2017 թվականի քարոզարշավի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոնի» եթերում, վերլուծելով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի «ղարաբաղյան մասը», «Ելք» դաշինքի մասին ասել էր, որ, ըստ վերջինիս, խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ՀԱԿ առաջնորդը նշել է, որ այդ նախապայմանով խնդիրը երբեք չի լուծվի, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի ճանաչի այդ իրավունքը. անգամ եթե աշխարհի բոլոր երկրները եւ կազմակերպությունները դա անեն, Ադրբեջանը, միեւնույն է, չի ճանաչի: (Բառացի չեմ մեջբերում՝ հիմնական միտքը հակիրճ շարադրելու նպատակով):
Ես հիշեցրեցի այս դրվագը ոչ թե կոնկրետ այս խնդիրը եւս մեկ անգամ քննարկելու նպատակով (չնայած ապացուցվել է, որ «Ելքի» ծրագրերն իրականությունից հեռու էին), այլ՝ մտածողության որոշակի մոդելի կարեւորությունը շեշտելու նպատակով: Այդ մտածողությունը կոչվում է իրատեսություն, պրագմատիզմ: Հոխորտալը, ինքնախաբեության թմբիրի մեջ լինելը, ցանկալին իրականի տեղ դնելը հաճելի է: Բայց կա իրականություն, որը երբեք այդքան պայծառ չի լինում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայանպաստ քայլը, նույն երկրի դեսպանի այցը Սյունիքի մարզ, ինչպես նաեւ նրա «ջերմ» հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին չափից դուրս մեծ հույսեր արթնացրեցին մեր խանդավառ «ամերիկամետների» մոտ՝ «ահա, – բացականչեցին նրանք, – Ամերիկան վերադառնում է տարածաշրջան»:
Կարդացեք նաև
Էյֆորիայի մեջ ընկնողները պետք է հաշվի առնեն մի քանի բան:
Նախ՝ Հարավային Կովկասը երբեք Միացյալ Նահանգների համար շատ մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում, այդ երկրի կենսական շահերին քիչ է առնչվում:
Երկրորդ՝ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ը զգալիորեն պասիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբում. բավական է հետեւել, թե ամերիկացի որ դասի դիվանագետներին էին նշանակում այդ խմբում որպես համանախագահ երկրի ներկայացուցիչ:
Երրորդ՝ Թուրքիային «դեղին քարտ» ցույց տալը մեխանիկորեն չի նշանակում, որ ամերիկյան այդ դիրքորոշումը փոխվել է:
Չորրորդ՝ այդ երկիրը զգում է Հայաստանի ներկա իշխանությունների լրջության աստիճանը, այդ թվում՝ թե որքան են այդ իշխանությունները կարեւորում հայ-ամերիկյան հարաբերությունները: Լիլիթ Մակունցի առաջադրումը՝ որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, այդ վերաբերմունքի դրսեւորումն է:
Այո, շատ ցանկալի կլիներ, որ ԱՄՆ-ը ակտիվանար Հարավային Կովկասում: Որոշ, շատ սահմանափակ չափով, որքան էլ տարօրինակ հնչի, դա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին. դատելով որոշ ազդակներից, այդ երկիրը չի ցանկանում, որ Արցախի հարցի «մենեջմենթով» զբաղվի միայն ռուս-թուրքական տանդեմը եւ ցանկանում է որքան հնարավոր է «վերակենդանացնել» ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բայց ժամանակից շուտ ոգեւորվելը, հատկապես, երբ դա անում են իշխանական կամ իշխանամետ շրջանակները, հաստատ գործին չի օգնի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ ԱՄՆ դեսպան Թրեյսին Գորիսի համայնքապետարանում