Հարցազրույց երիտասարդ արձակագիր Աշոտ Ստեփանյանի հետ
– Վերջին շրջանում ձեր ստեղծագործությունները հաճախ հանդիպում ենք «Գրանիշ», «Գրէ» պարբերականներում։ Ձեր գործերում մարդն է, որը գտնվում է ծայրահեղ հոգեկան, ֆիզիկական հոգեվիճակներում։ Օրինակ՝ «Խրամատի խրտվիլակը», «Շիզոֆրենիա» եւ մասնագետների ու ընթերցողների շրջանում տարաբնույթ խոսակցությունների տեղիք տված «Երեւանում սատանա կա» երկերը։ Ի՞նչն է այդ ժանրում ձեզ այդպես ձգում։
– Իմ ստեղծագործություններում իսկապես իշխում է էքսզիստենցիալիզմը։ Առաջին հերթին ռացիոնալ եւ իռացիոնալ կոնֆլիկտը, երբ մարդ քայլում է անդունդի եզրով, երբ բախվում են գոյը եւ չգոյը։ Ի վերջո՝ հատկապես պատերազմից հետո, վստահ եմ, որ բոլորիս մոտ գոյության կրիզիս է։
– Երբեւէ մտածե՞լ եք, որ մինորը շատ է ձեր գործերում։
– Գրականությունն ինքնին ուրախ երեւույթ չէ։ Համոզված եմ՝ մերօրյա գրողների մոտ այն բացասական հույզերը, որ կան այսօր, կան ստեղծագործողի ներսում։ Հենց նման իրավիճակներն են հանձնվում թղթին։
– Հասկանալի է, բայց դուք երիտասարդ արվեստագետ եք, որտեղի՞ց այդքան բացասական հույզեր…
– Ինձ վրա, բոլորիս վրա ազդում են մեզ շրջապատող բացասական երեւույթները, դեպքերը, իրողությունները։ Ի վերջո՝ գրողն իր ժամանակի թարգմանն է։ Հիմա մեզ անհրաժեշտ են ճիշտը, ժամանակի շունչը զգացող գործեր։
– Ասում են՝ ձեր նախընտրած հեղինակներից է Արամ Պաչյանը, որը մի առիթով հետեւյալ միտքն է արտահայտել. «Ես ստիպված եմ դրվագային մտածողություն կրել եւ գրել դրվագային վեպ, քանի որ ինձ ավելի հարազատ է Ռոլան Բարտի «դրվագայնության» շրջանակը, այսինքն՝ սկսելու հաճույքը… Ինչքան շատ դրվագ՝ այնքան շատ նոր սկիզբ»։
– Ինձ համար գրականությունն ամբողջությամբ բացասական նոտայի վրա է հիմնված։ Չե՞ք նկատել, որ դրամայի ժանրում ստեղծված ֆիլմերը մշտապես կորուստներով են ավարտվում եւ մեծ ընդունելության արժանանում հանդիսատեսի կողմից։ Գոնե ես չեմ հանդիպել մի ստեղծագործողի, որը երջանիկ է, ուրախ, եւ կարողանում է նման հոգեկան վիճակներում ստեղծագործել։
– Ընդհանրապես դուք տխո՞ւր մարդ եք։
– Միանշանակ՝ ոչ։ Պարզապես գրում եմ, երբ հոգեպես ընկճված եմ, հույզերս արտահայտելու կարիք ունեմ։ Փորձում եմ ներսումս կուտակված բացասական երանգը դուրս հանել, եւ ստացվում է այն՝ ինչը ստացվում է։
– Չե՞ք փորձել ուրախ պահերին ստեղծագործել կամ, ինչո՞ւ ոչ՝ գուցե գինովցած…
– Ըստ իս՝ գինովցած վիճակում մարդն ընկնում է մտածմունքների գիրկը։ Ինչ վերաբերում է ուրախ պահերին կամ նման ժամանակ ստեղծագործելուն, ես ուղղակի վայելում եմ այդ պահերը, մտքովս անգամ չի էլ անցնում ստեղծագործել։
– Անդրադառնանք տարաբնույթ խոսակցությունների առիթ հանդիսացած ձեր «Երեւանում սատանա կա» ստեղծագործությանը, որտեղ նկարագրում եք ապագայի մեր Երեւանը, որտեղ գերզարգացած է ամեն ինչը, բայց մարդիկ դեռ գտնվում են կենցաղային քննարկումների, բամբասանքների, միմյանց չհավատալու ու չնկատելու, իրար վրա ցեխ շպրտելու մակարդակում։
– Այս երկում գլխավոր կերպարը գեղեցկուհի Մենմն է։ Ճիշտ է, թեեւ նա ապրում է տեխնիկապես զարգացած Երեւանում, բայց նույնիսկ այդ երանելի ժամանակաշրջանում մարդիկ «հետ են գնում» իրենց պատկերացումներով, միմյանց նկատմամբ վերաբերմունքով։ Կարճ ասած՝ ապրում են մի ժամանակահատվածում, որտեղ ամեն ինչ փոխվել է կամ փոխվում է՝ բացի մարդկանց մտածելակերպից։ Ի դեպ, 2019թ. VADER բլեք-մետալ խմբի երեւանյան ելույթը, որը պետք է կայանար տիկնիկային թատրոնում, արգելվեց քրիստոնեաֆանատիկ վերաբերմունքի պատճառով։ Դա հետեւանք էր չկարդացած, չտեղեկացված լինելու։ «Երեւանում սատանա կա» ստեղծագործության մեջ էլ կա մի դրվագ, որտեղ Մենմը ներկա է գտնվում արգելված ռոք համերգի, ինչի պատճառով նրան ու նրա նմաններին դեգրադացված մարդկանց խումբը հրապարակում ինքնադատաստանի է ենթարկում։ Իսկ մինչ այդ էլ հերոսիս բռնի կերպով տիրանում են… Այստեղ նկարագրել եմ նաեւ պարետային ժամը խախտողներին, այդ թվում՝ կանանց, որոնք արժանանում են անմարդկային վերաբերմունքի։ Սա, պայմանական կարող եմ ասել, 2050 թվականին է տեղի ունենում։ Պատկերացնո՞ւմ եք՝ 30 տարի անց, ինչպես գրել եմ՝ հերոսիս հրապարակում այրում են։
– Անձամբ դուք «Երեւանում սատանա կա»-ի մասին ի՞նչ եք լսել։
– Հակիրճ կարող եմ ասել. կանանց կողմից հաճելի խոսքեր, իսկ հակառակ սեռի կողմից, մեղմ ասած՝ ոչ դրական։
– Ասում եք, որ գրողը պետք է իր գործերում անդրադառնա իր ժամանակին, բայց կոնկրետ այս ստեղծագործությունում 30 տարի առաջ եք «թռել»։ Ճանաչված արձակագիր Մեգ Ռոսոֆը համոզված է՝ «գուցե դու կգրես մի հիասքանչ վեպ, բայց ոչ ոք այն չի կարդա կամ կկարդա միայն քո մահից հետո»։
– Ճիշտ միտք է, համամիտ եմ, բայց արձակագիրն ասել է ի՛ր ժամանակահատվածի համար։ Չեմ կարծում, որ պլյուս-մինուս 30 տարին ստեղծագործողի համար թռիչք է։
– Ինչո՞ւ է «Երեւանում սատանա կա» ստեղծագործությունը գրված երրորդ դեմքով։ Կարելի՞ է ենթադրել, որ ձեզ ապահովագրելով փորձել եք մնալ ստվերում։
– Սա միակ գործս է, որ գրված է երրորդ դեմքով։ Նախ նկատեք, որ գլխավոր հերոսը կին է եւ հետո՝ այն գրել եմ VADER հայտնի խմբի չկայացած համերգից ազդված։ Մի բան էլ. ինչ մտածում եմ՝ այն հանձնում եմ թղթին։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2021