Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին գործի գցվեցին պայմանավորվածությունները, ինչպես 2018-ին

Ապրիլ 29,2021 13:00

2021թ. մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Դրանից հետո իշխող քայլականները հայտարարեցին, որ ցանկանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հրաժարականի ուղերձով՝ անդրադառնալով արտահերթի իրենց պատկերացրած ընթացակարգին: Նա, մասնավորապես, ասաց. «Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, եւ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված, եւ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության ձեւակերպումները ենթադրում են նաեւ, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, եւ Ազգային ժողովը կհամարվի արձակված, եւ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով: Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր: Բայց կարեւոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարեւոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»:
Արարատ Միրզոյանը նշանակեց ԱԺ հատուկ նիստի օրը՝ մայիսի 3:

Գործող ՀՀ Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ:

Ստացվել է այսօր մի իրավիճակ, երբ վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, անգամ չի իրականացվել երկրորդ անգամ, եւ սակայն ապառնի ժամանակով խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` «Այս պահին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված է իրականացնել ապօրինի գործընթաց, ըստ էության կազմակերպված հանցավոր մի գործունեություն, որի նպատակը ՀՀ ժողովրդից բռնության միջոցով իշխանությունը զավթելն է»:

ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածը սահմանել է. «Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»:

Մինչդեռ ՀՀ նախագահը չի ստորագրել: Նկատենք, որ իրավաբանների եւ սահմանադրագետների մեջ ծագել է վեճ: Իրավաբաններից շատերը Փաշինյանի սցենարի՝ նկարագրության մեջ օրենսդիր իշխանության լիազորությունների յուրացում են տեսնում, ինչը ինչպես պետք է անի ԱԺ-ն:

Փաշինյանը հայտնել էր, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու կուսակցությունների հետ, իրավաչա՞փ են բանավոր պայմանավորվածությունները, Է. Ղազարյանի կարծիքով. «Դա, ըստ էության, ոչ թե պայմանավորվածություն է, այլ հանցավոր համաձայնություն: Իմ կարծիքով, տվյալ դեպքում մենք գործ ունենք կազմակերպված հանցավոր խմբի հետ, որի մեջ ներգրավված են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ եւ այդ հանցախմբի նպատակն է՝ իշխանության զավթումը ապօրինի ճանապարհներով»:

Պայմանավորվածություն ձեռք բերած կողմերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկու օր առաջ հիշեցրեց 2018-ին ԱԺ-ն ցրելու գործընթացը. «Եղել է հենց այսպես` վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել ու խորհրդարանը ցրել է: Ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը, այն ժամանակ օրենքը այդ ձեւով է մեկնաբանվել: Ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որեւէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: …Իրենք ինչի՞ց են բողոքում, էլի»:
Մարուքյանն ասում է. «Կարող են բողոքողները իրենց գրած օրենքը տանեն ՍԴ-ում վիճարկեն: Այս իշխանությունը չփոխեց»:

Հիշեցնեմ, որ Հայաստանում առաջին անգամ արտահերթ ընտրությունները կայացել են 2018թ. դեկտեմբերի 9-ին, այդ ժամանակ էլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում արտահերթի գաղափարախոսը երկու անգամ չընտրվեց վարչապետ, եւ խորհրդարանը լուծարվեց:

Ընտրական կարգը համամասնականն էր, մասնակցում էին միայն կուսակցություններն ու դաշինքները:

Գործող անձինք այսօրվա պայմանավորվող կողմերն էին: Հավանաբար, մոռացած կլինեք՝ դեկտեմբերին ընտրություն անցկացնելու համար համաձայնագիր ստորագրվեց Ծառուկյան դաշինքի հետ, միացան տասնչորս ՀՀԿ-ական պատգամավորներ: Հուշագրի մասին Փաշինյանը հայտնեց ՖԲ իր էջում: Ըստ համաձայնագրի, ԲՀԿ-ն պայմանավորվեց. իր կողմից թեկնածու չի առաջադրի այդ ընթացքում եւ այլ ուժի թեկնածուի չի աջակցի, ինչպես նաեւ չեն մասնակցի ԱԺ-ի 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրելու որեւէ նախաձեռնության:
Եվ ուրեմն, պատահական չեն Մարուքյանի հիշեցումները:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց 2018թ. հոկտեմբերի 16-ին: Խորհրդարանի ինքնալուծարման ձեւական ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի լիներ վարչապետի ընտրություն եւ թեկնածուն չընտրվեր։ «Ելք» դաշինքը հոկտեմբերի 23-ին վարչապետի թեկնածու առաջադրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին էլ հոկտեմբերի 24-ի հատուկ նիստում չընտրեցին ՀՀ վարչապետ: Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում եւ Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով:

Երեք տարի առաջ նոյեմբերի 1-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հրամանագիր: Նրա լիազորություներն այդ ժամանակ յուրացված չէին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթի առաջին մասը տարածքային թեկնածուների ցուցակների վերաբերյալ 82 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ քվեներով: Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակը այս կապակցությամբ իրենց գոհունակությունը հայտնեցին՝ արձանագրելով. «Այս փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք պայմանականորեն նշանակված են 2021 թվականի հունիսի 20-ին: Անհրաժեշտ է սկզբունքորեն խուսափել ցանկացած օրենսդրական փոփոխությունից, որն իրականացվում է ընտրություններին այսքան մոտ ժամկետում, քանի որ այն կարող է տանել դեպի անորոշություն: Բացի այդ, շահագրգիռ անձինք եւ հասարակությունը սեղմ ժամկետներում պետք է հարմարվեն նոր կանոններին: Համամասնական ընտրակարգի պարզեցումը վայելում է բավականին մեծ աջակցություն քաղաքական ուժերի մեծամասնության եւ քաղաքացիական հասարակության կողմից: Փոփոխությունները պատրաստվել եւ քննարկվել են բավականին երկար ժամանակ՝ հետեւելով ներառական եւ թափանցիկ քաղաքական գործընթացին: Ի հավելում նշենք՝ չնայած հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում, պարզ տեխնիկական տեսանկյունից նոր համակարգը մեծ ազդեցություն չունի ո՛չ ընտրական վարչակազմի նման ընտրություններ կազմակերպելու կարողությունների վրա եւ ո՛չ էլ ընտրողների գործընթացի ըմբռնման վրա»:

«Առավոտ» օրաթերթ
28.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կառավարությունը և վարչապետը շարունակում են պաշտոնավարել մինչև ընտրությունները,եթե կառավարությունն է հրաժարական ներկայացրել,օրինակ,օրենսդրական նախագիծը ձայների պակասի պատճառով մի քանի անգամ չի անցել և ճգնաժամ է առաջացել:
    Այս դեպքում վարչապետն է հրաժարական տվել՝նա չի ուզում շարունակել պաշտոնավարել,նման դեպքում նրա տեղակալը պաշտոնավարում է մինչև ընտրություններով կպարզվի ուժը,որը ուզում է ստանձնել իշխանությունը:Եթե Ն.Փաշինյանը հրաժարվում է պաշտոնից,ինչու ենք? նրան պարտադրում կատարել պարտականություններ,որոնցից նա հրաժարվել է….:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930