Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ձերբակալություններին, մի շարք գործերի վերանայումներին ու քննչական մարմիններ կանչելու դեպքերին՝ նշեց. «Ամբողջականության մեջ այս ամենը կոչվում է ռեպրեսիա: Ես և ամուսինս ևս ԱԱԾ-ից հրավեր ենք ստացել: Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու ինչ-որ գործով որպես վկաներ ենք կանչվել: Նշված չէ գործի համարը, նշված չէ նաև, թե ովքեր են մեղադրյալները, որ մենք էլ վկա ենք: Մենք կանչված ենք եղել ամսի 19-ին, բայց հրավերը ավելի ուշ՝ ամսի 23-ին ենք ստացել: Դրանից հետո ոչ մի կապ չի եղել, մենք էլ չենք զանգել:
Գտնում եմ, որ սա իրապես անօրինականության շղթայի շարունակությունն է: Մենք իրականում գործ ունենք չափ ու սահման անցած մի գործընթացի հետ: Ստացվում է՝ ցանկացած մեկը, որն իր կարծիքն է արտահայտում, անպայման նման արձագանք է ստանում: Մենք մինչ օրս նման երևույթ չենք ունեցել:
Անգամ կարծում եմ, որ հասարակությունը ևս պատրաստ չէր զանգվածային ռեպրեսիաների: Այդպիսի կառույցների կողմից յուրաքանչյուր կանչ, հրավեր քայքայում է մարդու նյարդային համակարգը և վրդովեցնում է նրան:
Միևնույն ժամանակ, չենք կարող չնկատել իրավաբանների, դատապաշտպանների կայացած համայնքը: Հուսով եմ, որ, թեպետ ցավալի ճանապարհով, բայց դատական համակարգը կկայանա: Որքան էլ տարօրինակ է, բայց հնարավոր է, որ ի պատասխան այս ռեպրեսիաների, մենք վերջնականապես կունենանք կայացած ու գործադիր իշխանությունից անկախ և ամբողջական դատական համակարգ: Ես դեռ 2006-2007 թվականներից էի նշում, որ դատապաշտպանական լավ համայնք ունենք: Այդ ճյուղը, ավելի հստակ՝ դատական համակարգը, հիմա կայանում է»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում