Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր արյունը պղտորեց Ղարաբաղից բերված այդ կլանը, …ուղտերով ու ոչխարներով սենց եկան լցվեցին ու նախեւառաջ կորավ երեւանյան կուլտուրան»

Ապրիլ 29,2021 14:00

Ռուբեն Հախվերդյանը՝ օտարերկրյա գործակալների, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վտանգի ու ԱՄՆ-ի դերի մասին:

«Ո՞ւր է գործող իշխանություն, հա՛մ կա, հա՛մ չկա: Չգիտես՝ սա որ հրաժարական տվեց, էլ ինչի՞ է շարունակում իր ներկայությունը կառավարության մեջ, ես չեմ հասկանում»,- «Առավոտի» հետ զրույցում խոսելով առաջիկա ընտրությունների ու գործող իշխանության վերընտրվելու հավանականության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարներն էլ «Կրեմլի գործակալներ» են. «Այս վերջինը մի քիչ շատ այս կողմ թպրտաց, այն կողմ թպրտաց, գուցե դա էլ վարժեցված բաներ էին, իրեն վարժեցրել էին, որ այդպես խոսեր: Ամեն դեպքում իրեն շատ կարեւոր էր մեծ աղմուկ, մեծ իրարանցում ստեղծել մեր հասարակության մեջ: Դրա համար այնքան տխմար բաներ ասեց՝ մեկը մյուսին հակասող, որ հասարակությունը վրդովվի ու ուշադրությունը գնա դեպի ինքը: Մինչդեռ պետք է գնար դեպի ազատություն ու անկախություն: Մեր ժողովորդը փաստացի տեսավ, չնայած կույրեր էլ շատ կան մեջները, որ մեր թշնամին առաջին հերթին ռուսներն են, որոնք թուրքերի հետ համաձայնեցված համագործակցեցին, օկուպացրեցին Ղարաբաղը, ինչպես նաեւ օկուպացրել են Հայաստանը: Հիմա շատ բաներ կախված է մնացած մեծ խաղացողներից՝ ԱՄՆ»: Հախվերդյանն ասաց, որ այսօր մեր ամենամեծ ու ամենալավ բարեկամը Իրանն է. «Պարսիկները շատ խորը ժողովուրդ են ու շատ լավ գիտեն, թե հայերն ովքեր են: Ռուսները ոչ մի գաղափար չունեն, նրանք ասում են՝ люди кавказской национальности, նրանց համար մեկ է: Իրենք տարածքով են նայում»:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Հախվերդյանն ասաց, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չի լինի, իսկ այն, որ իրեն տեսել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ-ի քարոզարշավներին՝ նա այսպես բացատրեց. «Մասնակցել եմ, որովհետեւ ես դեմ էի այն իշխանություններին: Ոչ թե կողմ եմ եղել Րաֆֆիին, այլ դեմ եմ Սերժին: Ղարաբաղյան դեսանտը, որ ռուսներն իջեցրին, իրենք շատ լավ ինստիտուտներ ունեն, որ աշխատում են ժողովրդի վրա: Իրենք լավ գիտեն՝ սրանք՝ ամորֆ ղարաբաղցիների այսպես կոչված «մտավորականությունը» ուղղակի ռսապաշտ, ռսի ստրուկի հոգեբանություն ունեն: Ամեն կերպ ուզում են արդարացնել Պուտինի լկտի վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ, նույնիսկ հիմա»:

Ըստ Հախվերդյանի, Փաշինյանը «ագենտ» է ու ինչ ասեց Պուտինը՝ կանի. «Փաշինյանին մեջ բերելու մեջ հենց իրենք էին մեղավոր՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը… Իրավիճակը փոխելու համար պետք է փոխել մեր վերաբերմունքը ՌԴ-ին, հետեւաբար պետք է փոխել Փաշինյանին»:

Մեր դիտարկմանը, որ հիմա ռուսական թեւը շահեկան դիրքում է հայտնվել, որովհետեւ ստացվեց այնպես, որ օգնության հասան, փրկեցին՝ Հախվերդյանն արձագանքեց. «Իբր թե, բայց բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չի: Ռուսների մտավորականության մի շատ ստվար հատված նույնպես գիտի, որ դա այդպես չի: Մեր արյունը պղտորեցին Ղարաբաղից բերված այդ կլանը: Նայեք, իրենք որ կլանով եկան՝ ղարաբաղյան կլանը, ակադեմիայի շեֆը հանկարծ դարձավ ղարաբաղցի, զորքերի հրամանատարը դարձավ ղարաբաղցի, իրենց քուր, բան… ուղտերով ու ոչխարներով սենց եկան լցվեցին ու նախեւառաջ կորավ երեւանյան կուլտուրան, որ ամեն դեպքում ազդեցություն էր թողնում գավառների վրա: Երբ առաջին անգամ Ռոբերտը (նկատի ունի Քոչարյանին) երդմնակալության ժամանակ եկել էր իմ համերգին, չգիտեմ ինչի, ես ասեցի՝ հիշի՛ր, պարոն պրեզիդենտ, որ լույսը այստեղից է գնում գավառներ, ոչ թե գավառից է գալիս այստեղ: Մի քիչ բան արեց: Երկրորդը՝ ասեցի՝ միեւնույն է, ստվերային պրեզիդենտը ես եմ, ոչ թե դու: Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը ջղայնացած դուրս եկավ դահլիճից: Ինձ չէր հետաքրքրում՝ ով դուրս կգա, ով ներս կմտնի, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Եթե չասեմ այն, ինչ մտածում եմ, ուրեմն ես ազատ մարդ չեմ»:

Դիտարկմանը, որ Քոչարյանը նկրտումներ ունի նորից գալ իշխանության՝ Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Հա, բա ոնց, դե Պուտինի … -ն են»:

Ռուբեն Հախվերդյանը մեջբերեց Զորի Բալայանին. «Ասում է՝ մենք ֆորպոստն ենք Ռուսաստանի: Ֆորպոստի հետ ինքը կարող է վերաբերվի ոնց ուզենա: Ուկրաինացին գլխի ընկավ, վաղը Բելառուսը նույնպես պիտի դուրս գա այնտեղից, Թաթարստանը… Կամ պիտի գավառների բաժանի՝ վերջացավ, գնաց: Ինքը չի կարողանում ինքնակողմնորոշվել ու մի հատ պետություն սարքել, որտեղ դիմելու ձեւ կա, խոսելու ձեւ կա: Իրենց մոտ սաղ ինչ-որ պանյատներով, գողական գաղափարներով ապրող ժողովուրդ են»:

Այն, որ մենք ուղղակի շանս չունենք Ռուսաստանի կցորդը չլինելու, այլընտրանք չունենք՝ Հախվերդյանը համաձայն չէ. «Դա ասողները անասուններ են: Հետեւելով վերջին իրադրություններին, ԱՄՆ-ի վերաբերմունքը մեր նկատմամբ, անշուշտ, նա ունի իր շահերը, ես այնքան հիմար չեմ, որ կարծեմ՝ նա մեր սիրուն աչքերի համար է ընդունել ցեղասպանությունը, բայց համենայնդեպս նա զենքեր է առաջարկել: Ֆրանսիան էլ մեզ երկու անգամ զենք է առաջարկել, վարչապետ կոչվածը չի վերցրել, ուրեմն Պուտինը մեզ ստիպում է մենակ իրենից զենք առնել, մինչդեռ Շուշիի վրա կրակեցին վերջին սերնդի «Իսկանդերով» ու ռուսական զենքով գրավեցին: Նա Էրդողանի հետ եղբայրություն է անում ու կանի: Պուտինը ցույց տվեց, որ ուրիշ ելք չունի, որովհետեւ իր հետ միակ առեւտուր ու ընկերություն անողը թուրքն է: Շուկան հիմնված է Թուրքիայի վրա: Կպատժվեն վստահաբար թե՛ Թուրքիան, թե՛ ՌԴ-ն ու կպատժվեն ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի կողմից: Ես մեկ-մեկ մտածում եմ՝ ավելի լավ է մտնենք Պարսկաստանի կազմի մեջ, բայց ոչ երբեք Ռուսաստանի, որովհետեւ այնտեղ լուծվելու խնդիրը չկա: Այն Մարգարիտա Սիմոնյաններին, Կուրղինյաններին, բանին ես կուզենամ ասել, որ դրանց թոռներին, մեկ է, ռուսներն ասելու են արմյաշկա: Նրանք, ովքեր գովերգում են Պուտինին, նրանք հենց արմյաշկաներ են: Մենք հայեր ենք: Իրենց, մեկ է, նայելու են որպես արմյաշկա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախքան քո ծնվելը Երևանը ղարաբաղցիների քաղաք է եղել՝մտավորակնների մեծ մասը ծագումով Ղարաբաղից են եղել,իսկ դու որտեղից ես?…:Տասը տարի առաջ հպարտանում էիր՝Ռոբերտ Քոչարյանը քեզ քաղաքի կենտրոնում երեք սենյականոց բնակարան էր նվիրել…:Չգիտեմ քեզ մեղադրել թե? հոդվածը հրապարակողին…..

  2. Gohar says:

    Ափսոս, ժամանկին՝ 65-70- ականներին վազում էինք նրա համերգներին, հիմա տեսա , որ ծերունական դեմենցիայով , մարազմով է տառապում։ Ի՞նչ կլինի, որ շրջանցեք նրան ու չ՛հրապարակեք։ Կանխեք նրա մինչև վերջ ներքև գլորվելը։

  3. Armen says:

    Ռուբեն Հախվերդյանի նմանները շատ լինեին, էս օրին չէինք լինի: Նրա մտորումները ամեն մարդու խելքի բանը չէ:

  4. Garo says:

    Սերժը ճիշտա ասում, որ 2018-ի շարժումը հակաղարաբաղյան շարժում էր. Էս Ռուբիկի պես մտածողներ իրականում սատ կան ես կասեյի շատ շատ ուղղակի իրանք բացահայտ չեն ասում են ինչ Ռուբիկնա ասում.

    Հենց էտ ղարաբաղյան կլան տերմինը արդեն հակաղարաբղյանա.
    Օդից առաջացած տերմինա. Փաշինյանը որ եկավ իշխանության աներձագին, ախպոր տղուն, իր թերթի ողջ անձնակազմին, քավորի եղբորը մտցրեց ԱԺ, քավորին նշանակեց Իջևանի քաղաքապետ.

    Քոչարյանի աներձագին, ախպոր տղուն մինչև հիմա ովա ճանաչում՞
    Թող մի հատ մոտ ազգականի անուն տան, որ Քոչարյանը խցկելա ԱԺ կամ ինչ որ բարձր պաշտոնի.
    Հիմա ովա կոռումպացված, Հրաչիկի փեսեն, Սիփանիկի հոպարը թե Քոչարյանը՞

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930