագրավ շեշտադրումներով հարցազրույցից մեկ օր անց, ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը լրագրողներին տեղեկատվություն տրամադրեց Շոյգուի ելույթի վերաբերյալ, որից ակնհայտ է դառնում, որ ՌԴ Պնախարարը քննադատել է հետխորհրդային տարածքում Արեւմուտքի քաղաքականությունը, մասնավորապես ընդգծելով, որ Արեւմուտքն ակտիվորեն դեմ է դուրս գալիս հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին, հակամարտության ներուժ է կուտակվում՝ ՀԱՊԿ օրինակով, եւ Ֆոմինի խոսքով՝ Շոյգուն Դուշանբեում կայացած հանդիպմանը նշել է, որ «մեր պետություններին սպառնացող մարտահրավերների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է ՀԱՊԿ տարածքում»: «Ավելին, դա տեղի է ունենում հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին Արեւմուտքի ակտիվ հակադրության եւ նրանց շահերի ոլորտում տարածաշրջանի երկրների ներգրավման ֆոնին»,- մեջբերում է Ֆոմինը ՌԴ պաշտպանության նախարարին: Նրա խոսքով, Շոյգուն նշել է, որ անընդհատ փորձեր են արվում սեպ խրել մեր պետությունների միջեւ, միջամտել ներքին գործերին եւ հրահրել «գունավոր» հեղափոխություններ: Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ անդամներին ցանկացած պատրվակով համառորեն պարտադրվում են տարբեր ծրագրեր եւ համաձայնագրեր:
«Պնախարարի խոսքով, նման նախագծերը դժվար թե էական ազդեցություն ունենան տարածաշրջանային անվտանգության ամրապնդման վրա: Դրանք, որպես կանոն, թաքնված նպատակներ ունեն»,-ընդգծել է Ֆոմինը:
Հավելենք նաեւ, որ ապրիլի 24-ին կայացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ էր կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին հիշեցումները, ինչ-որ առումով, նաեւ Ռուսաստանին են դրդում գործընկեր պետությունների հետ ներգրավել նոր աշխատանքներում: Մի քանի առիթով պաշտոնական Մոսկվան, թեեւ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի հստակեցվել, բայցեւ հավելել է, որ այդ հարցը մի կողմ են դրել՝ որպես հետագայի հստակեցման հարց: Այժմ, երբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շտապում են այս հարցում, չի բացառվում, որ ՌԴ-ն ավելի ակտիվորեն ներգրավվի գործընկեր երկրների հետ աշխատանքներում:
Ինչ վերաբերում է Շոյգուի արձանագրմանը, թե Արեւմուտքն անընդհատ փորձում է սեպ խրել ՀԱՊԿ-ական պետությունների միջեւ, հակամարտության ներուժ է կուտակվում՝ ՀԱՊԿ, ապա պետք է նկատել, որ հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործունեությունը, որը հստակ սպառնալիք է նաեւ Ռուսաստանի համար եւ որի մասին տեւական ժամանակ խոսում են ռուս փորձագետները, նույնիսկ՝ Կրեմլի քարոզչությունն իրականացնող մեկնաբանները, առանձնապես այդ քաղաքականությունը ՌԴ վերնախավի կողմից չի փոխվում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ…
Ինչո՞ւ, օրինակ, Պուտինի համար ընդունելի է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Ադրբեջանն ազատ էր ընտրել դաշնակից»՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դեմ պատերազմ հրահրեց ու մասնակցեց այդ պատերազմին, իսկ ահա Վրաստանի արեւմտյան կողմնորոշումը, որի հիմքերը դրեց Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին, այդչափ ցավագին է ընդունվում Կրեմլի կողմից մինչ օրս:
Հետեւաբար, եթե պաշտոնական Մոսկվան մեղադրում է Արեւմուտքին, թե անընդհատ փորձում են սեպ խրել ՀԱՊԿ-ական պետությունների միջեւ, անհասկանալի է, թե ինչո՞ւ են Պուտինը, Լավրովն ու Շոյգուն իրենց այդչափ կաշկանդված զգում հետխորհրդային տարածք թուրքական ներխուժմանն ու բացահայտ հավակնություններին պատասխանելու ու հակազդելու հարցում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.04.2021