Հարցազրույց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ
– Տիկին Հակոբյան, երբ խոսվում է կրթության ոլորտի մասին, հայացքներս ուղղում ենք դպրոց ու տեսնում ենք, որ շատ բան է փոխվել՝ թե դեպի լավը, թե վատը: Կարծում եմ՝ հնարավոր չէ բոլոր խնդիրներին անդրադառնալ: Կասե՞ք որն է այն առաջնային ամենահրատապ խնդիրը, որից պետք է սկսել կրթական ոլորտի բարեփոխումը։
– Յուրաքանչյուր պետության թե առաջընթացի, թե հետընթացի հիմքում կրթության որակն է: Իսկ Հայաստանի ու Արցախի նման փոքր թվով բնակչություն ունեցող պետություններն առավել քան զգոն պիտի լինեն, քանզի կրթության միջոցով է, որ պետք է պահեն պետականությունը: Նախորդ դարի վերջին, երբ Հայաստանն ու Արցախը փորձում էին ոտքի կանգնել պատերազմից հետո, միջազգային տարբեր կրթական ծրագրեր սկսեցին իրականացվել մեր երկու հայկական պետություններում: Այդ առումով մենք դեռ պատրաստ չէինք, բայց ժամանակը պահանջում էր նոր մոտեցումներ: Եվ առանց տարբերակելու սկսվեցին կրթական համակարգում փորձեր կատարվել: Հիմնականում վերցվում էին «առաջատար» կրթական համակարգ ունեցող երկրների ծրագրերը եւ քիչ փոփոխությամբ ներդրվում: Ըստ իս՝ ամենամեծ խնդիրն այն էր, որ նվազ տեղ էր զբաղեցնում ազգային գաղափարախոսությունը հայկական կրթական համակարգում: Վերջնական խարխլումը սկսվեց, երբ 2018թ.-ի գարնանը Հայաստանում իշխանափոխություն կատարվեց: Իշխանությունը զավթած ուժերը թշնամի պետության մասնագետների հետ կրթական նոր, իսկ պատմության համար միասնական չափորոշիչներ մշակեցին, վերջ դնելով ազգային գաղափարախոսությանը կրթական համակարգում: Դե իսկ Արցախի` նոր դիմակ հագած իշխանություններն էլ, հայտարարելով, որ ստորակետի ճշտությամբ համաձայն են Հայաստանի իշխանությունների հետ, ողջունեցին բոլոր ծրագրերը: Իսկ անենավտանգավորը, որ պատերազմից հետո էլ շարունակվում են կասկածելի ծագում ունեցող դրամաշնորհային ծրագրերի ներդրումը: Այժմ շատ կարեւոր է՝ ընդունելով ժամանակի մարտահրավերները, ստեղծել ազգային գաղափարախոսության հենքի վրա կրթական համակարգ:
– Տիկին Հակոբյան, դեռ չե՞նք կարողանում կողմնորոշվել, թե ուր ենք գնում։
Կարդացեք նաև
– Նայելով պարտված իշխանություններին, որոնք մեր անվտանգությունը վտանգողներն են եւ «պարգեւեցին» մեզ կորուսյալ հայրենիք, հազարավոր զոհեր, անհետ կորածներ ու գերեվարվածներ, ապա պետք է հստակ գիտակցել, որ իրենց հետ չենք գնալու դեպի անվտանգ ու բարեկեցիկ ապագա։ Ազգայինը մերժող իշխանությունը չի կարող նաեւ ստեղծել ու իրականացնել այնպիսի կրթական ծրագրեր, ինչի արդյունքում մեր սերունդները կունենան հայեցի արժանապատիվ կյանք։
– Տարրական դասարաններից սկսած ծնողները ստիպված են լինում դիմել կրկնուսույցների, սա նորմա՞լ է:
– Այլ բան է, երբ կրկնուսույցի են դիմում, երբ երեխան հետաքրքրված է ավելի խորը ուսումնասիրել եւ գիտելիքներ ունենալ որեւէ առարկայից։ Նորմալ չէ, երբ տնային առաջադրանքները կատարելու համար ծնողը դիմում է կրկնուսույցի, նորմալ չէ, երբ օրվա անցածը ամրապնդված չէ ուսումնական հաստատությունում։ Բազմաթիվ մեթոդներ կան, որոնք ներդնելով համակարգում, կարելի է կարճ ժամանակ անց խոսել դրական արդյունքի մասին։ Սակայն պետք է փաստել, որ թերուս հասարակությունը հեշտ կառավարելի է, ինչին հենց ձգտում են ներկայիս իշխանությունները։
– Իսկ եթե խոսելու լինենք ինքնակազմակերպման մասին։
– Երբ գոյություն ունի պետություն, որտեղ գործում է ԿԳՄՍ նախարարություն, իր բոլոր ստորաբաժանումներով, ապա խոսել ինքնակազմակերպման մասին, մեղմ ասած, կնշանակի, որ այդ կառույցը չի իրականացնում այն գործառույթները, որոնց համար պատասխանատվություն է կրում։ Մյուս կողմից՝ այնպիսի երկրում, ինչպիսին մերն է, որտեղ ի շնորհիվ տկար ու սեփական շահի առաջնորդությամբ ղեկավարման, «հիվանդ» են բոլոր ոլորտները, որեւէ մեկը չի կարող հաջողել։
– Ի՞նչ պայմաններում ուսուցիչը կարող է ազատ եւ ինքնուրույն մտածել կամ, այսպես ասած` պլանից դուրս մտածել։ Սա նույնպես պարադոքս չէ՞:
– Երբ կրթական համակարգը ազգային երանգներով լեցուն, միաժամանակ արդի լինի, ապա ուսուցիչը եւ ազատ կմտածի, եւ ազատ կզգա։ Օտարամոլության պարտադրանքն է, որ կեղծ ազատության շղարշով է պարուրում, սահմանափակում է ստեղծագործ միտքը, արարելու եւ ավելին անելու ձգտումը։
Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2021