Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար պետությունը սոցիալական հիփոթեք կառաջարկի

Ապրիլ 29,2021 13:30

Ովքեր կարող են օգտվել սոցիալական հիպոթեքից

«Մենք արցախցի ընտանիք ենք։ Ընտանիքս բաղկացած է 6 հոգուց՝ ես, ամուսինս եւ չորս երեխաներս։ Ունենք բնակարանի խնդիր, քանի որ մեր բնակելի տունը դուրս է եկել մեր վերահսկողությունից։ Ես եւ ամուսինս ունենք իդեալական վարկային պատմություն, սակայն հիպոթեք ձեւակերպելու համար մեզանից ուզում են աշխատավայրից տեղեկանք՝ որը մենք չունենք։ Եթե հնարավոր է մեզ ներգրավվել այս այս ծրագրում, որպեսզի մենք ունենանք բնակարան»,-սա արցախցի Լուսինե Միքայելյանի արձագանքն է Կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար շրջանառվող նախագծին, որի հեղինակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Այս օրերին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում այդ նախագիծը քննարկման է դրված: Դատելով քաղաքացիների մեկնաբանություններից, կարելի է ասել, որ նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ չնայած, որ օրեր առաջ քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին նախագծի հեղինակներն առայժմ հենց նույն այդ բաց հարթակում չեն արձագանքում: Բնակարանի կարիք ունեցող մարդկանց բնակարանով ապահովելու կառավարության նախագիծն առայժմ կողմ ձայներ է ստանում:

Որոշման նախագծով առաջարկվում է կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար սահմանել սոցիալական հիփոթեք, որը յուրաքանչյուր տարի մինչեւ 2000 ընտանիքների համար կստեղծի կեցության արժանապատիվ պայմաններ։ Նախատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող են դառնալ որոշակի սոցիալական խմբերին դասված ընտանիքներ, որոնց ցանկը կհաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով նաեւ դրանց ընտրության չափորոշիչները։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը՝ մինչեւ 3 երեխա ունենալու պարագայում, սահմանվում է 6.5 միլիոն դրամ, սահմանվում է նաեւ երկրորդ չափորոշիչը՝ մեկ քառակուսի մետրի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով մեկ միլիոն դրամ: Ըստ նախագծի հեղինակների, այսպիսով, ընտանիքն առաջնորդվելով սահմանված այս նորմատիվներով ձեռք կբերի առնվազն 2 սենյականոց բնակարան՝ 65 քմ մակերեսով:

Տեղեկանում ենք, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում: Այս սահմանափակումը նախարարությունը բացատրում է տարածքային համաչափ զարգացմամբ: Ըստ նախագծի հեղինակների, պատասխանատուների նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։ Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։

«Այս հանգամանքն առավել է կարեւորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաեւ երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաներին առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով»,-նշված է նախարարության հիմնավորման մեջ:

Նախագծի հեղինակները նաեւ ուսումնասիրության արդյունքներ են հրապարակել, թե որքան է կազմում ընտանիքներում գերբեռնվածության ցուցանիշը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ու Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրած հետազոտությունների, որոնք կատարվել են տնային տնտեսություններում՝ ուսումնասիրելով կենսապայմանները, պարզվել է, որ գերբնակեցվածության ցուցանիշը 2019 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 2.8 տոկոսային կետով, այն դեպքում, որ մնացած ցուցանիշների համար գրանցվել է թեկուզ փոքր, բայց դրական դինամիկա։

«Գերբեռնվածության խնդիրը առավել ցայտուն է բազմանդամ, այդ թվում բազմազավակ ընտանիքների մոտ։ Նույն սոցիալական խմբում նաեւ աղքատության մակարդակն է բարձր»,-փաստում են նախագծի հեղինակները: Ըստ նրանց, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը եւ պայմանները ու շահառու հանդիսացող ընտանիքների խմբերի ցանկը:

Ի դեպ, նախարարությունը հաշվել եւ պարզել է, որ ծրագիրը կյանքի կոչելու համար ՀՀ պետական բյուջեից 2021 թվականի համար ծախսը կկազմի 500 միլիոն դրամ, 2022 թվականի համար՝ 2 մլրդ դրամ, իսկ 2023 թ. եւ հետագա տարիների համար 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։ Բյուջեի ծախսը նախատեսվում է իրականացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի համար հատկացված դրամական միջոցների վերաբաշխման միջոցով՝ հաշվի առնելով, որ հիմնականում այս ծրագրի շահառուները նպաստ են ստանում նաեւ կացարան չունենալու պատճառով։

Քաղաքացի Լեւոն Ասլանյանը, որը նույնպես արձագանքել էր նախագծին, ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ այդ ընտանիքներից շատերը կարող են ունենալ բացասական վարկային պատմություն եւ լինեն «սեւ ցուցակներում»: Ըստ նրա, քանի որ պետությունն է սուբսիդավորում այս ծրագիրը ուրեմն պետք է հասանելի լինել բոլորին անխտիր՝ ովքեր ունեն տան կարիք:
Պելագիա Նազարյանն էլ հետաքրքրվել էր՝ ում պետք է դիմեն «տան համար», սակայն առայժմ պատասխան չէր ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930